«Ժողովուրդ»-ին դիմած Արմավիր քաղաքի Նորավան թաղամասի 4 շենքի 40 տան բնակիչ Հակոբ Ասատրյանը տեղեկացրեց, որ փոստային ծառայությունների միջոցով Ֆրանսիայից Հայաստան առաքված իր բեռի մի մասը յուրացվել է, ինչի հետեւանքով ինքը կրել է շուրջ 800 եվրոյի կորուստ: Իսկ «Հայփոստ»-ում հրաժարվում են ստանձնել բեռնափոխադրման անվտանգության պատասխանատվությունը:
«Զբաղվում եմ արհեստական թանկարժեք զարդեղենի (բիժուտերիայի) առքուվաճառքով: Ինտերնետային տարբեր կայքերում փնտրում եւ գտնում եմ զարդերի օրինակներ եւ դրանց հղումները (link) ուղարկում Ֆրանսիայում ապրող հարսիս: Վերջինս տարբեր խանութներից ձեռք է բերում դրանք եւ առաքում Հայաստան: Երկար ժամանակ է` զբաղվում եմ դրանով եւ ոչ մի անգամ խնդիր չեմ ունեցել: Սակայն հոկտեմբերի վերջին ստացված փաթեթը, որը մյուս ստացածների համեմատությամբ ավելի մեծ էր, ինձ հասավ պակաս քաշով»,-պատմում է Հ. Ասատրյանը:
Հոկտեմբերի 31-ին Հակոբը «Հայփոստ»-ի Էրեբունու մասնաճյուղից ստացել է ընդհանուր առմամբ 5 կգ-անոց փաթեթ: Բեռը հանձնելիս «Հայփոստ»-ի աշխատակիցը նրան տեղեկացրել է, որ իբր փաթեթը թերակշռում է 100-200 գրամ, ապա հարցրել, թե կա անհրաժեշտություն այն հետ ուղարկելու: Ասատրյանն էլ որոշել է քաշի այդ չնչին տարբերության պատճառով չընկնել ավելորդ քաշքշուկների մեջ, լրացրել է հայտարարագիր եւ ստացել փաթեթը: Հասնելով տուն` հայտնաբերել է, որ բեռը թերակշռում է մոտ 3-4 կգ:
«Մոտ 800 եվրոյի կորուստ եմ կրել: Ամենամեծ ու ամենաթանկարժեք իրերը հանված էին բեռից: Բողոքեցի: «Հայփոստ»-ից պատասխանեցին, թե դա հավանաբար կատարվել է ուղեփոխադրման ճանապարհին, եւ իրենք որեւէ կերպ չեն կարող ինձ օգնել»,-շարունակում է Ասատրյանը:
«Ժողովուրդ»-ի հարցմանը, թե «Հայփոստ»-ն ինչով է պայմանավորում իր անպատասխանատվությունը եւ արդյոք չի վերահսկում առաքվող բեռների անվտանգ ուղեփոխադրումը, ընկերության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից պատասխանեցին. «Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների` ֆիզիկական անձինք կարող են ՀՀ մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը: ՀՀ մուտք գործող ցանկացած փոստային առաքանի ի սկզբանե հանձնվում է ՀՀ մաքսային մարմիններին` մաքսային հսկողություն իրականացնելու համար: Ձեր կողմից նշված փոստային առաքանին պահվել է մաքսային մարմինների կողմից, ըստ այդմ, «Հայփոստ» ՓԲԸ-ն չի իրականացրել նշված առաքանու մշակումը, փոխադրումը եւ հանձնումը հասցեատիրոջը: Հարկ է ընդգծել, որ քաղաքացին ստացել է ծանուցում ծանրոցի գտնվելու վայրի մասին»:
Մի խոսքով, «Հայփոստ»-ը կարծում է, որ այս միջադեպի համար պատասխանատու է ՀՀ մաքսային ծառայությունը: Վերջինս էլ իր հերթին խուսափում է պատասխանատվությունից՝ կարծելով, որ այս գործում ակնհայտ են քրեածին հատկանիշներ, եւ քաղաքացին կորուստը վերագտնելու համար պետք է դիմի ոստիկանություն:
Ստացվում է՝ քաղաքացին վճարում է ուղեփոխադրման դիմաց, սակայն նրան չի մատուցվում պատշաճ ծառայություն:
Ո՞Վ Է ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ