«Ժողովուրդ»-ը երեկ փորձել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից պարզել, թե նա ինչպես է վերաբերվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի նամակին, որը նախօրեին նա ուղարկել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Զախարյանը դժկամությամբ, այնուամենայնիվ, մի քանի հարցի պատասխանեց.
-Պարո՛ն Զախարյան, Բիբինի նամակը՝ ուղղված ՀԾԿ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, կմեկնաբանե՞ք:
-Ո՛չ, չեմ կարող մեկնաբանել, ես այդ նամակը չեմ կարդացել:
-Նա սպառնում է, որ ՀԷՑ-ը նորմալ էլեկտրաէներգիա չի կարողանա մատակարարել, քանի որ 6,93 դրամ թանկացումն իրենց չի բավարարում:
– Չեմ կարող ոչինչ ասել, ես նամակի բովանդակությանը ծանոթ չեմ, ազնվությամբ եմ ասում: Բիբինը չի կարող նման բան անել՝ էլեկտրաէներգիա չմատակարարել: Բիբինը իրավասություն չունի, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնի:
– Մեր թերթում նամակն ամբողջությամբ կարող եք կարդալ:
-Կրկնում եմ` Բիբինը նման իրավասություն չունի, որպեսզի Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնի:
– Բայց նա սպառնում է այդպես անել, ո՞րն է մեր՝ ՀՀ Կառավարության հակաքայլը:
-Դա իր խնդիրն է, հիմնավորվել է 7 դրամը, թող գնա 7 դրամով աշխատի: Մնացածը հետո, հա: Ես չեմ կարող Ձեզ պատասխանել:
-Պարո՛ն Զախարյան, մենք ՀԷՑ-ին այլընտրանք չունենք, ի՞նչ է սպասվում մեզ:
-Ցտեսություն: