Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին ներկա է նաև ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով բավական ակտիվ է և անընդհատ հարցեր է տալիս հանձնաժողովի անդամներին:
Պատգամավորի ակտիվությունը կարծես թե դուր չեկավ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին և նա նշեց.«Սա ԱԺ նիստ չէ»: Դրան ի պատասխան պատգամավորն ընդգծեց.
«Պարոն Նազարյան, դուք ծառայում եք մեր շահերին, այլ ոչ թե ՀԷՑ-ի: Բիբինը արհամարհել է բոլորիս, չի ներկայացել անգամ ԱԺ լսումներին: Ուզում եմ հարց տալ՝ ՀԷՑ-ը 21 դրամով վերցնում է էլեկտրաէներգիա, չարչարվում են բոլորը՝ ատոմակայանը, ՀԷԿ-երը, իսկ ՀԷՑ-ը վաշխառուի նման վերցնում ու ծախսում է միայն ու թանկացնում էլեկտրաէներգիան: Ավելին, Բիբինը ՀԾԿՀ գործողություններն անվանում է աննորմալ գործընթաց: Ո՞նց կարելի է խաբեբայի տվյալները հիմք ընդունել: Հիմա ուզում ենք հասկանալ՝ 22 միլիարդը հո 22 դրամ չէ՞… Բա, էդ մեքենանները, որ գնել է ճոխ-ճոխ: Ես հասկանում եմ, որ ձեր սիրտն էլ է ցավում, պարոն Նազարյան»:
«Ձեր վրդովմունքը մեզ էլ է պատել, պարոն Մարգարյան»,- արձագանքեց ՀԾԿՀ նախագահը և անդրադառնալով Բիբինին, նշեց. «Առաջին անգամ է, երբ լիցենզավորված ընկերություն հայտ է ներկայացրել ու չի մասնակցում նիստին: Սա աննախադեպ երևույթ է: Չեմ ուզում որևէ բան ասել, քանի որ ցանկացած բառ կարող է ավելի մեղմ լինել, իսկ խիստ արտահայտածը՝ ոչ պարկեշտ: Ոնց որ ինքն է շանտաժի լեզվով խոսում, այնպես էլ մենք համապատասխան արձագանք կտանք»: