ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հայտնի քննադատությունը` ուղղված երկրի դատաիրավական համակարգին, արձագանք է գտել արդարություն փնտրողների շրջանում: Մարդիկ մոլորության մեջ են ընկել` հավատալով, թե Սերժ Սարգսյանի հրապարակային հանձնարարականներից հետո  ՀՀ արդարադատության համակարգը կբարեփոխվի: Երեւան քաղաքի Լեփսիուսի 7-րդ շենքի 15-րդ բնակարանի բնակչուհի 87-ամյա Վերգինե Վարդանյանը նրանցից մեկն է:
«Գրում եմ Ձեզ` հույսերով, որ կօգնեք տարեց մարդուս` Վերգինե Վարդանյանիս, այս տարիքում չհայտնվել փողոցում եւ չդառնալ հանցագործությունների հերթական զոհ…
Երբեք չէի կարող մտածել, որ ինձ կարող է խաբել իմ հարազատ թոռը՝ Մկրտիչ Մարտիրոսյանը, ում ընդունել եմ աչքիս լույսի պես: Բանն այն է, որ Վահե Խաչատրյանը, որը նույնպես իմ թոռն է եւ Մ. Մարտիրոսյանի հորեղբոր որդին, ցանկացել է սեփականության իրավունքով ինձ պատկանող Երեւանի Լեփսիուսի 7-րդ շենքի 15-րդ բնակարանը գրավադնել եւ բանկից գումար ստանալ մեր ընտանեկան հոգսերը լուծելու համար: Վահեն իր այս մտադրության մասին հայտնել է Մկրտիչին, որն էլ նրան վստահեցրել է, որ բանկի աշխատակիցների շրջանում ունի լայն կապեր եւ կարող է արագ ձեւակերպել բնակարանի գրավադրումը:
Մկրտիչը թոռանս համոզել է, որ գործարքների արագ կազմակերպման համար անհրաժեշտ է օտարման լիազորագիր` իր անունով: Այդ լիազորագիրն իմ անվամբ տվել եմ Մկրտիչին: Վերջինս Վահեին հայտնել է նաեւ, որ Աբովյան քաղաքում գործող գրավատներից մեկում 2 ավտոմեքենա է գրավադրել, որոնք գրավից հանելու, վաճառելու համար գումար է պետք: Բնակարանն իմ անվամբ ձեւակերպելու պատրվակով առաջարկել է ինձ մինչեւ բանկից գումար վերցնելու հարցի լուծումը, որպես երաշխիք, բնակարանը 10 օրով ձեւակերպել գրավատան սեփականատիրոջ անվամբ: Այս առաջարկին համաձայնել է Վահեն, եւ 30.04.2010թ. նա Մկրտիչի եւ վերջինիս ծանոթ Գագիկ Գրիգորյանի հետ գնացել է Էրեբունու նոտարական գրասենյակ, կնքել շինծու առքուվաճառքի պայմանագիր առ այն, որ իբր թե բնակարանը վաճառվել է Գ. Գրիգորյանին, որին թոռս` Վահեն, գիտեր որպես գրավատան սեփականատեր: Գործարքը կնքելուց հետո Մկրտիչը հեռացել է ՀՀ-ից, իսկ բնակարանը մնացել է Գ. Գրիգորյանի տիրապետության տակ:
2011թ. փետրվարի 2-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրգործ: Պարզվել է, որ Մկրտիչն ունեցել է հանցավոր մտադրություն եւ այս ամենը կազմակերպել է, որպեսզի ազատվի իր պարտքերից: Նշված հանցագործության կատարմանը մասնակից է նաեւ Գագիկ Գրիգորյանը, որը պնդում է՝ իբր ինքն իրականում գնել է այդ բնակարանը 7 մլն ՀՀ դրամով, այնինչ բնակարանի իրական արժեքը 13 մլն ՀՀ դրամ է գնահատվել: Գագիկը, օգտվելով առիթից, որ Մկրտիչը փախուստի մեջ է եւ նախաքննությանը չի կարող հայտնել ճշմարտությունը, շտապել է դատարանի միջոցով մեզ վտարել մեր տնից, որտեղ բնակվում եմ ես, իմ փոքր ծոռները….
06.11.2012թ. ԴԱՀԿ ծառայության միջոցով մեզ վտարել են մեր բնակարանից: Դրան չկարողացանք խոչընդոտել նույնիսկ քաղհայցով դատարան դիմելու եղանակով:
Չէի ցանկանա այս տարիքում հայտնվել նման խայտառակ պատմության մեջ եւ ամոթալի իրավիճակում: Մեզ վտարել են մեր բնակարանից, իսկ թե ուր պետք է գնանք փոքր ծոռներիս, հարսներիս հետ եւ որտեղ պետք է ապրենք, ոչ մեկին չի մտահոգում:
Խնդրում եմ ազդել նախաքննական մարմնի վրա, որպեսզի հայտնաբերեն խարդախներին եւ վերականգնեն սեփականության իմ իրավունքը»:

Դիմող` ՎԵՐԳԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս