ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԽԱԲԵԼ ԵՆ ՈՒ ՔԻՉ ՎՃԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանում գործատուները համատարած ոտնահարում են իրենց աշխատակիցների իրավունքները, նորություն չէ: Սակայն այն, որ պետական եւ համայնքային նշանակության հիմնարկներում, այն էլ դպրոցում կարող են կոպտորեն խախտելով օրենքը` ոտնահարել աշխատակցի իրավունքը, արդեն համապատասխան մարմինների ուշադրության առարկան պետք է դառնա: Հենց այսպիսի խնդրով է «Ժողովուրդ»-ին դիմել Երեւանի բնակիչ Ալբերտ Գեւորգյանը, ով 2013 թվականին որպես պահակ աշխատել է մայրաքաղաքի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում: Քաղաքացու պնդմամբ՝ նշված դպրոցում իր իրավունքները ոտնահարվել են, եւ նա մինչ օրս չի ստացել իր աշխատավարձի վերջնահաշվարկը:

«Ժողովուրդ»-ին դիմած Ալբերտ Գեւորգյանը պատմեց, որ դեռեւս 2013 թվականին ընդունվել է Երեւանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց` որպես պահակ: Սակայն մոտ երկու տարի աշխատելուց հետո իր նկատմամբ տեղի ունեցող անարդարությունների հետ չհամակերպվելով՝ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս պահին նա դեռ աշխատանք չունի:
Քաղաքացու պատմելով՝ 2013 թվականի հուլիսի 1-ին, երբ ՀՀ Կառավարությունը բարձրացրեց նվազագույն աշխատավարձը, իր աշխատավարձը 46 հազար դրամից դարձավ 59 հազար 500: Բացի այս, ըստ Կառավարության որոշման՝ բարձրացված աշխատավարձին պետք է գումարվեր նաեւ 30 տոկոսին համարժեք հավելավճար, որը դիտվելու էր որպես գիշերային վճար: Սակայն «ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացու խոսքերով՝ նա այդպես վճարվել է միայն 2013-ի օգոստոսին, իսկ, ահա, սեպտեմբերից դպրոցի տնօրինությունը հանել է այդ գիշերային հավելավճարները եւ այն դարձրել ժամավճար, ինչի արդյունքում պահակի ստացած աշխատավարձը մոտ 50 տոկոսով նվազել է:
Ալբերտ Գեւորգյանի խոսքով` նշված դպրոցում աշխատելու տարիներին ոտնահարվել են իր աշխատանքային իրավունքները, եւ նա իր ձեռքի տակ ունի դա հաստատող փաստաթղթեր:
«2013 թվականի սեպտեմբերից ավարտվեց Կառավարության որոշման ուժը, քանի որ դպրոցի տնօրենն ու հաշվապահը, հովանավորվելով քաղաքապետարանի անհայտ պաշտոնյայի կողմից, կատարեցին հաշվարկ՝ հօգուտ սեփական գրպանի: Վերացրին մոտ 17 հազար դրամ գիշերային հավելավճարը եւ ստեղծեցին գիշերային ժամավճար: Նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածի համաձայն՝ գիշերային ժամավճարը բաղկացած է լինում միջին աշխատանքային ժամավճարից, ապա դրան գումարվում է ժամավճարի 30 տոկոսը եւ հետո բազմապատկվում եղած ժամերի քանակով: Իրականում հաշվապահը հայտնաբերեց միջին ժամավճարը, ստացավ 30 տոկոսը եւ առանց գումարելու ժամավճարին՝ բազմապատկեց ժամերի քանակով: Այսպես, դպրոցի յուրաքանչյուր պահակից կորզեցին ամսական մոտ 10 հազար դրամ»,- բացատրեց նախկին պահակը: Նրա համոզմամբ՝ նման հաշվարկն ապօրինի է, քանի որ քաղաքապետի կողմից կա հաստատված հաստիքացուցակ, որտեղ ժամավճարի մասին խոսք անգամ չկա:
Զրույցի ընթացքում տեղեկացանք նաեւ, որ անարդարության զոհ դարձած քաղաքացին մեկ տարի անընդմեջ դիմել է աշխատանքի պետական տեսչություն՝ ներկայացնելով փաստարկներ՝ իր բնորոշմամբ «անհեթեթ եւ ապօրինի հաշվարկների» վերաբերյալ, եւ խնդրելով ըստ գործող հաստիքացուցակի՝ քաղաքապետարանի միջոցով պարզաբանել ստույգ աշխատավարձի չափը: Սակայն նրա բոլոր դիմումները մնացել են անարձագանք: Այնուհետեւ քաղաքացին այս խնդրի շուրջ արդեն 2014 թվականի սեպտեմբերի 2-ին դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Ավելի քան տասը ամիս է անցել, սակայն այս կառույցից էլ դեռ որեւէ արձագանք չկա:
«Թող տպավորություն չստեղծվի, որ մի պահակ բոլորին ուզում է իրար խառնել մի երկու կոպեկի համար: Բայց այս դեպքում թալանում են Կառավարությանը, պետությանը: Համոզված եմ, որ բոլոր ՊՈԱԿ-ներում նույն ձեռագիրն է: Ու սարսափելին այն է, որ կատարողները մանկավարժներ են, ովքեր ձեւակերպում են առնվազն 10 անձ եւ յուրացնում աշխատավարձերը կամ մեկ հավաքարարին աշխատեցնում երեք հոգու տեղ: Սա արդեն դուրս է մանկավարժությունից»,- վրդովված նկատեց Գեւորգյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանի հետ, ով ասաց. «Շուրջ երկու տարի այս հարցով զբաղվում են բոլոր պատկան ատյանները: Ես չեմ հասկանում, թե ինչ ֆինանսական խախտման մասին կարող է խոսք լինել: Ի՞նչ է՝ այսօր դպրոցներում մարդիկ այսպիսի ինքնագործունեությամբ են զբաղվում: Հաշվապահը նման բան չի կարող իրեն թույլ տալ: Նա ոչ միայն իրեն թույլ չի տա ֆինանսական խախտում, այլեւ բարոյական: Նա վճարվել է եւ իր աշխատավարձն ամբողջովին ստացել է: Դպրոցի տնօրինությունը իրեն պարտք չէ, ես պնդում եմ դա: Կա նաեւ դա հաստատող բանկի քաղվածքները: Եւ տվյալ քաղաքացու իրավունքները չեն ոտնահարվել»:
Հ.Գ. Մեզ մնում է խորհուրդ տալ, որ յուրաքանչյուր քաղաքացի ծանոթանա եւ քաջատեղյակ լինի օրենքով սահմանված իր իրավունքներին եւ աշխատանքի ընդունվելիս կարողանա իր շահերից բխող պայմանագիր կնքել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օրենքով պարտադրել, որ պայմանագրային բոլոր պարտավորությունները կատարվեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՆ
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում հերթական խայտառակ փաստաթուղթն է ընդունվել, որը քվեարկության է դրվելու հունիսի 22-26-ին կայանալիք ԵԽԽՎ ամառային նստաշրջանում եւ դառնալու է բանաձեւ: Նախագծում բառացիորեն գրված է. «Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»:
ԵԽԽՎ-ում հայասատանյան պատվիրակության անդամ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորը մտահոգություն է հայտնել այս կապակցությամբ: ՀԺ-ի հետ զրույցում վերջինս ասել է.«Այս անգամ բանը բանից անցնում է, աբսուրդի է հասնում այս ամենը»: «Իրավիճակը կամաց-կամաց փոխվում է հօգուտ Ադրբեջանի եւ այդ փոփոխության հիմքում ընկած են նավթադոլարները, ուրիշ բան չկա: Կոռուպցիոն ճանապարհով իրենք հասել են ադրբեջանամետ մեծ լոբբիի ձեւավորմանը»,- ասել է Ռուստամյանը:
Այս առնչությամբ armlur.am-ը զրուցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանի ժամանակ քվեարկության է դրվելու հակահայկական եւս մեկ նախագիծ, որում ասվում է, որ «Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»:
-Նման բանաձեւ դեռեւս չի ընդունվել, դեռեւս ժամանակ կա` հասկանանք, տեսնենք` ինչ է տեղի ունենում: Ադրբեջանն օգտագործում է իր ֆինանսական միջոցները: Կարծում եմ, որ այդ բանաձեւը կարող է չընդունվել: Բայց եթե ընդունվի այդ բանաձեւը, կարծում եմ` դա որեւէ իրավական ուժ չի ունենա: Սա ուղղակի շահարկումների առարկա է դառնալու Ադրբեջանի համար: Քաղաքական նշանակություն ռեալ չի ունենա:
-Պարո՛ն Բաբայան, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը լուրջ մտահոգություն է հայտնել, որ կամաց-կամաց ԵԽԽՎ-ում իրավիճակը փոխվում է հօգուտ Ադրբեջանի: Դուք չունե՞ք նման մտահոգություն:
-Ադրբեջանի կողմից կա չափազանց ակտիվություն, ագրեսիվություն: Պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել: Նման բանաձեւի ընդունումը մեծ հարված կլինի ԵԽԽՎ-ին, որովհետեւ անհնար է նորմալ ժողովրդավարական աշխարհում նման բանաձեւ ընդունել: Եվ այդ բանաձեւին սատարողները կոպտորեն խախտում են նույն այդ կառույցին: Եթե այդպես է, ապա սա ոչ թե հարված է Արցախին, այլ միջազգային հանրությանն ու այդ կառույցի վարկանիշին: Թող իրենք մտածեն: Ադրբեջանն իր նավթադոլարներով կարողանում է գնել ամեն ինչ: Երեւի այնտեղ էլ սոցիալ-տնտեսական իրավիճակն այնքան բարվոք չէ, որ գնում են այդ քայլին:
-Իսկ նման հակահայկական զեկույցների կամ բանաձեւերի ընդունման մեջ հայկական պատվիրակության մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք:
-Այստեղ հայկական պատվիրակության թերության խնդիրը չէ: Այստեղ Եվրոպայի թերության խնդիրն է: Հիմա եթե իրենք գնում են, առնում են մի շարք պատգամավորների, ի՞նչ կապ ունեն հայկական պատվիրակության անդամներն այստեղ: Իրենք ամեն ինչ անում են: Սա արդեն Եվրոպայի խնդիրն է, սա արժեքների ճգնաժամ է, որի մասին բազմիցս ասել ենք նույն եվրոպական կառույցներում: Մի բան ասում են, մեկ այլ բան անում: Այդպես չի լինում, վերջապես իրենք պետք է կողմնորոշվեն:

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

 

 

 
ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ

Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի կողմից խոշոր չափերի յուրացում կատարելու գործով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում քննվող, ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով հարուցված քրեական գործի շրջանակներում անհրաժեշտություն է ծագել խուզարկություն կատարել Հ. Ներսիսյանի առանձնատանը:

Հունիսի 9-ին՝ ժամը 17-ի սահմաններում, խուզարկության մասին դատարանի որոշմամբ քննիչը այցելել է Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրեն, Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայր Հ. Ներսիսյանի առանձնատուն, սակայն բնակարանի դուռը փակ է եղել: Հ. Ներսիսյանը այդ ժամանակ Գետահովիտ գյուղում մասնակցել է իր աներձագի ծննդյան միջոցառմանը: Քննիչը նրա հետ հեռախոսակապ է հաստատել եւ հրավիրել խուզարկության վայր:
Մեր տեղեկություններով՝ Հ. Ներսիսյանը ներկայանալով՝ մտացածին է համարել խուզարկության կարեւորությունը եւ թողել-հեռացել է: Քննիչն էլ աննպատակահարմար է համարել բնակարանի խուզարկության հետաձգումը եւ որոշում է կայացրել դրա խոչընդոտները վերացնել: Նա տեսնելով, որ Հ. Ներսիսյանի առանձնատան 3-րդ հարկի պատշգամբը բաց է, Իջեւանի կոմունալ ծառայությունից ավտոկռունկ է հրավիրել եւ մուտք գործել Հ. Ներսիսյանի առանձնատուն, ուր հրավիրված ընթերակաների եւ ոստիկանների ներկայությամբ արձանագրություն է կազմել: Այդ ժամանակ տուն են մտել Հ. Ներսիսյանը եւ նրա հետ 10-12 անձինք, ովքեր խոչընդոտել են քննչական գործողության իրականացումը: Ներկա գտնվող ոստիկանները Հ. Ներսիսյանին փորձել են համոզել չխոչընդոտել խուզարկությունը, ապա ոստիկանության լրացուցիչ ուժեր են հրավիրել:
Սակայն ապարդյուն, խուզարկությունը ձախողվել է: Քննիչի գործունեությունը խոչընդոտելու համար Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածով: Այդ կապակցությամբ հունիսի 10-ին ձերբակալվել է Էդգար Ամիրյանը, ով խոչընդոտել է խուզարկության անցկացմանը: Այդ գործով նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ Իջեւանի նախկին քաղաքապետ, այժմ անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանի մտերիմ համարվող Է. Ամիրյանը մասնակցում էր այս տարվա մարտի 15-ին տեղի ունեցած Իջեւանի ավագանու ընտրություններին, նա 21 թեկնածուների մեջ ստացել էր ամենաքիչ` թվով 87 ձայն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս