ԲՀԿ-ի քոչարյանական թևը կատարեց ստացված հրահանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրինագիծը: Նախքան քվեարկությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ խմբակցությունն ունի լուրջ մտահոգություններ, ինչի պատճառով իրենք ձեռնպահ են քվեարկելու: ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը եւս նշեց, որ ՕԵԿ-ը ձեռնպահ է քվեարկելու: Արդյունքում օրինագիծն ընդունվեց ձայների 72, կողմ, 5 դեմ, 22 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Չնայած այն հանգամանքին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը որոշում էր կայացրել նախագծին ձեռնպահ քվեարկել, այնուամենայնիվ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թևը ներկայացնող ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը կողմ քվեարկեցին նախագծին: Ըստ մեր տեղեկությունների՝ հրահանգը եղել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, քանի որ նրա մերձավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն է ղեկավարելու այն խորհուրդը, որը պետք է զբաղվի Դիլիջանի քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման գործունեությամբ:

Հիշեցնենք, որ գործարար Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հիմնած IDeA («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») հիմնադրամի ղեկավարը Ա. Գեւորգյանն է, իսկ Դիլիջանի զարգացման այս գործընթացն էլ «վստահվելու» է հենց Ռ. Վարդանյանին:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ` պարզելու համար, թե ինչու են հակադրվելով խմբակցության հայտարարած որոշմանը` կողմ քվեարկել այդ նախագծին:

ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

-Պարո՛ն Մարգարյան, ինչո՞ւ եք կողմ քվեարկել «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրինագծին, ինչո՞ւ եք խմբակցության նիստում հայտարարել, որ Դուք չեք «ենթարկվելու» խմբակցության որոշմանը:

-Ծրագրի գաղափարը շատ դրական է, որովհետեւ առանց որեւէ տարածքի զարգացման ծրագրի տեղական ինքնակառավարման մասին խոսելը մեծ վերապահում է պահանջում: Ես կարծում եմ, որ ցանկացած տարածաշրջան կամ քաղաք պետք է կանխատեսելի լինի ոչ միայն այնտեղի բնակչի, այլ նաեւ ներդրողի համար: Ես իմ ելույթում նշել եմ, որ մենք լրացուցիչ պայմաններ ապահովելու խնդիր ունենք, որպեսզի պոտենցյալ ներդրողին գրավենք, դա նշանակում է, որ մեզ մոտ ինչ-որ բան վատ է, մեզ մոտ խաղի կանոնները լավ չեն եւ այլն: Ես համաձայն չեմ, որ այդ խորհուրդը, որը ստեղծված է, ինքը շատ ավելի մեծ լիազորություններ ունի, քան տեղական իշխանությունները, դա այդպես չէ, պետք է ուշադիր կարդալ, որոշ ձեւակերպումներ կային, որոնք առաջարկել ենք փոխել: Մնացածը լավ է:

-Եթե լավ է, այդ դեպքում ինչո՞ւ էր ԲՀԿ-ում որոշում կայացվել ձեռնպահ քվեարկել օրինագծին:

-Անորոշությունների պատճառով, այնտեղ նույնիսկ կարծիք կար, որ հարկային արտոնությունների պարագայում Սահմանադրություն է խախտվում եւ այլն, ու այս ձեւով նախագծեր բերելու թերությունն էր այստեղ արտացոլված: Իրավաբանական վարչության եզրակացություն մենք չունենք այս փաթեթում: Եթե խնդիր կա, ես միանշանակ կողմ եմ, որ դա վերանայվի, անշուշտ մենք չենք կարող ընդունել օրենք, որը կհակասի ՀՀ Սահմանադրությանը: Բայց այս օրենքով Դիլիջանը դառնում է հասկանալի եւ կանխատեսելի վաղվա օրվա առումով:

-Ըստ մեր տեղեկությունների՝ Դուք քվեարկել եք Ռոբերտ Քոչարյանի «հրահանգով», արդյո՞ք Ձեզ հորդորել են կողմ քվեարկել օրինագծին, քանի որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն է ղեկավարելու այդ խորհուրդը:

-Նման տեղեկությունները շուտ ասեիք, իմանայինք, թե ինչ տեղեկություններ են, որտեղից են գալիս: Մարդկային երեւակայությունը շատ մեծ է: Ես միշտ կրկնել եմ, որ առանց զարգացման ծրագրի տեղական ինքնակառավորում չի կարող լինել, սա կարող եք լսել իմ բոլոր ելույթներում, իմ մոտիվացիան հենց այս ուղղությամբ է գնացել: Այս օրենքում ամփոփված է այն, ինչի մասին ես միշտ խոսել եմ:

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Տիկի՛ն Զոհրաբյան, Ձեր խմբակցությունը հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու Դիլիջանի զարգացման ծրագրի հետ կապված օրինագծին, բայց ԲՀԿ-ական պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանը կողմ են քվեարկել: Իսկ նշված պատգամավորների անունները ուղղակիորեն կապվում են Ռոբերտ Քոչարյանի հետ, արդյո՞ք սա հենց վերջինիս կողմի տրված հրահանգի արդյունքն էր:

-Ես այդ կերպ չէի մեկնաբանի: Խմբակցության նիստի ժամանակ մեր երեք գործընկերները տեղեկացրել են, որ իրենց դիրքորոշումը մի քիչ այլ է, եւ իրենք կողմ են ներկայացված նախագծին, իսկ խմբակցությունն էլ հարգել է նրանց մոտեցումը:

Հ.Գ. Վահե Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հարցերին հրաժարվեց պատասխանել` հայտարարելով, թե քվեարկությունն իր իրավունքն է, ու ինքը քվեարկել է այնպես, ինչպես ճիշտ է համարում: Իսկ Էլինար Վարդանյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս