
Թուրքիայի Ազգային մեծ ժողովն արձագանքել է Մշո Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին վերականգնելու հարցով Սասունի հայերի սոցիալական փոխօգնության և մշակութային համերաշխության միության ներկայացրած դիմումին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Սասունի հայերի սոցիալական փոխօգնության և մշակութային համերաշխության միությունն ավելի վաղ դիմում էր ներկայացրել մեջլիս՝ պահանջելով քայլեր ձեռնարկել հայկական եկեղեցու վերականգնման և վանական համալիրի տարածքն ազատելու համար: Միության նախագահ Ազիզ Դաղջըն հայտնել է, որ թուրքական մեջլիսից եկած պատասխանում նշվում է, որ եկեղեցու ներկա վիճակի պատասխանատուների դեմ հետաքննություն սկսելու պահանջ է ներկայացվել:
Սասունի հայերի սոցիալական փոխօգնության և մշակութային համերաշխության միության ղեկավարը հիշեցրել է հայկական վանքի կարևորությունն ու պատմական արժեքը, մինչդեռ ներկայում դրա տարածքում կա 48 տուն և 6 հարդանոց: Դաղջըն նշել է, որ իրենք շարունակելու են իրավական պայքարը Մշո Սուրբ Կարապետի տարածքն ազատելու և այն վերականգնելու ուղղությամբ: «Մշո Սուրբ Կարապետ վանական համալիրում այլ կառույցների գոյությունը վիրավորանք է հայ համայնքի ուխտատեղի մեր եկեղեցու նկատմամբ: Ոչ ոք չի կարող ընդունել այդ վիրավորանքը», - ասել է Դաղջըն: