ՆՄԱՆ «ՄԱՄԱ ՌՈԶԱՅԻ» «ՃԱԿԱՏԸ ՊԻՏԻ ՊԱՉԵԻՆ»…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի տնից՝ երեք քույր «մամա-ռոզա»: Արմանուշն ու Հայկանուշն արդեն դատապարտվել են կանանց թրաֆիքինգի ենթարկելու համար, իսկ ընտանիքի «վերջին մոհիկան-մամա-ռոզային»՝ Արմինե Պողոսյանին, դեռ պետք է դատեն: Երեկ նա այնպիսի ցուցմունք տվեց դատարանում, որ եթե մարմնավաճառները հավատային նրան, դատավորի ասած՝ «էդպիսի մարդու ճակատը պիտի պաչեին», ինչի՞ էին «էդ շառը» բերել-կպցրել Արմենուհուն: Վերջինս ասում էր, որ ինքն ուզում էր աղջիկներին Հայաստան ուղարկել, իսկ նրանք «լացում էին», չէին ուզում… Բայց հետո Ասյան երակները կտրեց, Սուսաննան էլ ընկավ հոգեբուժարան:     
Ըստ մեղադրանքի՝ 38-ամյա Արմենուհին, բնակվելով Արաբական Միացյալ Էմիրություններում, նախնական համաձայնության գալով քույրերի` ԱՄԷ-ում բնակվող Արմանուշ Թադեւոսյանի եւ ՀՀ-ում բնակվող Հայկանուշ Հովհաննիսյանի հետ, 2007-2008թթ. ընթացքում չարաշահել է Ալինա Գրիգորյանի, Գեղեցիկ Մինասյանի, Ասյա Շարոյանի եւ Լուսինե Ավետիսյանի վստահությունը եւ նրանց շահագործելու նպատակով տեղափոխել ԱՄԷ Դուբայ քաղաք: Այնտեղ էլ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանց ներգրավել է մարմնավաճառության մեջ: Իսկ որպես սպառնալիք՝ Արմենուհին նրանց մի տեսանյութ է ցույց տվել, որտեղ մի քանի տղաներ քարերով ծեծել են մի աղջկա: Արմենուհին դատարանում ասաց, որ դա սպառնալիք չէ, աղջիկներն են սխալ հասկացել. «…Ցույց եմ տվել կլիպ՝ իրենց բարօրության համար, որ այ թե ինչեր ա կատարվում, հեռո՛ւ մնացեք էդ տեղացիներից»: Իսկ մինչ այդ նա ցուցմունքում նշեց, որ 2006-ի դեկտեմբերին ԱՄԷ-ում բնակվող Արմանուշի խորհրդով Թուրքիայից մեկնել է Դուբայ, որտեղ 3-4 ամիս միասին են ապրել, հետո ինքը տուն է վարձել, առանձնացել:
Այնտեղ առեւտրով է զբաղվել եւ դիսկոտեկներ, կաֆե-շոփեր այցելելու սովորություն ունեցել (որտեղ տղաները մարմնավաճառներ են ընտրում): Սկզբում Արմենուհու մոտ է տեղափոխվել Անուշը, որն այժմ առողջական խնդիրներ ունի: Հետո Արմանուշը Արմենուհուն ծանոթացրել է Ալինա եւ Գեղեցիկ քույրերի հետ եւ խնդրել «մարդամեջ մտցնել»: «Քույրս խնդրեց, ասեց՝  աղջիկները մեղք են, լեզու չգիտեն, մի քանի օր օգնի, հետո իրանք իրանց գործը կանեն: Համաձայնել եմ: Մի քանի օր նրանց տարել եմ կաֆե-շոփ…»,-նշեց Արմենուհին՝ մանրամասնելով, որ նրանց սովորեցրել է «տղա կպցնելու» ձեւերը, ծառայության գումարը՝ փոխարժեքով, անգամ ցույց է տվել տեղի «խուլիգաններին», որ նրանցից հեռու մնան: Հետո աղջիկներին են միացել Ասյան, Լուսինեն ու Սուսաննան: Քանի որ այդ մեկսենյականոց տունն անհարմար է եղել, Արմանուշի ընկերոջ միջնորդությամբ հիփոթեքով տուն են վերցրել, որի գումարը պետք է չորսով աշխատեին, մարեին եւ վերադարձնեին նաեւ Արմանուշի ընկերոջ փողը:
Արմենուհին ասաց, որ ջերմ մթնոլորտում են ապրել, բայց հետո Գեղեցիկը, Ալինան ու Լուսինեն առանձնացել են ու Արմանուշի գլխին խաղ խաղացել. գնացել են ոստիկանություն եւ ասել, որ առանց վիզայի Դուբայում գտնվող Արմանուշն իրենց անձնագրերը վերցրել ու իրենց սեռապես շահագործել է, որպեսզի նրան բռնեն, տունն էլ մնա իրենց: Ոստիկանները բողոքողներին արտաքսել են Հայաստան, իսկ Արմանուշը մնացել է Դուբայում: Ըստ ամբաստանյալի՝ դրանից աղջիկները կատաղել են ու նորից պահանջել, որ իրենց համար վիզա բացեն, բայց նրանք չեն բացել, եւ վրեժխնդիր լինելու համար արդեն այստեղի ոստիկանությունում են քույրերի դեմ բողոքել: Արմենուհուն էլ են բռնել: Ոստիկանատանը գտնվելու ժամանակ կապիտանն իր մոտ է կանչել եւ տեղեկացրել, որ Սուսաննայի հարցով հոգեբուժարանից են զանգել: Բժիշկն Արմենուհուն տեղեկացրել է, որ Սուսաննան կորցրել է ինքնատիրապետումը եւ գտնվում է իրենց հսկողության տակ. նրանից Սուսաննայի անձնագիրն են պահանջել, որի տեղն ինքն ասել է: Իսկ ավելի վաղ իմացել է, որ Ասյան իր երակներն է կտրել: Արմենուհին այդ 2 հանգամանքի առնչությամբ նշեց, որ Սուսաննան նախկինում էլ է հոգեբուժարանում բուժվել, իսկ Ասյան այդ քայլին է գնացել «լոմկայից դուրս գալու համար», քանի որ թմրամոլ է եղել:
Սակայն մեղադրողը պարզաբանեց՝ Ասյան այդ քայլին է գնացել, որպեսզի իրեն Հայաստան ուղարկեն, եւ ուղարկել են: Ինչ վերաբերում է Սուսաննային, Արմենուհին ասաց, որ նա 1 տարի մնացել է իր տանը, սակայն ասել է, որ չի կարողանում աշխատել ու տան վարձը տալ: Այդ առիթով իրենց մեջ վեճ է եղել, քանի որ առանց տան վարձը տալու հաճախակի է հարազատներին ու սկեսուրին փող ուղարկել: Նրան առաջարկել են տուն ուղարկել, սակայն, ըստ Արմենուհու, «ինքը լաց ա եղել, թե՝ ես գնամ Հայաստան, ո՞նց պիտի ապրեմ, սոված պիտի մնամ…»: Վերջում կարծիք հայտնեց, ասաց՝ օգնել է աղջիկներին՝ չմտածելով, որ հանցանք է անում, քանի որ նրանք նախկինում էլ են եղել մարմնավաճառ, հիմա էլ միջազգային ասպարեզ են դուրս եկել: Քույրերի հետ նախնական համաձայնությամբ հանցագործություն կատարելու հանգամանքը նա չընդունեց, բայց երբ հիշեցրին քույրերի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի մասին, մի քիչ կարկամեց, սակայն ասաց, որ «երեւի չեն իմացել, դրա համար էլ մեղքն ընդունել են»:
Հաջորդ դատական նիստը՝ նոյեմբերի 28-ին:  
Հ.Գ. Արմենուհուն եւ նրա քույրերին հանրային պաշտպաններն են պաշտպանել: Փաստորեն, «մամա-ռոզա» քույրերը Դուբայում աղջիկներին են «շահագործել», Հայաստանում էլ՝ «պետությա՞նը»…

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս