ՀԱԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՐ ԴԵՄ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունում իրավիճակը բավականին լարված է: Բանը հասել է նրան, որ արդեն խորհրդարանական քվեարկություններն են դուրս եկել «կոնտրոլից». պատգամավորները նախքան քվեարկությունը թեժ քննարկումներ են ունենում, որից հետո, սակայն, խմբակցությունում նույն հարցի շուրջ մի քանի տարբեր դիրքորոշումներ են լինում: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ նույն իրավիճակը ստեղծվել է նաեւ 2014թ. բյուջեի կատարողականի քվեարկությունից առաջ: Նախօրեին երեկոյան ԱԺ ՀԱԿ խմբակցությունը քննարկում է ունեցել այդ հարցի վերաբերյալ, որի ընթացքում խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հորդորել է շառից-փորձանքից հեռու մնալու համար 2014 թվականի բյուջեի կատարողականի քվեարկությանը ուղղակի չմասնակցել: Սակայն առավոտյան խմբակցության անդամներն իրենց որոշումը փոխել են:

Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության քննարկմանը մասնակցել են Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանն ու Լյուդմիլա Սարգսյանը: Պատգամավորները համաձայնության են եկել քվեարկությանը չմասնակցելու որոշման շուրջ եւ միմյանցից բաժանվել: Իսկ առավոտյան արդեն Լեւոն Զուրաբյանը պատգամավորներին տեղեկացրել է, որ պետք է դեմ քվեարկեն: Արդյունքում ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լ. Սարգսյանը որոշել է ի գիտություն ընդունել խմբակցության առաջին որոշումը ու չմասնակցել քվեարկությանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Լյուդմիլա Սարգսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է նա որոշել չմասնակցել 2014 թվականի բյուջեի կատարողականի քվեարկությանը:
-Ճիշտն ասած՝ նախօրեին խմբակցության նիստի ժամանակ, որին ես ներկա էի, ընդհանուր կարծիքի եկանք, որ պետք չի ընդհանրապես քվեարկել, ըստ էության, ինչ-որ բաներ արվել են, բայց դա բավարար չէ: Մենք համարեցինք, որ ամենաճիշտը չքվեարկելն է: Որոշումը փոխվել էր այսօր, բայց ես մնացի իմ նախկին որոշմանը: Նախ նոր որոշման մասին իրոք տեղյակ չէի, որովհետեւ երբ իրենք այդ որոշումը կայացրել են, ես տեղյակ չեմ եղել, ես քվեարկել եմ այնպես, ինչպես նախորդ օրը մենք որոշել էինք:
-Կարծես թե ԱԺ ՀԱԿ խմբակցությունում լարված մթնոլորտ է վերջին ժամանակահատվածում…
-Չեմ կարծում, մենք բոլորս անհատներ ենք, մենք բոլորս ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն եւ իրավունք ունենք. մենք հարգում ենք մեկս մյուսի որոշումները:
-Սակայն վերջերս ԱԺ ՀԱԿ խմբակցությունում նույն հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ են հնչում: Ի՞նչ խնդիր կա, կարելի է ասել՝ խմբակցության անդամներդ խորհրդարանական աշխատանքներում եւս պասիվացել եք, նախկին ակտիվությունը չեք ցուցաբերում, ինչո՞ւ:
-Խմբակցության մասով ինչ տեսանելի է, Դուք տեսնում եք, ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա ինչպես բոլոր կուսակցությունները զբաղված են իրենց խնդիրներով, մարզային կառույցներով, հավանաբար ՀԱԿ-ը՝ նույնպես: Ինչպես գիտեք՝ ես այլ կուսակցություն եմ ներկայացնում, ես նույնպես զբաղված եմ ե՛ւ օրենսդրական աշխատանքով, ե՛ւ մեր վարչությունը զբաղվում է մարզային կառույցների հետ աշխատանքով, համալրումով եւ այլն: Վերջ ի վերջո, ՀՀ-ում այնպիսի մի իրավիճակ է, որ սոցիալական վիճակը շատ ծանր է, տպավորություն կա, որ պատերազմի նախաշեմին ենք ու մենք պետք է ամեն իրավիճակի պատրաստ լինենք:
-Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ներկայումս պառակտված է, ամեն մեկն աշխատում է առանձին, ամեն մեկն իր դիրքորոշումն է ներկայացնում: Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել խմբակցությունում:
-Մենք միշտ էլ մեր սեփական մոտեցումներն ենք ունեցել եւ արտահայտել ենք, իսկ ես դա պառակտում չեմ համարում: Ես համարում եմ ստեղծված իրավիճակին համարժեք պահվածք ու համարում եմ, որ որեւէ պառակտում չի կարող լինել: Այն, ինչ կա, դա նորմալ է ու այդպես էլ շարունակվելու է: Ես ուղղակի համարում եմ, որ այն ժառանգությունը, որը Հովիկ Աբրահամյանը ստացել է Տիգրան Սարգսյանից, դա մի խայտառակ ժառանգություն է, ու դա իմ տեսակետը լինելով՝ ես արտահայտում եմ նաեւ խմբակցությունում: Իսկ այդ ժառանգության հետքերը մենք դեռեւս շատ երկար մեզ վրա զգալու ենք: Որպես մարդ, անկեղծ եմ ասում, ես տեսնում եմ Հովիկ Աբրահամյանի աշխատանքը, տեսնում եմ, որ անընդհատ փորձում է ինչ-որ քննարկումներ, ինչ-որ լուծումներ առաջարկել, բայց քանդված տնտեսությունը չի կարող այսօր արդյունք տալ: Դա շատ լուրջ ծրագրերի ներդրման եւ երկարաժամկետ աշխատանքի արդունք պետք է լինի: Ես չեմ ուզում այժմ շատ խիստ դատել Կառավարությանը, քանի որ հասկանում եմ, որ այս իրավիճակում իրենք չեն կարող կտրուկ փոփոխությունների գնալ:

 

 

 

 

ՀՅԴ-ԱԿԱՆԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ԹԻՐԱԽ ԴԱՌՆԱԼՈՒՑ

Երեկ խորհրդարանում քննարկվեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես եկան ելույթներով: Պարզվեց` հայրենի պատգամավորներին դուր չի գալիս, երբ լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին: Նրանք հերթով հաճոյացան նախարարին եւ իրենց քննադատությունն ուղղեցին լրատվամիջոցներին` առանց տարբերակելու՝ արդյոք թիթեռնիկի կյանք ունեցող կայքերը, որոնցում այդ տեղեկությունները հրապարակվում են, եւ որոնց ծառայություններից ամենից հաճախ հենց նույն իշխանություններն են օգտվում, կարելի է համարել լրատվամիջոց:

Նախ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կոչ արեց ԶԼՄ-ներին, որ այլեւս թիրախ չդարձնեն ՊՆ նախարարին եւ անհիմն հարձակումներ չգործեն նախարարի դեմ: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես անդրադարձավ այդ խնդրին. «Իշխանություններին կարելի է եւ պետք է քննադատել, բայց չի կարելի նույնացնել իշխանությունն ու հայրենիքը: Չի կարելի ամեն ինչի չափն անցնել: Մենք չպետք է անենք այն, ինչը ձեռնտու է մեր հարեւաններին… Բերեք ապրենք հանուն հայրենիքի, մեր ընտանիքի, մենք էլ խաղաղ կլինենք: Ամոթ է, բերեք փայփայենք մեր բանակը, բանակի պատասխանատուներին, մեր զինվորին: Պաշտպանության նախարարությունը մեր բոլորինն է, իշխանությունն իր հոր տնից չի բերել»:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից պարզել, թե ինչու է որոշել ստանձնել ՀՀ պաշտպանության նախարարի «պաշտպանի» դերը` բոլոր «մեղքերը» գցելով լրատվամիջոցների վրա:
-Երբ անձի վերաբերյալ, նրա ընտանիքը դարձնելով թիրախ, նման հարձակումներ են գործվում, բնական է, որ մարդը պետք է իր իրավունքները պաշտպանի: Ես դիմելով լրատվամիջոցներին, բոլոր այն անձանց, ովքեր քիչ թե շատ կարեւորում են պաշտպանության բլոկը՝ կոչ եմ արել զերծ մնալ նման բաներից: Մարդու անձնական կյանքը, երբ որ դարձնում են այսպիսի քննարկումների առարկա, դա անթույլատրելի է: Երբ ես թերթում կարդում եմ, որ ինչ-որ հաղորդման ժամանակ լողացող պաշտպանության նախարարի մասին գրում են կաղ սատանա… զինվորները զոհվում են, իսկ դու լողում ես, կաղ սատանա, սա ի՞նչ է, սա ո՞ւմ դեմ է ուղղված, անձի՞: Իսկ ես համոզված եմ, որ սա ուղիղ ուղղված է պաշտպանության ամբողջ համակարգի դեմ:
-Փաստորեն, Դուք համարում եք, որ Սեյրան Օհանյանն այժմ «պաշտպանության» կարիք ունի՞ լրատվամիջոցներից:
-Ոչ, ես կոչով հանդես եմ եկել որպես մարդ, որպես ՀՀ քաղաքացի, որպես ԱԺ պատգամավոր: ՈՒ չեմ վախենում, եթե լրատվամիջոցները ինձ պետք է թիրախ դարձնեն, թող դարձնեն, բայց ինչը որ ճիշտն է, ես դա ասում եմ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՏԱԿԱՎԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը, որը հայտնի է միայն մի արժանիքով՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հովանավորյալն է, պարզվում է՝ բավականին մեծ ունեցվածքի տեր է: Պատգամավորի դրամական միջոցները 2014 թվականի վերջին, ըստ նրա հայտարարագրի, կազմել են 100 մլն դրամ, 180 հազար դոլար եւ 30 հազար եվրո: Նա անցած տարվա ընթացքում 28 մլն դրամով բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է վաճառել, ինչպես նաեւ «Volkswagen Jetta 2.8» մակնիշի ավտոմեքենա է գնել: Տեղեկացնենք, որ Վահրամ Մկրտչյանի պատգամավորական տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 711 հազար դրամ:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը մինչեւ 2001 թվականը ԱԺՄ անդամ էր: Հետագայում նա եւ Սեյրան Ավագյանը (ներկայումս ՀՀ վերահսկիչ պալատի անդամ) հիմնեցին ՀԺԱՄ կուսակցությունը: Սկզբում Ավագյանն էր այդ կուսակցության նախագահը, հետո՝ Մկրտչյանը: Ի վերջո, 2012-ին Վահրամ Մկրտչյանը վերջնականապես կողմնորոշվեց եւ դարձավ հանրապետական: Ավելին՝ նա այնքան հանրապետական դարձավ, որ անգամ պատգամավորի մանդատ ստացավ: Վահրամ Մկրտչյանը նաեւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահն է, որի հովանավորը նույն Բարսեղ Բեգլարյանն է՝ Սերժ Սարգսյանի երեխաների քավորը: Վահրամ Մկրտչյանի կենսագրականում ոչինչ չկա այն մասին, որ նա երբեւէ հաջողակ գործարար է եղել: Ուստի նրա` վերը բերված ունեցվածքի ծագման աղբյուրն էլ անհայտ է:

 

ՋՈՒՐՆ ԷԼ Է ԹԱՆԿԱՑԵԼ
«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ գարեջրի առաքիչները հանրային սննդի սպասարկման օբյեկտներին արդեն իսկ տեղեկացնում են, որ նոր ապրանքը թանկացված գներով են ստանալու: Պարզվում է՝ հանրային սննդի սպասարկման օբյեկտներին թանկացման «ավետիս» են հաղորդել նաեւ հանքային ջրերի առաքիչները: Մասնավորապես, թանկացման մասին արդեն իսկ զգուշացրել են «Ջերմուկ» հանքային եւ «Բյուրեղ» աղբյուրի ջրերը առաքողները: Ի դեպ, երբ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց նշված գործարանի պատասխանատուներին, այնտեղից մեզ պատասխանեցին, որ նման բան չկա, եւ իրենց ապրանքը չի թանկացել:

 

ԼԻՑԵՆԶԻԱ ԿՏՐՎԻ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Որոտանի ՀԷԿ»-ի նոր սեփականատեր ամերիկյան «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն 2015 թվականի հունիսի 8-ին հայտ է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ լիցենզիա ստանալու համար: Նշված ընկերությանը լիցենզիա կտրամադրվի «Սպանդարյան», «Շամբ» եւ «Տաթեւ» հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համապատասխան որոշումը նախատեսում է հաստատել իր հունիսի 17-ի նիստում: Լիցենզիան տրամադրվելու է քսանհինգ տարի ժամկետով:




Լրահոս