ԱԺ արտահերթ նստաշրջանում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին փաթեթը:
Նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և անդրադարձավ «Ալյոտիգ» ընկերությանը:
«ՌԴ Պետդումայի պատգամավորն այս ընկերության բաժնետեր է, նաև ֆուտբոլային ակումբ է ղեկավարում, հետևաբար այս տեղեկությունը, որ տրամադրել են Կառավարությանը, կարծում եմ, Ձեզ պետք է հետաքրքրեր, և այս կասկածելի ֆիրմայի հետ, երբ համագործակցում են նման ոլորտում, ապա ձեր մոտ առնվազն պետք է կասկածներ առաջանային, որ այս ոլորտում չներգրավված կազմակերպությունը չի կարող նման լայնածավալ գործունեություն իրականացնել: Ինչ-որ մի հատ կազմակերպություն, որն ունի ռուսական ծագում ու կապիտալ… երբ անունները փորձում էի պարզել, հասկացա, որ բաժնատերերի անունները առնչվում են սպանությունների հետ, հիմա նման կապիտալ ունեցող ընկերությանը, որն ընդհանրապես կապ չունի այս ոլորտի հետ, դուք սահմանում եք նրանց համար մենաշնորհ, սա խոսում է նրա մասին, որ ՀՀ գոյություն չունի, գոյություն ունի մի կազմակերպություն, որը հնարավորություն ունի ՀՀ-ի անունից հանդես գալ»,- հայտարարեց պատգամավորը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնագահ Էդուարդ Շարմազանովը: «Տիկին Փոստանջյան ջան, մի վրդովվեք, երբ ելույթ էիք ունենում, վերջին մասը` ռուսական կապիտալի հետ կապված, ինձ հիշեցրեց «Միմինո» ֆիլմը, ինչպես էնտեղ են ասում, և հասկացա, որ «личная неприязнь» ունեք ռուսական կապիտալի և այն ամենի հանդեպ, ինչը ռուսական կապիտալի հետ կապ ունի, սա հումորով եմ ասում, իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլին, ապա տեղեկացնեմ, որ ֆուտբոլային ակումբի սեփականատերը պարտադիր չէ, որ միայն ֆուտբոլով զբաղվի, օրինակ` Բեռլուսկոնին՝ Իտալիայի վարչապետը, մեդիամանգատ է»,- շեշտեց նա: