Հայաստանը ներկայացնող մարզիկ Միհրան Հարությունյանը երեկ Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում նվաճեց արծաթե մեդալ:
66 կգ քաշային կարգի եզրափակիչում Հարությունյանը 0:2 հաշվով պարտվեց ռուս Արտյոմ Սուրկովին: Առաջին մրցափուլն ավարտվեց 0:0, սակայն երկրորդում հայ մարզիկը նկատողություն ստացավ և միավոր շնորհվեց ռուս մարզիկին: Դրվագներից մեկում էլ հայ մրցավարները բողոքեցին, բայց այն հաշվի չառնվեց:
Մինչ այդ հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 8:5 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Հասան Ալիևին, 6:0 հաշվով պարտության էր մատնել իսպանացի Սանչես Նավարոյին, 8:0 հաշվով հաղթել էր բուլղարացի Կոնստանտին Ստասին և 9:1 հաշվով` սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչից:
Իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը մենամարտեց թուրք Մետեհան Բասարի հետ և պարտվեց 0:3 հաշվով:
Նախորդ գոտեմարտերում հայ ըմբիշը 9:0 հաշվով հաղթանակ էր տարել ադրբեջանցի Սաման Տահմասեբիի նկատմամբ, 8:1 հաշվով հաղթել էր չեխ Արտուր Օմարովին, լիտվացի Ալեքսանդր Կազակևիչին, իսկ կիսաեզրափակիչում 4:12 հաշվով պարտվել էր Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենյուկին:
Այսպիսով, Հայաստանը մեկ մեդալ ունի Եվրոպական խաղերի երկրորդ օրվանից հետո: Ներկայացնում ենք հայ մարզիկների հաղթական գոտեմարտերը` ադրբեջանցի մարզիկների նկատմամբ: