ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հայտարարել էր. “Անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել, չնայած որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ”:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի հայտարարությունը: Ձեր կարծիքով՝ մեր երկրում աշխատատեղեր կա՞ն, եւ իսկապե՞ս մեր բնակչությունը չի ուզում աշխատել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր հարցը երեւի ուղղված է հանրապետության նախագահին: Ես որտեղի՞ց իմանամ՝ աշխատանքային տեղ կա, թե ոչ: Բայց որ բավական մարդ հետ է սովորել աշխատելուց, փաստ է: Շատերն այսօր իսկապես հետ են սովորել, եւ դրանում, կարծում եմ, նաեւ կա այն իրողությունը, որ այնքան աշխատանք չի եղել, որ հետ են սովորել:
ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆ
դերասան
ՊԱՏԱՍԽԱՆ. Թեեւ վարչապետի հայտարարության կոնտեքստին ծանոթ չեմ, բայց պետք է այս շրջանակում մի բան ասեմ: Մեր ժողովուրդը շատ աշխատասեր եւ հնարամիտ է, եւ եթե իշխանություններն “օգնելու” փոխարեն փորձեին չխանգարել, մեր երկրում շատ հարցեր լուծված կլինեին: Նախ պետք է նշեմ, որ 120 հազարն այն հեքիաթային թիվն է, որով կարելի է ընտանիք պահել, եւ եթե հնարավորություն լինի 40 000-ի փոխարեն 120 000 վաստակել, ապա մեր քաղաքացիները հաստատ կաշխատեին:
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ՝ չար ուժերը վարչապետից թաքցնում են Հայաստանում տիրող իրականությունը կամ էլ նրան համոզել են, որ նա ՀՀ վարչապետը չէ, այլ ինչ-որ առաջադեմ երկրի պրեմիեր մինիստրն է, որի բնակչությունն այնքան է հղփացել, որ չի ուզում աշխատել: Մեր վարչապետը վտանգի մեջ է:
ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ
երգիչ-երգահան
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս