ՖՈՏՈ․ Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենը մասնակցել է ՀՀ դրամի 30-ամյակին նվիրված պանելային քննարկմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին ԵՊՀ-ում կայացավ «Հայկական դրամի 30-ամյակը․ զարգացումներ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում, որին որպես բանախոս մասնակցեց և ուսանողների հարցերին պատասխանեց նաև Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:

Քննարկումը սկսվեց պատմական ակնարկով, որի ընթացում ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ներկայացրեց հետաքրքիր ու քիչ հայտնի փաստեր դրամի ներդրման մասին: Այնուհետև ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը խոսեց ԿԲ մասին օրենքին, դրամավարկային քաղաքականությանը, գնաճի կարգավորման և կրիպտոարժույթների ոլորտի կարգավորմանը վերաբերող հարցերի մասին:

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենն անդրադարձավ ՀՀ տնտեսության դոլարայնացման մակարդակին. «ԿԲ քաղաքականության շնորհիվ վերջին տարիներին դոլարայնացման մակարդակը Հայաստանում նվազել է: Օրինակ, վերջին հինգ տարիների ընթացքում Կոնվերս Բանկի ակտիվներում ու պարտավորություններում դոլարայինի մասնաբաժինը 50%-ից դարձել է 35%: Հարկ է նկատի ունենալ, որ դոլարայնացման դեմ պայքարի արդյունքները չեն կարող երևալ կարճ ժամկետում. պետք է հետևողական աշխատանք ու մտածողության փոփոխություն»:

Պատասխանելով Հայաստանում վարկավորման, այդ թվում` հիփոթեքի «բարձր» տոկոսադրույքների մասին հարցին` նա նշեց, որ սա թյուր կարծիք է. Հայաստանում որոշ բիզնես վարկատեսակների տոկոսադրույքներն ավելի ցածր են, քան ԱՄՆ պահուստային համակարգում է: Ինչ վերաբերում է հիփոթեքին, ապա «ԱՄՆ-ում սովորական պրոֆիլով մարդկանց համար միջին տոկոսադրույքը գերազանցում է 8%-ը, մեզ մոտ միջինը 13-13,5% է: Եթե հաշվի առնենք ֆինանսների ներգրավման գինը, տոկոսադրույքի գնագոյացման վրա ազդող այլ գործոններ, ապա կտեսնենք, որ նշված տեսակետը թյուր է և չի արտահայտում խնդրի ողջ խորությունը։ Հիփոթեքի դեպքում վարկ/գրավ հարաբերակցության կամ կանխավճարի պահանջի տրամաբանությունը շատ պարզ է՝ մենք ռիսկեր ենք զսպում. այս պարագայում անշարժ գույքի գնորդները ֆինանսապես մասնակցում են գործարքին և ավելի վստահելի, կայուն ու կանխատեսելի են լինում իրենց հետագա ֆինանսական վարքագծում»:

Նա անդրադարձավ նաև բանկային ծառայությունների թվայնացման գործընթացին, մարտահրավերներին՝ մասնակիցների ուշադրությունը հրավիրելով հանգամանքին, որ հայկական բանկերը մրցակցում են ոչ միայն միմյանց, այլև ոչ ռեզիդենտ բանկերի ու վճարահաշվարկային համակարգերի հետ:

«Apple pay, Google pay, Samsung pay միջազգային վճարահաշվարկային համակարգերը փոխել են խաղի կանոնները և ոլորտը: Այս ծառայությունների նկատմամբ պահանջարկն, այդ թվում Հայաստանում, մեզ պարտադրում է մշակել և ներդնել առաջարկներ՝ բանկային հավելվածներում այդ ծառայությունների ինտեգրմամբ: Կամ պիտի թվայնանանք, զարգանանք, կամ դուրս կմնանք մրցակցությունից: Այս տեսանկյունից կարևոր է ԿԲ դերակատարումը, որը վճարահաշվարկային համակարգերի զարգացմամբ կստիպի բանկերին ինտենսիվ ջանքեր գործադրել բանկային պրոդուկտների թվայնացման և զարգացման համար»:

Պանելային քննարկումները լինելու են շարունակական։




Լրահոս