ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Ես կրում եմ տատիկիս անունը, որը բարեհունչ չէ: Ցանկանում եմ փոխել այն: Ո՞ւմ պետք է դիմեմ դրա համար: Խնդրում եմ ասել, թե որքան ժամանակում է հնարավոր կատարել անվանափոխություն, եւ արդյոք ես պետք է գումար վճարեմ:  

Փառանձեմ Խանգելդյան (19 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. 16 տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխել իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը: Անունը փոխել ցանկացող չափահաս անձն անվան փոխման համար պետք է դիմի գրանցման վայրի ՔԿԱԳ տարածքային մարմնին: Վերջինս դիմումը քննության է առնում դիմելու օրվանից 2-ամսյա ժամկետում: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել մինչեւ մեկ ամսով, իսկ ՀՀ արդարադատության նախարարությունը՝ առավելագույնը 2 ամսով: Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք՝ 5000 դրամ: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ 50 000 դրամ, 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 30 000 դրամ, 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ 20 000 դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայկական իրականության մեջ ծնողների անունով զավակին կոչելը հին ավանդույթ է, որը խորհուրդ ունի հավերժացնել տան մեծի հիշատակը` կենդանի պահելով նրա անունը: Սակայն դա երբեմն պարտադրանքի պես մի բան է դառնում՝ անկախ նրանից, թե որքանով է այդ անունը բարեհունչ կամ գեղեցիկ թվում երեխայի ծնողներին: Իսկ գիտակից դառնալով` շատ երեխաներ բարդույթներ են ունենում իրենց հնաոճ ու անբարեհունչ անունների պատճառով: Իհարկե, անհաջող ընտրված անունը կարելի է փոխել, սակայն անվանափոխությունից հետո քաղաքացին անընդհատ դատական գործընթացների մեջ է լինում՝ ապացուցելու համար, որ իրենն է դպրոցի վկայականը, դիպլոմը կամ որեւէ այլ փաստաթուղթ, որն իր նախկին անունով է:




Լրահոս