Պոլիտեխնիկում կրքերը թեժանում են. Արմեն Աշոտյանը ճնշո՞ւմ է խորհրդի անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային  պոլիտեխնիկական համալսարանում
այսօր    տեղի են  ունենում ռեկտորի ընտրություններ: Մինչ այդ, սակայն, կառավարման խորհրդի նիստը թեժ է ընթանում:

Խնդիրն այն է, որ կառավարման խորհրդի անդամ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նստել է նախագահությունում` կառավարման խորհրդի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանի կողքին: Այս հանգամանքը դուր չեկավ խորհրդի անդամներից մի քանիսին, ովքեր նախարարին կոչ են անում տեղ զբաղեցնել  իրենց շարքերում:

Ի պատասխան` Սամվել Նիկոյանը նշեց, որ Արմեն Աշոտյանը բոլոր համալսարանների նիստերում էլ նստում է նախագահությունում: «Եթե որևէ մեկին հրավիրում եմ, որ նստի այստեղ, ես դա քննարկման թեմա չեմ դարձնում», – նշեց նա:

Խորհրդի անդամներից մեկը նշեց, թե նախարարի` այդտեղ նստելն ավելորդ ճնշում է իրենց և նիստը նախագահողի վրա:  «Նախարարի այստեղ նստելը միմիայն մեր վրա ճնշում գործադրելու համար է, ձեր վրա էլ են ճնշում գործադրում», – նշեց նա: Ի պատասխան Նիկոյանը նշեց. «Մենք էլ, դուք էլ ճնշվողը չեք»: Իսկ խորհրդի անդամը շարունակեց. «Ավելորդ լարվածություն մի ստեղծեք, ոչ մի իմիջի իջեցում չէ: Մենք համաձայն ենք, որ դուք նախարար եք»:

Հավելենք, որ հարցի իրավունքով  հանդես եկավ դասախոսներից մեկը և  նշեց, որ ուսանողներից երեքը, որոնք ընդգրկված են խորհրդում, ավարտել են մագիստրատուրան և այլևս չեն հանդիսանում բուհի ուսանող, ուստի չեն կարող քվեարկել. «Առաջարկում եմ քնարկման դնել նրանց խորհրդից հանելու հարցը»: Ուսանողական խորհրդից Գոռ Իսպիրյանն էլ իր նշեց, որ սա առաջին դեպքը չի, որ փորձում են այնպես անել, որ ուսանողների ձայնը տեղ չհասնի: Նա ասաց, որ ցանկացած տեսակի առիթ օգտագործել են իրենց ճնշելու համար:




Լրահոս