Հունիսի 20-ին Վարդենիս – Քարվաճառ մայրուղով Արցախ են ժամանել հիմնականում ռուսաստանաբնակ շուրջ 200 ընտանիքներ՝ «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ:
Հայրենի երկրամասում իրենց ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով ավտոերթով Արցախ ժամանածներին Քարվաճառի մատույցներում անձամբ դիմավորելու էր գնացել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին նաև արցախյան երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, երիտասարդները հայրենադարձ արցախցիներին դիմավորել են աղ ու հացով, պաստառներով ու ծափողջյուններով:
ԼՂՀ վարչապետը, ողջունելով բոլորին, հատուկ շնորհակալություն է հայտնել «Արցախ» հայրենակցական միությանը՝ ի դեմս նախագահ Վարուժան Գրիգորյանի, նման նախաձեռնության համար: Ա.Հարությունյանը մասնավորապես նշել է, որ այդ նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի Արցախի ու Արցախից դուրս ապրող ծագումով արցախցիների համար: «Նախ սա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր արցախցու գոնե տարին մեկ անգամ լինել Արցախում և ապրել իր հայրենակիցների հետ: Կապե ՛ք ձեր երեխաներին ու թոռներին ձեր հայրենիքի հետ, որպեսզի նրանք չկորցնեն իրենց ինքնությունը, այդպես նաև մեծապես կաջակցեք Արցախի շենացմանը»,-ասել է վարչապետը:
Իր հերթին «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանը, ողջունելով ու շնորհակալություն հայտնելով վարչապետ Հարությունյանին նման ջերմ ընդունելության համար ասել է. «Ես շատ ուրախ եմ և ոգևորված, որ այսքան մարդ է արձագանքել մեր առաջին կոչին: Այն, անշուշտ, շարունակական է լինելու: Իսկապես, սա մեծ հայրենսիրական քայլ է, և կարծում եմ՝ ամեն մի հայ պետք է գոնե մեկշաբաթյա հանգիստ անցկացնի իր հայրենի հողում»: Կոչն, ըստ Գրիգորյանի, չորս միտում ունի՝ հայրենասիրություն, տնտեսական աճ, վերաբնակեցում՝ հայրենադարձություն և անվտանգության խնդիրների ապահովում:
«Ես Մարտակերտի շրջանի Չափար գյուղից եմ: «Արցախ» հայրենակցական միության կոչին նաև մեր ընտանիքն է արձագանքել: Մենք ժամանել են Ռոստով քաղաքից: Ամեն տարի մեկամսյա հանգիստ ենք ունենում մեր հայրենիքում, մեր սրտերը հանգստացնում, կարոտը առնում հայրենի հողից»,- ասել է նախաձեռնության մասնակից Կարինե Դանիելյանը և ավելացրել, որ արդեն 24 տարի է, ինչ Արցախում չեն ապրում:
Նշենք, որ միջոցառման նախաձեռնությունը պատկանում է «Արցախ» հայրենակցական միությանը:
«Արցախ» հայրենակցական միությունը կոչ էր արել աշխարհի բոլոր հայերին, և հատկապես ծագումով ղարաբաղցիներին, ովքեր ապրում են արտասահմանում, պարբերաբար այցելել հայրենի երկրամաս և ամեն տարի իրենց ընտանեկան արձակուրդի գոնե մեկ շաբաթն անցկացնել Արցախ: