Ռոբերտ Նազարյանը կա´մ պետք է հետաձգեր թանկացման գործընթացը, կա´մ հրաժարական տար. Հովհաննես Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) միջև տեղի ունեցածը համարում է երկուստեք կազմակերպված սցենար: Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորը հիշեցրեց ՀԾԿՀ-ի նիստը, որի ժամանակ նույնիսկ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էր հաստատում, որ սա բացառիկ դեպք է:

«Իմ պատկերացումներով, սա երկուստեք կազմակերպված սցենար էր: Ռոբերտ Նազարյանը հայտարարում է, որ սա բացառիկ դեպք է, այսպիսի բան չի եղել: Մենք էլ հայտարարում ենք` բացառիկ դեպք է, կասեցրեք, մինչև էդ մարդը գա, սակայն, քվերակության է դրվում թանկացման հարցը»,- հիշեցրեց Մարգարյանը: Վերջինս վրդովմունք հայտնեց, որ նիստի ժամանակ բոլորը միաբերան կոչ էին անում չքվեարկել թանկացման գործընթացին, մինչդեռ ՀԾԿՀ-ն հակառակն արեց:

«Ես կարծում եմ, որ Բիբինի` Նազարյանին ուղղված նամակն էլ էր պայմանավորվածություն: Սա էլ է նախօրոք ծրագրած սցենար: Իմ այս ասածն իրոք կյանքի իրավունք ունի: Այս ամենը կանխամտածված է: Որևէ տրամաբանություն այս ամենում չկա»,- հավելեց նա Մարգարյանը:

Անդրադառնալով նամակի բովանդակությանը և այն փաստին, որ կարող են հրաժարվեց լիցենզիայից, Մարգարյանը նշեց.  «Ինչ վերաբերում է լիցենզիային, սա էլ է, ըստ էության, այս սցենարի մեջ  մտնում: Սա մեզ փորձելու համար է նաև: Ուզում են հասկանալ` կշարունակե՞նք պայքարել, թե ոչ»,- ասաց Մարգարյանը:

Վերջինս նշեց, որ Ռոբերտ Նազարյանը կա´մ պետք է հետաձգեր գործընթացը, կա´մ էլ հրաժարական տար: Անդրադառնալով Բիբինի պաշտոնանկության հարցին` Մարգարյանը նշեց. «Բիբինի պաշտոնականությունը խնդրի լուծում չէ: Այստեղ խնդիրն անձերի մեջ դիտարկել պետք չէ: 21 դրամ միջին գին վերցնելով ու 42 դրամով վաճառելով` Բիբինը չի բավարարվում: Հիմա էլ ասում է ` 52 դրամ դարձրեք: Ի՞նչ ենք անելու:  Մի ժողովորդ, որ այսօրվա դրությամբ ալրային հրուշակեղենի վրա է նստած, մակարոնեղեն է ուտում, հիմա է՞դ էլ եք տանում ձեռքից»:

Պատգամավորը հավելեց, որ իրենց խմբակցությունը ՀԾԿՀ-ի գործունեությանը վերաբերող նախագիծ է պատրաստում: «Մենք առաջարկում ենք ՀԾԿՀ-ի կազմը փոխել, թո´ղ ժողովուրդը ներկայացուցիչ ունենա: ԱԺ-ն, ՄԻՊ-ը, Հանրային խորհուրդը, Փաստաբանների պալատն այնտեղ մարդիկ ունենան:  Կա´մ պետք է պատասխանատվություն կրի միլիոնավոր սպառողների շահերը ոտնահարելու համար, կա´մ էլ պետք է հրաժարական տա: Ո´չ էն են անում, ո´չ էլ էն, որովհետև օրենք չկա», – եզրափակեց նա:




Լրահոս