ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԵՌ ՄՈՒԹ ՀԱՐՑԵՐ ԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս ավարտվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով նախաքննությունը: Եւ գործն ուղարկվեց դատարան: «Ժողովուրդ»-ը գնաց Գյումրի եւ փորձեց հետաքննություն կատարել` հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել, եւ ինչու է այդ սպանությունն ուղղորդված մի շարք մութ հարցերով, որոնց պատասխանները չտվեց անգամ մի քանի ամիս տեւած նախաքննությունը:
Հիշեցնենք, որ Կարեն Եսայանը սպանվել էր ապրիլի 12-ին: Այս գործով մեղադրվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը:
Հանդիպեցինք սպանվածի հարեւաններից մեկին, որը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Կարենը նշանդրեքի նախօրեին իր մեքենան թողել է ավտոլվացման կետում: Դրա հաջորդ օրը գնացել է, որպեսզի վերցնի այնտեղից: Նշանդրեքի առավոտյան՝ ժ. 10:30-ի սահմաններում, Կարենի մայրը զանգել է որդուն, սակայն նրա զանգերն անպատասխան են մնացել: Եւ տեսնելով, որ չի պատասխանում, անմիջապես գնացել է Ղուկասյանների տուն` հետաքրքրվելու, թե որտեղ է որդին: Իսկ Ղուկասյանն էլ խորհուրդ է տվել դիմել ոստիկանություն: Մայրը, բնականաբար, հետեւել է խորհրդին եւ ոստիկանությունում հայտարարություն է տվել:
Հարցումների ընթացքում ձերբակալվածին ճանաչողներից մեկը մեզ տեղեկացրեց, որ սպանվածի դիակը գտել է Վարդան Ղուկասյանը երեկոյան ժամը 20:30-ի սահմաններում «Սեւ Ղուլ» կոչվող թաղամասում: Նաեւ իմացանք, որ «Սեւ Ղուլ» գնում են միայն սիրահարված զույգերը եւ «ռազբորկաներ»-ի մասնակիցները: Գյումրեցիները նշեցին, որ այդ վայրը գտնվում է Ղուկասյանների տան մոտ: «Հինգ ոստիկանապետեր իրենց կազմով գնացին, ու ոչ ոքի չհաջողվեց հայտնաբերել դիակը, բայց արի՛ ու տես՝ Ղուկասյանը գտավ: Գտավ ու երեւի բոլոր հետքերն էլ ոչնչացրեց: Ինչքան գիտեմ, տեղազննությունից ոչինչ չկա, նույնիսկ դեպքի վայր չկա: Առ այսօր պարզ չէ, թե ում մատնահետքերն են մեքենայի վրա»,-տեղեկացրեց մեր գյումրեցի զրուցակիցը՝ հավելելով, որ սպանվածի մեքենան սպանության օրը անցել է Ղուկասյանի թաղամասով: Նրա խոսքով՝ փորձաքննությունից պարզվել է, որ դիակի վրա հայտնաբերվել են աղջկա շեկ մազեր, որից հետո գյումրեցի ոստիկանները սկսել են շեկ աղջիկների փնտրել: «Մի շրջան խոսակցություններ պտտվեցին, թե մարդասպանը աղջիկ է: Դե «Սեւ Ղուլ» էլ գնում են միայն աղջիկների հետ: Միգուցե Կարենին խաբել են ու տարել, հը՞… Չգիտեմ, շատ մութ ու անհասկանալի բաներ են կատարվում»,-ներկայացրեց մեր զրուցակիցը: Նրա պատմելով՝ Գյումրու տաքսու վարորդներին ահաբեկելով, նաեւ կաշառք խոստանալով՝ ստիպում են ցուցմունք տալ, որ իբր նրանք տեսել են, թե ինչպես է Հարությունը նստում Կարենի մեքենան:  
Նկատենք, որ գյումրեցիները մեզ հետ կցկտուր եւ զգուշությամբ էին խոսում՝ աշխատելով չներկայանալ: Խոսելու ընթացքում նրանք պարբերաբար իրենց գլուխն այս ու այն կողմ էին շրջում՝ ստուգելով, թե ով իրենց տեսավ: Նրանցից երկու տատիկ շշուկով ու դողդղալով հարցրեցին՝ ինչու 2-3 տարի առաջ Վարդան Ղուկասյանի եղբոր դուստրն ինքնասպանություն կատարեց: Պարզվում է՝ նրա եղբոր վաղամեռիկ դուստրը` Անին, սիրել է մի տղայի, որը սոցիալապես անապահով պայմաններում է ապրել: Դրա համար աղջկա եղբայրները, այդ թվում՝ Սպարտակը, դեմ են եղել այդ սիրուն: Այս պատճառով տղային դաժան ծեծի են ենթարկել, որից հետո, ըստ տատիկների, տղան հաշմանդամ է դարձել, իսկ աղջկա ինքնասպանությունը կապում են այդ ծեծի հետ: Բայց, ամեն դեպքում, այդպես էլ առեղծվածային մնաց երիտասարդ աղջկա մահը:
Եւ այս դեպքի հետ զուգահեռ տանելով՝ գյումրեցիների մոտ կարծիք կա, որ Վ. Ղուկասյանի դստեր՝ Մանյայի նշանդրեքից առաջ Ղուկասյանների տանը վիճաբանություն է տեղի ունեցել (սրա մասին մեր հրապարակումներից մեկում գրել էինք), որի ժամանակ Սպարտակը դեմ է արտահայտվել Մանյայի եւ Կարենի ամուսնությանը, ինչին ի պատասխան՝ Ղուկասյանը որդուն ասել է. «Ուզում ես՝ Անիի օ՞րն ընկնենք»:
Թե որքանով կապ ունեն նշված իրադարձությունները միմյանց հետ, դժվար է միանշանակ պնդել, քանի որ ՀՀ ոստիկանության քննչական ծառայության կողմից իրականացված քննությունը կարծես այս հարցերն այդքան խորությամբ չի ուսումնասիրել: Փոխարենը Հարությունի ծանոթներից տեղեկացանք, որ հիմա ոստիկանները ստուգում են Հարութի՝ ժամանակին արտերկրից ներկրած մեքենաների փաստաթղթերը, «որ տեսնեն՝ հարկային դաշտից խուսափել է, թե ոչ»:
Այնուամենայնիվ, շարունակենք մեր փոքրիկ հետաքննությունը: Գյումրու մեր զրուցակիցներից տեղեկացանք, որ ավտոլվացման տեսախցիկները Ղուկասյանը սպանության օրը հանել է եւ ինքն անձամբ է ուսումնասիրել: Այնուհետեւ հետաքրքրվել է ու պարզել, որ Հարությունն էլ է այդ օրն օգտվել ավտոլվացման կետից: Դա լսելով՝ Ղուկասյանը բարձրաձայնել է. «Քաղաքական է ու իմ դեմ է»: Բանն այն է, որ Հարությունը ժամանակին մտերիմ է եղել ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հետ:
Նշենք, որ սպանված Կարեն Եսայանի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանն օրեր առաջ միջնորդություն է ներկայացրել ոստիկանություն` պահանջելով վերսկսել գործով նախաքննությունը, սակայն այն չի բավարարվել: «Գործում շատ բացեր կան: Մենք համոզված ենք, որ սպանություն գործողները մի քանիսն են: Մեքենայի մատնահետքերի նույնականացման հետ կապված խնդիրներ կան»,-մեզ հետ զրույցում պարզաբանեց Վ. Էլբակյանը:
Թե ով կամ ինչ ազդեցություն է ունեցել քննիչների վրա, որ այս գործն ունեցել է այսպիսի ավարտ, դժվար է ասել: Բայց փաստ է, որ նախաքննության ընթացքը չի բավարարում ո՛չ տուժող, ո՛չ էլ մեղադրվող կողմերին՝ պարունակելով բազում հարցեր:
Հ.Գ. Հիշեցնենք, որ սպանության հաջորդ օրը մահացու վրաերթի ենթարկվեց Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Վահրամ Բեյբությանը, որը ներգրավված էր Կարեն Եսայանի սպանության գործի քննության մեջ:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ձեռնաշղթաներով՝ Հարություն Սարգսյանը
լուսանկարը՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս