ԸՆԴՄԻՋՄԱՆԸ ՍՈՒՐՃ ՈՒ ՇՈԿՈԼԱԴ ԵՆ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հայտարարել էր. “Անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել, չնայած որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ”: “Ժողովուրդ”-ն այս առթիվ զրուցեց երկու մարզպետերի հետ՝ պարզելու, թե իսկապես մեր երկրում աշխատատեղեր կան, եւ իսկապես մեր բնակչությունը չի ուզում աշխատել:
Արմավիրի մարզպետ ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
-Պարո՛ն Ղահրամանյան, Ձեր մարզում որքա՞ն “բաց” աշխատատեղեր կան: Ձեր մարզո՞ւմ էլ բնակչությունը նախընտրում է չնչին նպաստ ստանալ, բայց բարձր աշխատավարձով չաշխատել:
-Մեր մարզը հանրապետության երեւի միակ մարզերից մեկն է, որ գյուղատնտեսության հիմնական արտադրատեսակների արտադրությամբ է զբաղվում եւ տարվա կտրվածքով փետրվարից մինչեւ նոյեմբեր ամիս գյուղատնտեսության բնագավառում աշխատատեղեր ունի: Եւ մեկ օրվա վարձը գրեթե 5 հազար դրամ է, դեռ ընդմիջմանն էլ սուրճ ու շոկոլադ են տալիս:
-Մարդիկ աշխատո՞ւմ են շոկոլադով եւ սուրճով ընդմիջումների պայմաններում, թե՞ գերադասում են աղքատության նպաստ ստանալ: 
-Ես մի հասարակ օրինակ բերեմ. Էջմիածնում “դոմիկում” ապրող մի ընտանիք ունենք, որտեղի բնակիչը գնում էր նպաստներ ստանալու, եւ երբ մենք իրեն առաջարկեցինք աշխատանք Էջմիածնի սանմաքրման գրասենյակում 80-90 հազար դրամով, ասաց՝ ավելի լավ է ես ողորմություն խնդրեմ: Էդ բնակիչն ասաց, թե դրանով ավելի շատ գումար կստանա:
-Այսինքն՝ Դուք բոլորին աշխատանք եք առաջարկում, ու այժմ նույնիսկ աշխատողների պակա՞ս կա: Քաղաքացիներն իսկապե՞ս ծուլություն են անում:
-Ես միանշանակ եմ ասում, որ մեր մարզում գյուղատնտեսության բնագավառում աշխատողների կարիք ունենք: Դե նայած. մի մասն ուզում է աշխատել, աշխատում է, մի մասն էլ չի աշխատում: Գիտեք ինչ կա՝ ծուլության հետ կապված… ընդհանրապես Արմավիրի մարզի ժողովուրդն աշխատող ժողովուրդ է, քրտինքով հաց քամող ժողովուրդ է:
-Կոնկրետ կարո՞ղ եք նշել, թե Ձեր մարզում քանի տոկոս է կազմում գործազրկությունը:
-Ամենաքիչ գործազրկությունն Արմավիրի մարզում է, մենք ունենք գործազրկություն, բայց դա էլ հիմնականում քաղաքներին է վերաբերում: Այդ հարցն էլ է լուծելի: Կոնկրետ չեմ կարող որեւէ բան ասել:
Կոտայքի մարզպետ ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
Պարո՛ն Շահգալդյան, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե բնակչությունը նախընտրում է նպաստ ստանալ, միայն թե չաշխատի: Ձեր մարզում իսկապե՞ս նման իրավիճակ է տիրում:
-Նախ՝ ես գործուղման մեջ էի, վերադարձել եմ երեկ, այսօր եմ անցել աշխատանքի (երեկ-Ս. Գ.), վարչապետի հայտարարությանը ծանոթ չեմ:
-Բայց պետք չէ ծանոթանալ վարչապետի հայտարարությանը, խնդրում եմ որպես մարզպետ ուղղակի ասեք՝ Ձեր մարզում աշխատատեղեր կա՞ն, եւ արդյոք ՀՀ քաղաքացիները հրաժարվում են աշխատել:
-Դե հիմա ես էլ ասում եմ՝ ծանոթ չեմ վարչապետի հայտարարությանը, հետո էլ մարզպետարանն աշխատատեղ առաջարկող հիմնարկ չէ: Զբաղվածության կենտրոններն են տեղյակ՝ կան աշխատատեղեր, թե ոչ: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք չեն ուզում աշխատել, բայց հո մասսայական էդպե՞ս չէ: Մարդ կա՝ աշխատանք է ուզում՝ աշխատելու, եկամուտ ունենալու համար, մարդ էլ կա՝ չի ուզում աշխատի, իհարկե կան:
-Այսինքն՝ մարզում առաջարկվում է 100-120 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղ, բայց քաղաքացիները նախընտրում են 30-50 հազար դրամ նպա՞ստ ստանալ:
-Նույնիսկ մարդ կա՝ չի էլ նախընտրում նպաստ ստանալ, այլ օրվա վարձով է ուզում աշխատի՝ 4000-5000 դրամ: Հիմա ես ծանոթ չեմ վարչապետի հայտարարությանը, կարող է մի ընդհանուր բանի մասին է խոսք եղել, վարչապետն էլ շատ ճիշտ արտահայտվել է: Հարցրե՛ք էն մարզպետերից, որոնք այդ պահին այդ մասին տեղեկացել են: Դրա համար պետք է նաեւ աշխատաշուկայի ուսումնասիրություններ կատարեք, կպարզեք՝ աշխատատեղեր կան, թե ոչ: Մարզպետարանն աշխատատեղերի հաշվեգրում չի անում եւ այդպիսի տեղեկատվության չի տիրապետում:
-Բայց մարզպետը եւս պետք է տեղյակ լինի, թե իր մարզում որքան է գործազրկության տոկոսը: Դա Ձեզ չի՞ հետաքրքրում:
-Ես պատկերացում ունեմ մարզի մասին, բայց ես այս դրությամբ աշխատաշուկայի ուսումնասիրություն չեմ արել եւ տեղեկատվության չեմ տիրապետում: 
Հ.Գ. Հետաքրքիր է՝ ՀՀ վարչապետը որ մարզի մասին էր խոսում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս