ԱՆՑՅԱԼԻ ԿԵՂՏԵՐԸ 20 ՏԱՐԻ Է՝ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՄԱՔՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Օննո Սիմոնսը նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ Հայաստանը Եվրոպական միության ու Եվրասիական միության միջեւ ընտրություն անելիս պետք է առաջնորդվի իր շահերով: Նա հիշեցրել էր, որ Եվրասիական միությունը, որի նախաձեռնողն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իր էությամբ նման է ԽՍՀՄ-ին, եւ դրան անդամակցությունը նշանակում է վերադարձ անցյալ. “Եվրասիական միությունը շատ նման է Եվրոպական միությանը: Բայց Եվրասիական միությունը, եթե չեմ սխալվում, պետք է սկսի գործել 2015թ.-ից, իսկ ԵՄ-ն արդեն 60 տարվա փորձ ունի։ Հայաստանը պետք է հասկանա, թե որտեղ են իր շահերը”:
ՀԱՐՑ. Կա՛մ Եվրոպական, կա՛մ Եվրասիական միություն. որտե՞ղ են Հայաստանի շահերը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անձամբ ես երբեք չեմ ուզում վերադառնալ անցյալ, որի կեղտերը 20 տարի է՝ չենք կարողանում մաքրել մեր վրայից: Ես ուզում եմ՝ լինենք, ապրենք այն համակարգում, որտեղ մարդն ունի իրավունք, պաշտպանված է օրենքով եւ կարեւորում է իր մասնակցությունը երկրում կատարվող պետական իրադարձություններին ու իրեն վերաբերվող որոշումներին եւ հավատում է իրեն:
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն
ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք պետք է կարողանանք կշռադատել մեր շահերը, պետք է հասկանանք, թե ճիշտը որն է` բոլոր ուղղություններից հրաժարումը, թե երկու ուղղություններով փոխշահավետ համագործակցումը: Այսօր մենք ունենք կայացած Եվրոպական միություն եւ Եվրասիական միություն, որը դեռ կայացած կառույց չէ, բայց կայացմանն ուղղված մի շարք քննարկումներ են իրականացնում: Ավելին, շահեկան դիրքում լինելու համար նախ մենք պետք է հստակ պատասխան ունենանք, թե դա ինչ է տալիս մեզ: Եթե մենք գնում ենք Եվրասիական միության ճանապարհով, ապա պետք է խաչ քաշենք եվրոպական կառույցների վրա, իսկ Եվրասիական միությունն արդյոք մեզ խոստանում է ավելին: Եթե հակառակը, մենք գնանք Եվրոպական միության ճանապարհով, այս դեպքում Ռուսաստանի քայլերն անկանխատեսելի կարող են լինել մեր անվտանգության տեսանկյունից: Մենք պետք է շարունակենք մեր այսօրվա քաղաքական ուղղությունը:
ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ
ԱԺ արտաքին հարաբերությունների 
մշտական հանձնաժողովի անդամ  
ՊԱՏԱՍԽԱՆ. “Ազատ դեմոկրատներ”-ն անթույլատրելի է համարում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, եւ այդ մասին մենք հայտարարություն ենք տարածել՝ հստակ նշելով պատճառները: Եվրասիական միությանը կարող է անհաղթահարելի խոչընդոտ հանդիսանալ ՀՀ ազատական զարգացման եւ ինքնուրույնության համար: Միեւնույն ժամանակ, “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը լիահույս է, որ այդ հարաբերությունները չեն տուժի արհեստածին եւ կայսերապաշտական պարտադրված համակարգի շրջանակներում, այլ կզարգանան երկու պետությունների համար փոխշահավետ պայմաններում: Հայաստանի քաղաքական եւ տնտեսական հետագա զարգացումը հնարավոր է միմիայն եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալու պարագայում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
“Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր 
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս