ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում Մոսկվայի առևտրի և ծառայությունների դեպարտամենտի, ինչպես նաև Մոսկվայի մի շարք առևտրական կազմակերպությունների ղեկավարների հետ:
Հունիսի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանն ընդունել է Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների դեպարտամենտի, ինչպես նաև Մոսկվայի առևտրական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Ռուսական պատվիրակությունը, որը ղեկավարում է Մոսկվայի առևտրի և ծառայությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դենիս Կոստորնոյը, հունիսի 18-ից եռօրյա այցով Հայաստանում է` ծանոթանալու հայկական նոր արտադրատեսակներին և քննարկելու համագործակցության նոր հնարավորությունները:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը և Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:
Ողջունելով հյուրերին` Գառնիկ Բադալյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական հարաբերություններն ունեն դարերի պատմություն և հույս է հայտնել, որ հայ-ռուսական առևտրատնտեսական ներկայիս արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական:
Դենիս Կոստորնոյն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Մոսկվայի պատվիրակության Հայաստան այցի հիմնական նպատակն է այցելել գյուղմթերքի վերամշակման գործարաններ և արտադրամասեր, անձամբ ծանոթանալ հայկական գյուղմթերքի նոր արտադրատեսակներին և արդյունքում ձեռք բերել պայմանավորվածություններ հայկական նոր արտադրատեսակներ Մոսկվա արտահանելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, ինչպես նաև հայ և ռուս գործարարների միջև կապերի սերտացման նոր հնարավորությունները:
Երկուստեք կարևորելով հայ-ռուսական առևտրատնտեսական փոխգործակցությունը ինտեգրման նոր գործընթացների համատեքստում` կողմերն ընդգծել են, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով՝ Հայաստանը և Ռուսաստանը փոխշահավետ գործընկերությունը բարձրացրել են որակապես նոր մակարդակի, և անհրաժեշտ է անել ամեն հնարավորը, որպեսզի այդ նոր միավորումը լիարժեքորեն օգտագործվի ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների բարօրության:
Մոսկվայի առևտրի և ծառայությունների դեպարտամենտի երեք պաշտոնյաների ու Մոսկվայի շուրջ տասը խոշոր առևտրային կազմակերպությունների ղեկավարների այցը Հայաստան կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարութան, Հայաստանի զարգացման հիմնադրամի և ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչության համատեղ ջանքերով:
Մոսկվայից ժամանած հյուրերը կայցելեն հայկական մի շարք ընկերություններ և տեղում կծանոթանան թարմ գյուղմթերքի, պահածոների, մսամթերքի, ձկնամթերքի, պանիրների արտադրության ընթացքին: