Հայ ռազմագերին ցանկություն չի հայտնել պատասխանել հարազատների նամակին. նրանք տարակուսանքի մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ին հակառակորդի կողմում հայտնված պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը հարազատներից ստացած վերջին նամակին դեռևս չի պատասխանել: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Անդրանիկի քրոջ ամուսինը` Արմեն Հարությունյանը` հավելելով, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակից իրենց ասել են, թե Անդրանիկը չի ցանկացել պատասխան նամակ ուղարկել:

Արմեն Հարությունյանի փոխանցմամբ` ԿԽՄԿ-ից հայտնել են, որ Անդրանիկի վիճակը բավարար է, այնտեղ խնդիրներ չունի, առողջական վիճակից չի բողոքել. «Փոխանակման կամ երրորդ երկիր տեղափոխելու մասին որևէ խոսակցություն, ըստ Կարմիր խաչի, դեռևս չի եղել: Անդրանիկը ցանկություն է հայտնել հայրենիք վերադառնալու, սակայն մերժել են: Սպասում ենք, որ մի քանի օրից Կարմիր խաչից գան մեզ մոտ, խոսենք, հասկանանք` ինչ է լինելու, ինչ վիճակ է տիրում»:

Արմեն Հարությունյանը չկարողացավ մեկնաբանել` ինչը կարող է լինել Անդրանիկի` պատասխան նամակ չուղարկելու պատճառը: Նա նշեց, որ առաջին նամակում ափսոսանք է հայտնել հակառակորդի սահմանում հայտնվելու կապակցությամբ ու ասել, որ չի հասկացել` ինչպես է այդտեղ հայտնվել. «Ասում էր` ուզում է տուն վերադառնա, ընտանիքի մոտ լինի: Չենք հասկանում` ինչն է պատճառը, որ նման բան է արել: Երևի, չի գիտակցել, չի հասկացել: Ուրիշ խնդիր չէր կարող լինել: Հիմա տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում: Ամեն բան չի, որ ճիշտ են հայտարարում»:

Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ ռազմագերու ծնողները հուսահատ վիճակում են գտնվում, չեն կարողանում հասկանալ` ինչու իրենց որդու հետ պետք է նման բան կատարվի: Իսկ Անդրանիկի մայրը, ով առողջական խնդիրներ ուներ, ավելի վատ վիճակում է գտնվում, քան նախկինում էր:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում,  հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Ավելի ուշ քրեական գործ է հարուցվել դասալքության հատկանիշներով:




Լրահոս