ՀԱՅՐԸ ԿԲՈՂՈՔԱՐԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Թաթուլ Ենգիբարյանը, ում 20-ամյա որդին մահացել է Իջեւանի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի գործողությունների հետեւանքով, վերջինիս նկատմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը չափից դուրս մեղմ է համարում եւ մտադիր է բողոքարկել այն: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց հենց ինքը` Թաթուլ Ենգիբարյանը` հավելելով, որ վերաքննիչ բողոք կազմելու համար օգտվում է փաստաբանի ծառայություններից: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրից տեղեկացանք, որ զինվորական դատախազությունը դեռեւս չի բողոքարկել Սերգեյ Կարապետյանի դատավճիռը: Հավանաբար դրա պատճառն այն է, որ այդ դատավճիռը ծավալուն է, կազմում է 52 էջ, եւ այն ուսումնասիրելու ու բողոքարկելու համար զինվորական դատախազությանը որոշակի ժամանակ է հարկավոր: Նոյեմբերի 13-ին Բերդում կայացած նիստի ժամանակ դատավոր Զոյա Զաքինյանը Սերգեյ Կարապետյանին դատապարտեց 6, իսկ նույն զորամասի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանին՝ 3 տարվա ազատազրկման: Վերջինս կալանքի տակ չէր եւ համաներմամբ ազատվեց պատժի կրումից: Մինչդեռ զինվորական դատախազ Ներսես Միսակյանը պահանջել էր Ս. Կարապետյանին դատապարտել 14, իսկ Հ. Դալլաքյանին՝ 4 տարվա ազատազրկման: Իսկ ամբաստանյալների պաշտպան Մամիկոն Թորոսյանը պահանջել էր արդարացնել իր պաշտպանյալներին: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2010թ. դեկտեմբերի 31-ին, երբ իրենց ընկերոջը դեղորայք տարած տղաներին զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը բերման էր ենթարկել իր աշխատասենյակ եւ ահաբեկել, ինչի արդյունքում փախչելու փորձ արած երիտասարդներից մեկը` 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը, պատուհանից թռչելիս կոտրել էր ոտքը, իսկ 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ ստացել եւ 10 օր անց, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս