ՀՀ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի մոտ 400 բնակիչ արդեն միացել է Աբովյանի երկաթի հանքավայրի շահագործման դեմ ստորագրահավաքին: Հանքավայրի շահագործման հայտը ներկայացրել է «Սփայս սթայլ» ընկերությունը, որի հիմնադիրներն են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի որդին՝ Սուրեն Այվազյանը, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը եւ «Հեդլայն մայնինգ» ընկերությունը:
Տեղեկացնենք, որ մայիսի 22-ին Կոտայքի մարզպետարանում այս թեմայի շուրջ հանրային լսումներ են տեղի ունեցել, որոնց մասնակցել են ընկերության ներկայացուցիչները, Կոտայք եւ Կապուտան համայնքների բնակիչները եւ մի շարք բնապահպաններ: «Սփայս Սթայլ» ընկերության ներկայացուցիչը մասնակիցներին ներկայացրել է հանքի շահագործման ծրագիրը, որից կապուտանցիներն ավելի են զայրացել: Բանն այն է, որ Կապուտանում նախնական հանդիպման ժամանակ ընկերության կողմից ներկայացվել էր, որ հանքի տարածքը կազմելու է մոտ 50 հա, սակայն հանրային լսումների ժամանակ ընկերության ներկայացուցիչը խոսել է արդեն 90 հա-ի մասին: Հանրային լսումներին ներկա բնապահպանները բարձրաձայնել են «Սփայս Սթայլ» ընկերության ծագման, հումքի մշակման, ձուլարանի ստեղծման հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները, սակայն, լիարժեք չեն եղել:
Կապուտանի բնակիչներն ահազանգում են. երկաթի հանքավայրը, որը «Սփայս սթայլ» ընկերությունը պատրաստվում է շահագործել, գտնվում է Կապուտան գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա` իրենց արոտավայրերի ու մշակովի հողատարածքների հատվածում, որոնք հանքի շահագործման արդյունքում անխուսափելիորեն կոչնչանան:
Կապուտանի բնակիչների կողմից հանդիպում է կազմակերպվել նաեւ հունիսի 11-ին, որին մասնակցել են մի խումբ բնապահպաններ: Թե՛ կապուտանցիները, թե՛ բնապահպանները համոզված են, որ հանքի շահագործման դեպքում կվտանգվի ոչ միայն կապուտանի եւ հարակից համայնքների գոյությունն, այլեւ լուրջ էկոլոգիական խնդիրներ կառաջանան Աբովյան եւ Երեւան քաղաքների համար, քանի որ քամիների միջոցով հանքային փոշին կտեղափոխվի տասնյակ կիլոմետրեր: Կաղտոտվեն նաեւ Երեւան քաղաքին խմելու եւ կենցաղային ջրի 20-25 տոկոսը մատակարարող ջրաղբյուրները:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս խնդրի առնչությամբ կապուտանցիները ստորագրահավաք են կազմակերպել, որին արդեն միացել է մոտ 400 բնակիչ:
Կապուտանի գյուղապետ Սերոբ Միքայելյանը, ով սկզբնական շրջանում դեմ չէր հանքի շահագործմանը, ներկայումս փոխել է իր դիրքորոշումը: Մեզ հետ զրույցում նա մասնավորապես ասաց. «Այդ երկաթի հանքավայրը մոտ 200-250 մետր հեռավորության վրա է գործելու: Սկզբնական շրջանում ես համաձայն էի, որ այն շահագործվեր, որովհետեւ մտածում էի, որ 200 աշխատատեղ կբացվի, բայց հակառակն է ստացվում: Աշխատատեղ բացելու հաշվին մեծ վնաս կհասցվի գյուղին: Իսկ Կապուտանը պատմական գյուղ է»: Գյուղապետի խոսքերով՝ «Սփայս սթայլ» ընկերությունը խոստացել է, որ հանքավայրը շահագործելու դեպքում գյուղում մեծ ներդրումներ կիրականացնի: Մասնավորապես կասֆալտապատեն միջհամայնքային ճանապարհները, մանկապարտեզ կկառուցեն, կհիմնանորոգեն գյուղի վթարային վիճակում գտնվող դպրոցը: «Իրենք անում են ամեն ինչ, որպեսզի կարողանան հաշտության եզրեր գտնել բնակիչների հետ, սակայն Կապուտանի դեպքում դա նրանց չի հաջողվի: Որտեղ կապուտանցիները, այնտեղ նաեւ ես»,- հավաստիացրեց գյուղապետը` տեղեկացնելով, որ այս հարցով դեռ երեք լսումներ պետք է անցկացվեն: Մենք հետաքրքրվեցինք` այս ընթացքում որեւէ պաշտոնյա եկե՞լ է գյուղ, կամ իր նկատմամբ որեւէ ճնշում գործադրվե՞լ է. «Ոչ մի պաշտոնյա չի եկել գյուղ: Նման բան չկա»,- վստահեցրեց գյուղապետը:
«Ժողովուրդ»-ը ՀՀ պետռեգիստրից տեղեկացավ, որ հանքավայրի շահագործման հայտ ներկայացրած «Սփայս սթայլ» ընկերության հիմնադիրներն են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի որդին, ՀՀԿ անդամ, Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը եւ «Հեդլայն մայնինգ» ՍՊԸ-ն: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Սփայս սթայլ» ընկերության հետ, սակայն մեզ չհաջողվեց նրանց մասին որեւէ տեղեկություն գտնել: Իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն էլ համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ