ՆԵՐՍՈՒՄ ՆԻՍՏ, ԴՐՍՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ. ՈՐՏԵ՞Ղ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ժամը 11:00-ին, պետք է մեկնարկի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որի ընթացքում պետք է քննարկվի Հայաստանի տնտեսության համար կարեւորագույն նշանակություն ունեցող եւ վերջին մեկ ամսում հանրային լայն քննարկման առարկա դարձած էլէներգիայի սակագնի թանկացման հարցը: Առայժմ դժվար է ասել, թե արդյոք ՀԷՑ-ը կհամարձակվի հաստատել իր կողմից արդեն իսկ հրապարակված որոշման նախագիծը, որով նախատեսվում է էլէներգիայի սակագինը 41,85 դրամից դարձնել 48,78 դրամ: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը պատրաստվում է ՀԾԿ հանձնաժողովի շենքի դիմաց (Սարյան փող., 22 շենք) ժամը 11:00-ին բողոքի ցույց կազմակերպել: Իսկ «Ոչ թալանին» նախաձեռնությունը ծրագրում է վաղը` 18:00-ին, Բրազիլիայի հրապարակի, այսինքն` «Հրազդան» մարզադաշտի մոտից ավտոերթ կազմակերպել, իսկ հաջորդ օրը այս նախաձեռնությունը ծրագրում է Ազատության հրապարակում մեծ հանրահավաք կազմակերպել` ընդդեմ էլէներգիայի թանկացմանը:
Այսինքն` իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ էլէներգիայի սակագնի բարձրացման շուրջ հանրային բողոքը ոչ միայն չի նվազում, այլեւ նորանոր դրսեւորումներ է ստանում: Այս պատմության մեջ, սակայն, ուշագրավն այն է, որ ՀՀ ղեկավարությունը մի տեսակ անցել է ընդհատակ: Սերժ Սարգսյանը, որ անգամ գյուղատնտեսական ամենամանր հարցերով հարկ էր համարում հատուկ խորհրդակցություն հրավիրել, ձեռքը հարվածել սեղանին, հոխորտալ, թե դեմքով շրջվում ենք դեպի գյուղը, վերջին շրջանում լռում է: Մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող էներգետիկ համակարգում առաջացած ճգնաժամի մասով երկրի ղեկավարն ասելիք չունի՞: Ո՞ր ուղղությամբ է նայում նրա դեմքը:

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ տեւական ժամանակ է, ինչ դատարկվում է Սեւանի հայտնի «Ախթամար» հյուրանոցային համալիրը: Գույքը մաքրում են տարածքից: Ինչպես հայտնի է՝ այդ համալիրի ներսում գործել է «Գոլդեն Փելես» խաղատունը, որտեղ արաբ մի շեյխ խոշոր գումար էր շահել (հավանաբար համալիրի գնի չափով): Հիշեցնենք, որ համալիրը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկին): Արդեն տեւական ժամանակ է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է կապ հաստատել համալիրի տնօրինության հետ, բայց ապարդյուն: Հեռախոսահամարներին ոչ ոք չի պատասխանում: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, պատասխանելով մեր հարցերին, թե ինչու է իր ընկեր Լեւոն Սարգսյանին պատկանող համալիրի գույքը հանվում շենքից, եւ ինչո՞ւ է Լ. Սարգսյանը նման իրավիճակում հայտնվել, պատասխանեց, որ ինքը որեւէ տեղեկություն չունի: Ի դեպ, Լ. Սարգսյանը մշտապես համարվել է Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ, որը պարբերաբար հայտնվում էր աղմկոտ քրեական պատմությունների կիզակետում:

 

 

 
Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ «Գլենդել հիլզ» ընկերության աշխատակիցները արդեն մոտ 9 ամիս է՝ իրենց աշխատավարձերը չեն ստացել: Ավելին, ըստ լուրերի՝ ոչ ոք չգիտի, թե աշխատավարձերը երբ կվճարվեն, քանի որ ընկերության տնօրինությունը խուսափում է կոնկրետ ժամկետներ նշելուց: Աշխատակիցների պատմելով՝ աշխատավարձերի ուշացումը անմիջական կապ ունի ընկերության հնարավոր սնանկացման հետ: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց ընկերության հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն, որտեղից ի պատասխան մեր հարցմանը՝ ասացին, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունն իր եւ աշխատակիցների աշխատանքային կամ իրավապայմանագրային փոխհարաբերությունների հետ կապված հարցերը չի քննարկում երրորդ կողմի հետ: Այլ կերպ ասած՝ «Գլենդել հիլզից» չհերքեցին, որ ընկերությունը աշխատակիցների նկատմամբ ամիսների կուտակված պարտքեր ունի:

 

 

 
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին մի «գաղտնի» նամակ է գրել: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց ձեռք բերել այդ նամակի պատճեն: Տեղեկացնենք, որ գրությամբ Բիբինը զգուշացրել է Նազարյանին, որ եթե էլէներգիայի սակագինը 6,93 դրամով թանկանա, հնարավոր է Հայաստանում անխափան էլէներգիա չունենանք: «Ընկերությունը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին եւ հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը, ինչպես նաեւ՝ ապահովել մատուցվող ծառայության որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների իրականացումը»,- նշված է Բիբինի նամակում: Ավելին՝ ՀԷՑ գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ եթե ՀԾԿՀ-ն ընդամենը 6,93 դրամով թանկացնելու որոշում կայացնի, ապա իրենց ընկերությունը կդիմի այդ հանձնաժողովին «լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով»: Այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ը սպառնում է էներգամատակարարման համակարգի գործունեությունը դադարեցնել:

 

 

 

 
ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ

Ֆլորիդայի նախկին նահանգապետ, հանրապետական Ջեբ Բուշը նախօրեին Մայամիում հայտարարել է, որ ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը: Հիշեցնենք, որ խոսքը ԱՄՆ նախկին երկու նախագահների` Ջորջ Բուշ ավագի որդու եւ Ջորջ Բուշ կրտսերի եղբոր մասին է: Ասել է թե` ԱՄՆ-ում շարունակվում է ազդեցիկ ընտանիքների տարբեր անդամների` երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու ավանդույթը (հիշենք նաեւ Քենեդիներին): Ընդ որում, այս անգամ դրա դրսեւորումներին ենք ականատես լինելու ոչ միայն հանրապետական կուսակցության, այլեւ դեմոկրատների մոտ: Վերջինի ամենահավանական թեկնածուն ԱՄՆ մեկ այլ նախկին նախագահի` Բիլ Քլինթոնի կինն է` ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Այսպիսով` ստացվում է, որ ողջ աշխարհին ժողովրդավարության դասեր տվող եւ քաղաքական ամենաառաջադիմական համակարգն ունեցող երկրի համարում ունեցող ԱՄՆ-ում տարիներ շարունակ իշխանությունը փոխանցվում է հորից որդուն, ընտանիքի մի անդամից մյուսին, պարզապես դա տեղի է ունենում որոշակի ընդմիջումներով: Ու թեեւ Ջեբ Բուշի՝ ներկայիս գովազդային արշավի պատասխանատուները փորձել են շեշտը դնել թեկնածուի անվան վրա եւ երկրորդ պլան մղել նրա հանրահայտ Բուշ ազգանունը, այն դիտարկելով որպես բացասական ազդեցություն ունեցող գործոն, ամեն դեպքում դժվար թե ԱՄՆ-ում որեւէ մեկը համարի, որ իր երկրում ֆեոդալական կարգեր են, որտեղ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար: Մի բան, որը ծայրահեղ քննադատության է արժանանում մեր երկրում, որտեղ ինչպես տարիներ առաջ, այնպես էլ տակավին վերջերս եղան հորից որդուն, աներոջից փեսաներին իշխանության փոխանցման դրսեւորումներ:
Ստացվում է, որ մենք ավելի զգայո՞ւն ենք ժողովրդավարական արժեքների հանդեպ: Բնականաբար` ոչ: Պարզապես քանի որ ԱՄՆ-ում բոլորը, այդ թվում եւ երկրի նախագահն ու նրա մերձավորները, օրենքի առաջ հավասար են, եւ ԱՄՆ քաղաքացիները մեկ անգամ չէ, որ դրանում գործնականում համոզվելու հնարավորություն են ունեցել, այս կամ այն թեկնածուի ընտանեկան կապերը ամերիկացիների համար կարեւոր չեն: Իսկ Հայաստանում դա չափազանց կարեւոր է, քանի որ այստեղ այդ կապերը տալիս են անսահմանափակ հնարավորություններ` օրենքից վեր կանգնելու եւ անպատժելիության համար:
Նույնը Ֆրանսիայում. այստեղ քչերը գիտեին, որ այդ երկրի նախկին նախագահի` Ֆրանսուա Միտերանի դուստրը նրա լրատվության պատասխանատուն էր: Դա ֆրանսիացիներին այդքան էլ չէր հետաքրքրում, քանի որ նախագահի դուստրը լինելու հանգամանքը որեւէ կերպ չէր արտացոլվում ո՛չ այդ երկրի լրատվական դաշտի վերահսկողության, ո՛չ էլ մատուցված տեղեկատվության որակի վրա: Մինչդեռ Հայաստանում այս իմաստով պատկերը տրամագծորեն տարբերվում է: Եվ դարձյալ ամբողջ խնդիրը օրենքի բացարձակ եւ համահավասար գերակայության մեջ է:




Լրահոս