ՆԱ ՄԻՇՏ ԿՄՆԱ ՄԵՐ ՍԻՐԵԼԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարգելի՛ ընթերցող, մեր թողարկման այս համարում պետք է լույս տեսներ ռադիո «Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանի հետ հարցազրույցի շարունակությունը, սակայն մեր սիրելի երգչուհու՝ Ֆլորա Մարտիրոսյանի վաղաժամ, անդառնալի կորուստը ստիպեց մեզ մեր թերթի այս համարում ներկայացնել նրա մտերիմների, ընկերների հիշատակի խոսքը: Իսկ տիկին Արեւշատյանի հետ հարցազրույցի երկրորդ մասը կարող եք կարդալ հաջորդ համարում:
Հիշեցնենք, որ երգչուհին մահացել է նոյեմբերի 20-ին, նախնական վարկածի համաձայն՝ հետվիրահատական բարդությունների պատճառով, սակայն մինչեւ հիմա չկա ո՛չ բժշկի, ո՛չ հիվանդանոցի վերջնական եզրակացությունը: Ստացվում է, որ երգչուհու մահվան մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չունենք: Տիկին Ֆլորայի մտերիմների խոսքով՝ նա երբեք էլ  առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել, ինքն իր ոտքով գնացել է հիվանդանոց՝ լեղապարկից քարը հեռացնելու նպատակով:
Կոմպոզիտոր ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ համար դժվար չի եղել ծանոթանալ Ֆլորա Մարտիրոսյանի հետ, քանի որ ինքը Վալյա Սամվելյանի որդին է. «Նա իմ մայրիկի հետ էլ շատ ջերմ հարաբերություններ ուներ, եւ նրան այդ տարիներից եմ հիշում, նրա՝ դուդուկի պես թավ  ձայնը երբեք չեմ մոռանա: Շատ բարձր եմ գնահատում Ֆլորա Մարտիրոսյանի երգը, մարդկային տեսակը, շատ լավ ընկեր էր, լավ զրուցակից եւ Գյումրվա արմատներ ունենալով՝ հումորը միշտ իր հետ էր: Ինքս էլ բախտ եմ ունեցել նրա հետ համագործակցելու, ձայնագրել ենք «Դլե յաման», «Իմ հայրենիք» երգերը: Ֆլորան մեղվի պես աշխատասեր, հայրենասեր էր: Ցավակցում եմ նրա հարազատներին ու երկրպագուներին, նրա հիշատակը միշտ վառ կմնա»:
Ամերիկաբնակ հաղորդավար ԱՐԱ ԿԱԶԱՐՅԱՆԸ, որը շատ մտերիմ է եղել տիկին Ֆլորայի հետ, ցավով նշել է, որ հավերժություն գնացին իր երեք հարազատ ընկերները` Էլվինա Մակարյանը, Տաթեւիկ Ղափլանյանն ու Ֆլորա Մարտիրոսյանը. «Երեքն էլ այնքան սիրելի, այնքան հարազատ, այնքան անկրկնելի: Մեկը մյուսի հետեւից, ինչո՞ւ: Նրանցից յուրաքանչյուրի հեռանալով կյանքիս մեջ մի դատարկ փոս ա առաջանում: Ինչո՞ւ ա Աստված նման որոշումներ կայացնում»:
Երգչուհի ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆՆ էլ տիկին Ֆլորայի մտերիմներից էր, նրանք ամիսներ շարունակ աշխատում էին «Ժողովրդական երգիչ» նախագծում. «Ամբողջ իմ գիտակցական կյանքի ընթացքում սիրել եւ լսել եմ իրեն ու չէի էլ պատկերացնի, որ կգա մի օր, երբ նրա հետ  զուգերգ կերգեմ: Էստեղ հաճախակի համերգներ էր ունենում ու մի օր էլ ինձ հրավիրեց, միասին Շերամ երգեցինք: Ինձ համար դա անմոռանալի պահ էր:
Նախագծի ժամանակ մենք միասին ցավել ենք մեր մասնակիցների համար, ապրումներ ենք ունեցել, նույնիսկ լաց ենք եղել իրար հետ: Ես այնքան երջանիկ եմ, որ իրեն ճանաչել եմ: Հրաշալի անձնավորություն էր, ջերմ, բարի, հարազատ, ժպիտը երեսին: Նույնիսկ եթե չէր էլ ժպտում, նրա աչքերն էին ժպտում, դրական էներգիայով բոլորիս վարակում էր: Ես զարմանում եմ, թե ինչու են նման մարդիկ այդքան շուտ գնում: Ինքը ֆենոմենալ սիրված էր»:
Երգիչ ԱՆԴՐԵԻՆ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան լուրը մեծ ցավ է պատճառել. «Երանի չարթնանայի, չիմանայի: Ինչ մեծ կորուստ է, իմ մեծ սրտով ու բարի՛ ընկեր, հա՛յ ազգի լեգենդ… Չիրագործած ինչքա՜ն ծրագրեր ունեինք իրար հետ, չկատարած քանի՜ դուետ, ինչքա՜ն բան չենք հասցրել խոսել: Անբացատրելի ցավ, ի՜նչ դժվար է առանց քեզ, Ֆլորա՛ ջան»:
Երգահան, երգիչ ՀԱՅԿՈՆ էլ, ճիշտ է, չի հասցրել համագործակցել տիկին Ֆլորայի հետ, բայց միշտ ջերմ եւ ընկերական հարաբերությունների մեջ են եղել. «Ֆլորան ինձ համար հայկական երաժշտության սիմվոլ է եղել, որովհետեւ ինքը շատ լավն էր թե՛ որպես մարդ, թե՛ որպես երաժիշտ: Շատ ցավում եմ, որ իրեն կորցրինք եւ հիմա իրեն մեր կողքին չունենք: Առավել ցավում եմ, որ ինքը Հայաստանում չէ: Շատ կցանկանայի, որ Հայաստանում լիներ»:
Հայազգի բռնցքամարտիկ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ, իմանալով Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին, անմիջապես ցավակցել է նրա հարազատներին, մտերիմներին, ընկերներին. «Տիկին Ֆլորայի կորուստը ծանր է ոչ միայն հարազատների եւ մերձավորների, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան եւ գնահատում այնպիսին, ինչպիսին կար: Շատ կատակասեր էր, նվիրված,  հոգատար, բարի… Մեզ հետ են նրա երգերը, գործերը, սերը…»:
Ամերիկաբնակ երգիչ ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆԸ եւս շատ է տխրել. «Տիկին Ֆլորայի մահվան լուրն ինձ տանջեց: Ցավում եմ, որ շատ ջահել, շատ տաղանդավոր հայ երգչուհին մեզ լքեց: Մենք միշտ կլսենք ու երբեք չենք մոռանա նրան ու նրա կատակները: Աստված հոգին լուսավորի»:
Շոումեն ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ էլ մեզ հետ զրույցում ասաց. «Չեմ հասկանում՝ ինչու են հեռանում նրանք, ովքեր պետք է եւ պարտավոր են ապրել, որովհետեւ իրենց կյանքով նրանք մնացածին տալիս են լույս եւ հույս: Ֆլորա Մարտիրոսյան, խոսքեր չկան: Անդառնալի կորուստ համայն հայության համար»:
Հ.Գ. Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը Հայաստան տեղափոխելու հարցը դեռ քննարկման փուլում է, որոշումը պետք է կայացնեն երգչուհու ամուսինն ու երեխաները: Ամենայն հավանականությամբ, երգչուհուն կտեղափոխեն Հայաստան: Նշենք նաեւ, որ Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը՝ Հրահատ Գեւորգյանը, առողջական խնդիրներ ունի եւ ԱՄՆ-ում գտնվում է բժիշկների հսկողության տակ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս