«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` օրերս ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները շատ լուրջ ու թեժ քննարկում են ունեցել: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ինքը պահանջում է Վալերի Պերմյակովի գործի հետ կապված քննարկում կազմակերպել ու խորհրդարան հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, որպեսզի նա պատգամավորներին ներկայացնի գործի քննության մանրամասները:
Ըստ մեր տեղեկությունների՝ քննարկմանը մասնակցել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Սահակյանից պարզել, թե ինչ է պատրաստվում անել Զ. Փոստանջյանի բարձրացրած հարցի շուրջ:
-Պարո՛ն Սահակյան, Զ. Փոստանջյանը ցանկանում է խորհրդարան հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին՝ հունվարին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի գործի վերաբերյալ քննարկում իրականացնելու համար: Ըստ Փոստանջյանի՝ գործի քննության հետ կապված որեւէ առաջընթաց չկա, եւ անհրաժեշտ է Հովսեփյանից պարզաբանումներ պահանջել այդ հարցի շուրջ: Ինչ փուլում է այդ ամենը:
-Առաջարկվում էր Ձեր նշած հարցը ընդգրկել օրակարգ, բայց քանի որ դրա հետ կապված որեւէ նախագիծ չկար, օրակարգի մեջ չէինք կարող քննարկել, առաջարկեցի քննարկել այլ հարցերի մեջ ու դա անել աշխատանքային կարգով: Իմ աշխատասենյակում հանդիպել ենք ես, Զ. Փոստանջյանը, Գ. Ջհանգիրյանն ու Է. Մարուքյանը ու միասին քննարկել այդ հարցը: Նշվել է, որ պետք է նույն հարցի հետ կապված կրկին լսումներ կազմակերպել եւ այլն, բայց քանի որ գործը դեռեւս նախաքննության փուլում է, Զ. Փոստանջյանն ու մյուս գործընկերներն առաջարկեցին՝ քննչական կոմիտեին նամակով դիմենք ու փորձենք այդ կերպ հարցին լուծում տալ: Պետք է իրենք նամակ գրեն ինձ, որպեսզի ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, դիմեմ քննչական կոմիտեի ղեկավարին: Սա է եղել մեր ամբողջ խոսակցությունն ու քննարկումը, որը տեղի է ունեցել մեր հանձնաժողովում՝ Զ. Փոստանջյանի առաջարկից հետո:
-Իսկ ի՞նչ փուլում են աշխատանքները, արդյո՞ք Դուք դիմելու եք ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարին, որպեսզի նա ներկայանա խորհրդարան՝ «բացատրություններ» տալու համար:
-Ընդհանուր քննարկումից հետո այդպիսի փաստաթուղթ չեմ ստացել: Եթե նայենք, մենք վերջնական որեւէ պայմանավորվածություն այդպես էլ ձեռք չբերեցինք: Իսկ եթե իմ գործընկերները նման բովանդակությամբ նամակ ուղարկեն, ապա մեծ սիրով այն կուղարկեմ քննչական կոմիտե: Կխնդրենք, որ գան, մեր հանձնաժողովի անդամների կամ այլ հետաքրքրված պատգամավորների հարցերին պատասխաններ տան:
-Իսկ ինչ ակնկալիքներ ունեք քննչական կոմիտեից` հաշվի առնելով այն, որ գործում որեւէ նկատելի տեղաշարժ չկա, միայն հայտարարվում է, որ նախաքննությունը շարունակվում է:
-Այս լսումների կարիքը կա այնքանով, որ մենք անընդհատ խոսում ենք այդ թեմայի մասին՝ շատ դեպքերում ոչ ինֆորմացված լինելով, կարիքը կա այնքանով, որ առաջին ձեռքից մենք ինֆորմացիա կստանանք: Եթե մենք ավելի հստակ, ստույգ տեղեկատվություն ունենանք հետագա քննարկումների առումով, շատ ավելի լավ կլինի: Եթե ճիշտ ինֆորմացիա չեն ունենում, սկսում են այդ թեման շահարկել:
-Անպատասխան է մնում նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի նամակը ՌԴ գլխավոր դատախազին, արդյո՞ք Ձեր հանձնաժողովը փորձել է պարզել, թե ինչ փուլում է այդ գործընթացը:
-Մենք լսումներ կազմակերպել ենք գլխավոր դատախազի ներկայությամբ, որը ներկայացրեց օրենսդիրներին այն, ինչ կար, նամակի հետ կաված հետո քննարկումներ եղան: Այդ մասին չենք խոսել, որովհետեւ նախաքննության փուլում է գործը: Կարող է թվացյալ լինել, որ գործում ինչ-որ շարժ չկա, որովհետեւ եթե չի հայտարարվում նախաքննության մանրամասների մասին, ապա դա չի նշանակում, թե աշխատանք չի կատարվում: Կարծում եմ՝ նախաքննական աշխատանքները կատարվում են, ուղղակի սա հասարակական հնչեղություն ունեցող գործ է, անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է, ինչի համար նման տպավորություն եք ստացել:
Հ. Գ. Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զ. Փոստանջյանը «Ժողովուրդ»-ին ասաց, թե որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, որ ինքը պետք է նամակով դիմի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին: Ավելին՝ պատգամավորը նշեց, որ այդ նույն նամակով քննչական կոմիտե կարող է դիմել հենց Հովհաննես Սահակյանը, եթե լսումներ կազմակերպելու ցանկություն կա:
ՀԷՑ-Ի «ԳՄՓՈՒՆՆ» ՈՒ ԲԻԲԻՆԻ «ԼԿՏԻ» ՊԱՀՎԱԾՔԸ
Երեկ կայացան էլէներգիայի սակագնի բարձրացման հարցով խորհրդարանական լսումները, որոնց այդպես էլ չբարեհաճեց ներկայանալ ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը: Լսումների ժամանակ պատգամավորները հարցեր ուղղեցին հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո օրենսդրի կողմից այդպես էլ որեւէ որոշում չկայացվեց:
Նախ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանին հարցրեց. «Դուք անընդհատ խոսում եք 37 մլրդ դրամ պարտքի մասին: Բայց սակագնի փաթեթում նշվում է 23.4 մլրդ-ի մասին: Այս 3 թվերի տարբերությունը ինչո՞ւ է առկա… Հետո ՀԷՑ-ը ՀՀ-ին էլէներգիա մատակարարող միակ ընկերությունն է, մի օր բա որ հելնենք, տեսնենք՝ այս ընկերությունը չկա, գմփացել է ֆինանսատնտեսական խնդիրների պատճառով, մենք ի՞նչ ենք անելու: Մենք արձագանքողի դերում ենք, իսկ իրենք «Լեքսուսներ» են վարձակալում: Ես ունեմ տեղեկություն, որ իրենք 84 թվի արտադրած «ԳԱԶ 53» մակնիշի մեքենայի նորոգման վրա միլիոնավոր դրամների գումարներ են ծախսում: Դե, եթե իրենք սպասարկում են «ԳԱԶ 53»-ով, թող Բիբինն էլ «ԳԱԶ 24»-ով ման գա»:
Փաշինյանի հարցին Նազարյանը տվեց շատ կարճ պատասխան. «Որպեսզի ՀԷՑ-ը կորուստները նվազեցնի, պետք է շատ լուրջ ներդրումներ անի: Պետք է կշեռքի նժարին դնենք եւ գնահատենք՝ ինչ բեռ է վերցնում, եւ ինչ ենք շահում»: Այնուհետեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, որը վարում էր նիստը, հայտարարեց՝ ԱԺ-ում շատ սպասված հյուր էր Ե. Բիբինը, որը, սակայն, հրավերը մերժել էր` նպատակահարմար չհամարելով ներկայանալ Աժ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Բիբինի չգալը որակեց որպես լկտի պահվածք ՀՀ օրենսդիր մարմնի հանդեպ:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ Նազարյանից հետաքրքրվեց` արդյոք նա տեղյակ է, թե ինչ բարեգործություններ են արվել ՀԷՑ-ում. «Սա բեռ է, որը բոլոր հարկատուների հաշվին մարդիկ արել են: Հետեւյալ բարեգործությունները` մանկապարտեզներ, մանկատներ, ծերանոցներ, Հ. Աբրահամյանի եկեղեցին, մանկատներում ապրողների ամուսնություններ եւ հազար ու մի ծախսեր: 7 հատ եկեղեցի են վերանորոգել, ի՞նչ իրավունքով, ո՞վ է թույլ տվել, ո՞վ է նրանց դիմել՝ այս բարեգործություններն անելու համար: Կառավարությունը չէ՞ր կարողանում Բիբինին ասել, թե ինչի՞ ես այս բարձր տոկոսներով վարկերը վերցնում, որը հետո դառնալու էր պարտք»: Նազարյանն արդարացավ, թե ՀՀ որեւէ օրենքով սահմանված չէ, որ կարող են նման հարց բարձրացնել. «Այդ բարեգործությունները որեւէ ուրիշ երկրում չեն արել, մեր երկրում են արել: Հիմա ինչի է արել, խի է արել՝ չգիտենք, ոչ էլ ինձ հետաքրքիր է իմանալ»: Նշենք, որ էլէներգիայի սակագնի թանկացման հարցով հանձնաժողովն իր որոշումը կկայացնի հունիսի 17-ին կայանալիք նիստում:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱՐԴԵՆ ԿԱՐԵԼԻ Է ՄԻԱՑՆԵԼ
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործող «Աբովյան» հեռուստաընկերության կաբելային սփռումն արդեն երկու օր է, ինչ միացված է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանից: Տեղեկացնենք, որ այդ հեռուստաընկերությունը պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, «Քինգ դե Լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանին՝ Պալաչին: Վերջինս Աբովյանի քաղաքապետի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններում առաջադրել էր իր թեկնածությունը: Նրա հիմնական մրցակիցը Վահագն Գեւորգյանն էր, որին սատարում էր իշխող ՀՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանը: Ու հենց Գեւորգյանն էլ դարձավ Աբովյանի նոր քաղաքապետը:
Հիշեցնենք, որ «Աբովյան» հեռուստաընկերության կաբելային սփռումն անջատվել էր դեռեւս մայիսի 20-ից: Սփռումն ապահովող ընկերությունը, որը ըստ լուրերի՝ պատկանում է Ծառուկյանի մերձավորներից մեկին, խոստացել էր խնդիրը կարգավորել դեռեւս մայիսի 23-ին, սակայն տարբեր պատճառաբանություններով հարցն այդպես էլ չէր լուծվել: Իսկ երբ արդեն ընտրությունները ետեւում են եղել, պարզվել է, որ բոլոր խնդիրներն էլ հնարավոր է լուծել:
ԱՆԿԱՅՔ ՄԱՐԶԵՐ
Ավելի քան երկու շաբաթ է, ինչ մարզպետարանների կայքէջերը, որոնք գտնվում են ՀՀ Կառավարության ենթակայության ներքո, չեն գործում: Հիշեցնենք, որ այդ կայքերը մայիսի 25-ից սկսած գրեթե չեն գործում: Մոտ երկու շաբաթ առաջ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Ժողովուրդ»-ին պատասխանել էին, որ կայքերի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան եւ շուտով դրանք կսկսեն գործել: Սակայն ժամանակն անցնում է, իսկ կայքերը այդպես էլ չեն գործում: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանից փորձեցինք պարզել, թե նշված կայքերն, ի վերջո, երբ են գործելու, սակայն պարզվեց, որ կոնկրետ ժամկետ դեռ չկա: Գրիգորյանն ասաց, որ կայքերը առաջիկայում կսկսեն գործել, բայց չկարողացավ հստակ ժամկետ ասել:
ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Այն երեւույթը, որ ՀՀ գլխավոր դատախազության ազատված աշխատակիցները որոշ ժամանակ անց հայտնվում են ՀՀ քննչական կոմիտեում արդեն օրինաչափություն է դարձել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի նախկին պետ Նելլիկ Հարությունյանը ցանկանում է աշխատանքի անցնել ՀՀ քննաչական կոմիտեում: Հիշեցնենք, որ Նելլիկ Հարությունյանը ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների ընտրության առաջին մրցույթում ընդգրկվել էր «հաղթող» եռյակի կազմում: Սակայն ԵԽԽՎ խորհրդատվական մարմինը նրա թեկնածության հետ կապված ինչ-որ խնդիր հայտնաբերեց, եւ ՀՀ իշխանությունները ստիպված էին նոր մրցույթ անցկացնել: Այս պատմությունից հետո Հարությունյանը պաշտոնանկ արվեց: