ԹԵՐԱՐԺԵՔԱՄԻՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ նախօրեին տեղեկացանք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած ռուսական էստրադայի հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնին ընդունել է ոչ թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, այլ Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ, հրատարակչական բաժնի տնօրեն տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, հաճելիորեն զարմացանք: Ոչ ամենեւին այն պատճառով, որ Կոբզոնի  երգարվեստի կամ Հայաստանում ունեցած բիզնես հետաքրքրությունների դեմ որեւէ բան ունենք, ամենեւին: Պարզապես ինչպես արդեն առիթ ենք ունեցել գրելու, մեր կաթողիկոսը վերջին տարիներին վերածվել է յուրահատուկ զբոսաշրջավարի, որը Մայր Աթոռում ընդունում է որպես տեսարժան վայր Ս. Էջմիածին այցելած գրեթե բոլոր բարձրաստիճան հյուրերին: Եւ ահա, չէինք հասցրել այս փոփոխության պատճառը հասկանալ, երբ հայտնի դարձավ, որ Իոսիֆ Կոբզոնին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում ընդունել է Սերժ Սարգսյանը: Ճիշտ է, ինչպես Կոբզոնի գործընկերուհու` Ալլա Պուգաչովայի դեպքում, Սերժ Սարգսյանն իրեն եւ ողջ հայ ազգին ծիծաղելի վիճակի մեջ չդրեց` նրան եւս Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշան շնորհելով, սակայն  Սարգսյանի հայտարարություններն այս անգամ եւս աչքի ընկան իրենց գավառամտությամբ ու սեփական թերարժեքության ցուցադրմամբ: Ցավալին այն է, սակայն, որ տվյալ պարագայում Սերժ Սարգսյանի թերարժեքությունն ակամայից կարող է ընկալվել որպես ողջ ազգի ինքնագնահատական: Այսպես. ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով Կոբզոնի 75-ամյակը, նշել է. «Հայաստանում հպարտ են Առնո Բաբաջանյանի հետ մեծ բարեկամությանը Իոսիֆ Կոբզոնի հավատարմությամբ, որն արտահայտվում է նաեւ ամեն պատեհ առիթով հայ անվանի կոմպոզիտորի մասին երգչի մեծարանքի ջերմ խոսքերով»: Ահա այսպես. ո՛չ ավել, ո՛չ պակաս: Առնո Բաբաջանյանի նման մեծության հայրենիքի նախագահի պաշտոնը կրող մարդուց այս խոսքերը լսելուց հետո հավանաբար Կոբզոնը հոգու խորքում վատ է զգացել: Վատ է զգացել, քանի որ շատ լավ հասկանում է, որ իրականում այդ ինքը եւ սովետական էստրադայի մնացած աստղերը պետք է հպարտ լինեին, որ Առնոյի հետ ընկերություն անելու պատիվն են ունեցել, քանի որ հենց Առնոյի անզուգական երգերն են իրենց համար ճանապարհ բացել դեպի սովետական էստրադայի Օլիմպոս: Եւ այն, որ Կոբզոնը «հայ անվանի կոմպոզիտորի մասին մեծարանքի ջերմ խոսքերով է հանդես գալիս», ընդամենը խոսում է Կոբզոնի մարդկային բարձր որակների մասին, որոնցով նա պետք է հպարտանա, այլ ոչ թե մենք` հայ ժողովուրդս, ում անունից Բաղրամյան 26-ում պաշտոնավարող մարդը նման հայտարարություններ է անում:  
Սակայն պետք չէ շատ զարմանալ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից, ի վերջո, ստրկամտությունն այնքան խորն է նստած սովետական կուսակցական աստիճանակարգի ամենաստորին աստիճաններից իր կենսագրությունը սկսած նրա մտածողության մեջ, որ դրսեւորվում է անգամ անկախ երկրի նախագահի պաշտոնում` նախկին սովետական միության աստղերից մեկի հետ հանդիպումներում:




Լրահոս