Արմավիրից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն հունիսի 16-ին տեղափոխված և կոմայի մեջ գտնվող փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Առողջական խնդիրներով ծնված երեխան շարունակում է ստանալ ինտենսիվ բուժում` կյանքի ֆունկցիաները պահպանելու և վերահսկելու ուղղությամբ։
Անդրադառնալով նույն օրը` կրկին սուր աղիքային վարակի կասկածով Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժամունք հոսպիտալացված 2 երեխաներին, նշենք, որ նրանց վիճակը գնահատվում է լավ, առկա է էական դրական տեղաշարժ: Անհրաժեշտ կրկնակի հետազոտություններից հետո երեխաները պատրաստվում են դուրս գրման:
Արմավիրում մարզային կառույցների հետ շարունակում են աշխատանքը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները: Սահմանվել է ջրի հսկողություն, շեղումներ չեն արձանագրվել: Վաղ առավոտյան կրկին Արմավիրում էր նաև ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի գլխավորած մասնագիտական խումբը:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սահմանվել է ռեանիմատոլոգի մշտական հերթապահություն` սուր աղիքային վարակի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն արագ կազմակերպելու նպատակով: