21-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած պայթյունը կազմակերպված է եղել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավտոտնակում կայանված ավտոմեքենայի  պայթյունի հետևանքով 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ:

2015թ. հունիսի 16-ին «Թիվ 1 համալսարանական» հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի բակից իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղամարդու դի՝ դեմքին պատռած վերքերով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015թ. հունիսի 16-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը հրկիզել է Բաղրամյան 60 շենքի հարակից տարածքում գտնվող ավտոտնակը և այնտեղ կայանված, Ա.Թումոյանի կողմից շահագործվող «Նիսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենան։

Արդյունքում  տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է 1994թ. ծնված Գ.Թումոյանը: Պայթյունի հետևանքով վնասվել են նաև  թիվ 60 շենքի մուտքի ընդհանուր օգտագործման, ինչպես նաև՝ բնակարանների ապակիները։

Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով (գույքի դիտավորյալ ոչնչացում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս, անզգուշությամբ առաջացրել մարդու մահ):

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատահրդեհատեխնիկական, դատաբժշկական, դատապայթունատեխնիկական, դատանյութագիտական, դատաքրեագիտական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, ինչպես նաև կատարվել է դեպքի վայրի զննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:




Լրահոս