Ամռանը, սովորաբար, խմելու ջրի պահանջարկի կտրուկ աճով պայմանավորված` Երևան Ջուր ՓԲԸ համակարգում լարվածությունը կրկնապատկվում է: Այդ իսկ պատճառով, ձգտելով բավարարել սպառողների կարիքները, ընկերությունը մայիսին վերագործարկեց ՙՇոր-Շորի՚ պոմպակայանը, որն արդեն 3-րդ տարին է, ինչ լեռնային աղբյուրներից հիմնականում ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ դարձել է պահուստային և աշխատում է միայն սպառման ՙպիկերին՚: Դրանից բացի, Գառնիի ջրատարում գործարկվեց անցյալ տարի տեղադրված N6 պոմպը, որի միջոցով Երևան մղվող ջրաքանակը վայրկյանում 45 լիտրով ավելացել է: Ջրաքանակն ավելացնելու նպատակն ունի նաև «Գյումուշ» սանիտարական գոտում գոյություն ունեցող երկու կապտաժները ինքնահոս եղանակով «Արզական-Երևան» ջրատարին միացնելը: Բանն այն է, որ նախկինում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից շահագործվող կապտաժները երկար տարիներ մատնված են եղել անգործության: Կատարված ուսումնասիրությունների շնորհիվ պարզվել է, որ երկու կապտաժները ինքնահոս եղանակով «Արզական-Երևան» ջրատարին միացնելով` հնարավոր է դառնում Երևան մղվող ջրաքանակը վայրկյանում 7 լիտրով ավելացնել: Այժմ սանիտարական գոտում ընթանում են բուռն շինարարական աշխատանքներ: Վերանորոգվում են կապտաժների ներքին և արտաքին պատերը, ջրամեկուսացվում են տանիքները, վերականգնվում՝ քայքայված երկաթ-բետոնե սալերը, մշակվում են կապտաժներին մոտեցող ճանապարհի գրունտները:
Իսկ ընդհանուր առմամբ, նախատեսված գրաֆիկով շարունակվում է համակարգի առավել խնդրահարույց տարածքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված նոր շինարարությունը: Հին Ավանի 3-րդ և 8-րդ փողոցներում Մազմանյան 6-22 շենքերում, Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու մոտից մինչև 55 շենքը, Սոսեի 2-րդ նրբանցքում և մի շարք այլ հասցեներում շարունակվում են նախորդ ամիսներին սկսված ջրագծի և կոյուղագծի վերակառուցման աշխատանքները: Իսկ Տիտոգրադյան-Այվազովսկու խաչմերուկից մինչև Աթոյան փողոց ընկած հատվածի ջրագծի կառուցումը մոտեցավ իր ավարտին:
Բուռն աշխատանքներ են ընթացել նաև բաշխիչ ցանցում: Այսպես, Շիրակի փողոցի ջրամատակարարման ցանցի ուսումնասիրությունից պարզվել է, որ այդ փողոցում գտնվող ռազմական ոստիկանության ջրաչափը գտնվում է շենքի ներսում: Բացի այդ, նշված հասցեի տարածքով անցնող ջրագծից միացված է ցայտաղբյուր` առանց ջրաչափի: Խցափակման միջոցով շահագործումից դուրս են բերվել նշված ջրագծերն ու ցայտաղբյուրը: Արդյունքում տնտեսվել է զգալի ջրաքանակ, ինչպես նաև բարձրացվել է ցանցի հուսալիությունը: Հոսակորուստների հայտնաբերման աշխատանքներ են կատարվել Նոր Արեշի 42 փողոցում, Շենգավիթ վարչական շրջանի Ս. Սարգսյան փողոցում, Մաշտոցի պողոտայի 37 շենքի բակում: Արդյունքում ունենք ջրի պահանջվող ճնշումը և հուսալի ցանց: Բաշինջաղյան փողոցում իրականացրած գոտիավորման աշխատանքների ընթացքում թուջե ջրագծերի վրա հայտնաբերվել են գաղտնի վթարներ: Քայքայված ջրագծերին երկրորդ կյանք տալու համար ներկառուցվել են պոլիէթիլենե ջրագծեր` կարգավորելով բաշխիչ ցանցը: Արդյունքում տնտեսվել է ջրաքանակ, տեղադրվել է ճնշման կարգավորման փական, ցանցի շահագործումն ու ջրամատակարարումը դարձել են հուսալի:
Այսպիսով, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 83,3%-ը, 17-23,5 ժամ՝ 16,7%-ը, իսկ մինչև 17 ժամ՝ 0.0%-ը: «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1452 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին եւ կանոններին:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2015թ. մայիսին գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2014թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/:
Հիմնական ցուցանիշներ | 2009թ.մայիս | 2014թ.մայիս | 2015թ.մայիս | 2015թ. մայիսը 2014թ. մայիսի համեմատ /+- |
Աղբյուրներից վերցված ջրաքանակ՝լիտր/վայրկյան | 11 530 | 8920 | 8 577 | -343 /2009թ. մայիսից՝ -2953/ |
Էլեկտրաէներգիայի օրական սպառում՝ կՎտժ | 306 000 | 61 000 | 56 000 | -5000 /2009թ. մայիսից՝ -250000/ |
Ջրամատակարարման շարունակականություն՝ % | 85,6 | 95,9 | 98,6 | + 2.7% կետ /2009թ. մայիսից՝ + 13% կետ |