ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՆԶՈՐ ԳՏՆՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ՀՀ իշխանությունները մտադիր չեն էլէներգիայի սակագնի թանկացումից հրաժարվել, թերեւս ի սկզբանե հասկանալի էր, եւ միամտություն էր կարծել, որ ՀՀ ԱԺ-ում նախատեսված լսումներն այս հարցում կարող են ինչ-որ բան փոխել: Հակառակ դեպքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախապես չէր հրապարակի էլէներգիաի սակագինը բարձրացնելու մասին որոշման նախագիծը: Սակայն այդ լսումների ժամանակ ՀՀ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի ելույթը եւ պատգամավորների հարցերին տված պատասխաններն ամբողջությամբ լույս սփռեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեության վրա: Եթե նախկինում ընդամենը ենթադրվում էր, որ ի դեմս ՀԷՑ-ի՝ Հայաստանի ողջ բնակչությանը թալանող մի կառույցի հետ գործ ունենք, ապա այժմ արդեն կարելի է վստահաբար ասել, որ այդպես է:

Ռոբերտ Նազարյանը երեկ խորհրդարանում պարզաբանեց, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԷՑ-ի կուտակած 106,6 միլիարդ դրամ պարտքը: Դրանից 23,4 միլիարդը, ըստ ՀԷՑ-ի, գոյացել է 2012-2013 թվականներին` նախատեսվածից թանկ էլէներգիա գնելու արդյունքում, քանի որ սակավաջրության արդյունքում ՀԷԿ-երը քիչ հոսանք են արտադրել, ատոմակայանն էլ նախատեսվածից ավելի երկար է պրոֆիլակտիկ նորոգման համար կանգնել: Մոտ 14 միլիարդ դրամ էլ կազմում են այդ վնասները ծածկելու համար բարձր տոկոսներով վերցված վարկերի հաշվարկված տոկոսները: Իսկ մնացած 70 միլիարդ դրամը ՀԷՑ-ի վարկային պարտավորություններն են, որոնք արդեն իսկ գոյություն են ունեցել: Ավելին՝ վերը նշված 23,4 միլիարդ դրամի վնասները ծածկելու համար վերցված վարկերը բարձր տոկոսներով են տրվել, քանի որ ՀԷՑ-ը արդեն իսկ իր ակտիվներից շատ վարկային պարտավորություններ է ունեցել: Բայց ինչո՞ւ է ՀԷՑ-ը այդ 70 միլիարդ դրամի վարկը վերցրել: Ռոբերտ Նազարյանն այս հարցի պատասխանն այդպես էլ չհնչեցրեց:
Փոխարենը նա մի քանի ուշագրավ թվեր հրապարակեց, քանի որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի վրա խիստ զայրացած էր, ի դեպ, վերջինս արհամարհել էր Հայաստանի խորհրդարանին եւ չէր եկել լսումներին մասնակցելու: Այսպես, ըստ Ռոբերտ Նազարյանի՝ 2007 թվականից սկսած ՀԷՑ-ի վնասները օրենսդրությամբ թույլատրվածից առնվազն մեկ տոկոսով ավել են եղել, ինչը նշանակում է, որ այս ճանապարհով առնվազն 25 միլիարդ դրամի կորուստ է եղել: Բացի այս՝ անցած տարիներին շուկայականից թանկ գներով ապրանքներ ձեռք բերելու պատճառով ՀԷՑ-ը 22 միլիարդ դրամի գերածախս է ունեցել: Վերջին ութ տարիներին, կրկին ըստ Նազարյանի, ՀԷՑ-ը աշխատավարձերի վրա նախատեսվածից ավել է ծախսել 6,5 միլիարդ դրամ: Ըստ Ռոբերտ Նազարյանի՝ իրենք թույլ չեն տվել, որ այդ գումարները ներառվեն սակագնի մեջ, եւ այն այժմ այնտեղ արտացոլված չէ: Սակայն իրականում այդպես չէ, քանի որ, եթե այդ գերածախսերը եւ հավելյալ 25 միլիարդի վնասը չլիներ, ապա ՀԷՑ-ը 70 միլիարդ դրամի վարկային պարտավորություն չէր կուտակի եւ ներկայիս ծանր ֆինանսական կացության մեջ չէր հայտնվի: Իհարկե, Ռոբերտ Նազարյանն ինքն էլ է ընդունում, որ եթե այդ կորուստները չլինեին, ապա ներկա վիճակը չէր լինի:
Ի դեպ, պատգամավորների հարցերին պատասխանելիս Ռոբերտ Նազարյանը պարբերաբար կրկնում էր, թե իրենց հանձնաժողովը, սակագինը բարձրացնելուց բացի, ուրիշ ոչինչ չի կարող անել ստեղծված վիճակում: Ավելին՝ նա պարբերաբար պատգամավորներին էր կոչ անում՝ իրեն հուշել, թե ինչպես անեն, որպեսզի առանց սակագինը բարձրացնելու կարողանան ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը շտկել: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ինքն է դրա համար աշխատավարձ ստանում եւ ոչ թե պատգամավորները: Բայց ինչու է Ռոբերտ Նազարյանը համոզված, որ սակագինը բարձրացնելն է միակ լուծումը, իսկ ինչու իրենք չեն դիտարկում սակագինը նույնը թողնելու եւ ՀԷՑ-ի սնանկ ճանաչելու գործընթացը սկսելու տարբերակը: Եթե կարծում են, որ սեփականատերը, այսինքն՝ Ռուսաստանը, կնեղնա, ապա կարող են նրանց առաջարկել, որ իրենք իրենց նշանակած թալանչիների հարցերը լուծեն: Ավելին՝ Ռոբերտ Նազարյանը ՀԷՑ-ի սեփականատերերին կարող է առաջարկել, որ նրանք իրենք պարզեն, թե ուր են գնացել ընկերության փոշիացրած գումարները: Ի վերջո, իրավական տեսանկյունից ստացվում է, որ այդ «անհետացած» փողերը սեփականատերերից են գողացել: Բայց չգիտես ինչու՝ ՀՀ իշխանությունները Ռոբերտ Նազարյանի ձեռքով ամեն ինչ անում են, որ դրանց համար Հայաստանի բնակչությունը վճարի: Այնինչ, կրկնում ենք, դա սեփականատիրոջ եւ նրա նշանակած տնօրինության խնդիրն է:
Մի խոսքով, ԱԺ լսումներն էլ ավարտվեցին, եւ բոլորի համար պարզ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանին բանի տեղ դնող չկա: ՀԷՑ-ը որոշել է էլէներգիայի սակագինը թանկացնել, եւ Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀԾԿ հանձնաժողովը նրանց ցանկությունը կիրագործի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՀՈԽՈՐՏԱՑԻՆ, ԲԱՅՑ ՉԵԿԱՆ
Երեկ խորհրդարանում կայացած էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված լսումներին այդպես էլ չմասնակցեցին իշխանական այն պատգամավորները, որոնք «սպառնում» էին այդ քննարկումների ժամանակ ողջ ճշմարտությունն ասել եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հախից գալ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մեկ րոպեով անգամ լսումներին չմասնակցեց` իր բազկաթոռը զիջելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, որը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ անհրաժեշտ է սպասել եւ տեսնել, թե ինչ «թվեր» են ներկայացնելու խորհրդարանին, քննարկումների ժամանակ ծպտուն անգամ չհանեց: Հիշեցնենք, որ հենց Մանվել Բադեյանն էր հայտարարել, որ ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը պետք է պատժվի:

 

ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ Է
Ինչպես երեւում է՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այլեւս հրաժարվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Սդղլի գյոլում տեղի ունեցած միջադեպի գործը ՀՀ քննչական կոմիտեից պահանջելու մտքից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործը վերահսկող դատախազն այլեւս չի դիմել ՀՀ քննչական կոմիտե` քրեական գործի շրջանակներում կատարված քննչական գործողություններին եւ դրանց ընթացքին ծանոթանալու համար: Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի վերջին ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական կոմիտեից պահանջել էր քրեական գործի նյութերը, բայց մերժում էր ստացել: Այլ կերպ ասած՝ ՀՀ գլխավոր դատախազությունում այլեւս համակերպվել են այն մտքի հետ, որ ՀՀ քննչական կոմիտեն է որոշում երբ եւ ինչ պետք է տեղեկացնի դատախազությանը: Ըստ ամենայնի, Գեւորգ Կոստանյանը, շատ լավ գիտակցելով, որ այս գործի հետ կապված առջեւում դեռ շատ աղմուկ եւ քննարկումներ են լինելու, ցանկանում է այնպես անել, որպեսզի քրեական գործի ողջ պատասխանատվությունն ընկնի ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի ուսերին:

 

ՀԱՐՈՒՍՏ  ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանի դրամական միջոցները, ըստ նրա 2014 թվականի հայտարարագրի՝ անցած տարվա վերջին կազմել են 36 մլն 400 հազար դրամ եւ 247 հազար դոլար: Պատգամավորի տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 684 հազար դրամ: Սակայն առավել ուշագրավն այն է, որ դաշնակցական պատգամավորն անցած տարի որպես նվիրատվություն ստացել է 68 մլն դրամ: Ի դեպ, Արմեն Բաբայանը այն պատգամավորներից է, որը խորհրդարանում երբեւէ աչքի չի ընկնում, ելույթներով հանդես չի գալիս եւ հարցեր չի բարձրաձայնում: Տարածված կարծիք կա, որ նա ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավորի մանդատ է ստացել իր ֆինանսական կարողությունների շնորհիվ:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՎԵՐՀԻՇԵԼ ԵՆ
ԵԽ նախարարների կոմիտեն հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանին հաղթած Գրիշա Վիրաբյանի գործի վերաբացման կապակցությամբ: Հիշեցնենք՝ Գրիշա Վիրաբյանը 2004 թվականի ապրիլի 23-ին բերման էր ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին եւ ծեծի ենթարկվել: Հաջորդ օրը նա անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրան վիրահատության էին ենթարկել։ 2012 թվականի հոկտեմբերին հրապարակված վճռով ՄԻԵԴ-ը Կառավարությանը պարտավորեցրել էր Գրիշա Վիրաբյանին 31 հազար եվրո փոխհատուցում տալ: Եվ, ահա, երեկ ԵԽ նախարարների կոմիտեն Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ եւ անմեղության կանխավարկածի պահպանմամբ քննություն իրականացնել:

 

ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՈՎ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ԼՂՀ-ում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացված խորհրդարանական ընտրությունները, ինչը բարձր է գնահատվել նրա եւ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների կողմից: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ՀՀ եւ ԼՂՀ Ազգային ժողովների միջեւ հարաբերությունների առավել ընդլայնումն ու խորացումը:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցչական պատվիրակությանը՝ խմբի ղեկավար Ալի Քաիդիի գլխավորությամբ: Իրանի պատվիրակության ղեկավարն Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի ողջույնները։ Նա նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունները լավ հիմք են ստեղծում տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման համար։




Լրահոս