ՁՎԵՐ, ՊՈՄԻԴՈՐՆԵՐ ԵՎ ԱՄՈԹԱՆՔ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես եւ սպասվում էր` երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց ՀԷՑ-ի ներկայացրած հայտը եւ ընդունեց էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու մասին որոշումը:

Նիստին զուգահեռ դրսում ՀՅԴ, ՕԵԿ երիտասարդական թեւի անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով հետաձգել քննարկումը եւ միջազգային աուդիտ անցկացնել ՀԷՑ-ում` հայտարարված գողության դեպքերը ուսումնասիրելու նպատակով: Ցուցարարները «3 անգամ թանկացնում եք, որ ի՞նչ անեք» «Թալանից 365.000.000 դրամ շքեղ մեքենաներին» եւ նմանատիպ այլ գրություններով հանձնաժողովի դիմաց էին` հույս ունենալով, որ իրենց ճնշման ներքո հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը կհետաձգի քննարկումը կամ կմերժի հայտը:
Բողոքի ակցիային ներկա էին ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիջյանը, Արմեն Ռուստամյանը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Եվգենի Բիբինը գոնե պետք է իր սպառողներին հարգեր եւ ներկայանար այս նիստին: Լրագրողների հարցին` ինչու ՀՀԿ-ն չի կարողանում Բիբինին նման քննարկումներին ու նիստերին պարտադրել, որ ներկայանա, պատգամավորը պատասխանեց` Հանրապետական կուսակցությունը համապատասխան իրավական լծակներ չունի Բիբինին պարտադրելու ներկայանալ այս նիստին կամ, առհասարակ, որեւէ քննարկման:
Մինչ հանձնաժողովում ընթանում էր նիստը, դրսում հավաքված երիտասարդները պահանջում էին Ռոբերտ Նազարյանի եւ հանձնաժողովի հրաժարականը: «Եթե չեք կարողանում ժողովրդի համար որոշումներ կայացնել, ապա հրաժարական տվեք, թող նոր հանձնաժողով ձեւավորվի, ու նորից քննարկվի հայտը»,-պահանջում էին նրանք` պնդելով, որ Ռոբերտ Նազարյանը ներքեւ իջնի եւ բացատրություններ տա:
Ակցիայի մասնակիցները տեւական ժամանակ որեւէ անօրինական գործողություն չէին կատարում, պարզապես խաղաղ կոչերով իրենց բողոքն էին արտահայտում: Սակայն նրանք անակնկալ կերպով սկսեցին հանձնաժողովի ուղղությամբ ձվեր եւ զուգարանի թուղթ նետել: Դժգոհության նման դրսեւորման պատճառը հանձնաժողովի ներսից ստացված լուրն էր այն մասին, որ օգոստոսի մեկից հոսանքը 6,93 դրամով թանկացնելու որոշումն ընդունվեց: Եվ հենց այդ պահին սկսվեց բախումը ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ըստ էության, կրկնվեց այն, ինչ տեղի էր ունեցել մեկ տարի առաջ` էլէներգիայի սակագնի թանկացման նախորդ որոշման կայացումից հետո: Հավաքվածները ցանկանում էին ամեն կերպ մտնել ներս, իսկ ոստիկանները, բնականաբար, դա թույլ տալ չէին կարող: Ոստիկանությունը համալրեց իր ուժերը կարմիր բերետավորներով, որոնք ցուցարարներին հրելով՝ հեռացրին հանձնաժողովի մուտքի մոտից: Իրավիճակն այն աստիճան անկառավարելի էր, որ ոստիկանության աշխատակիցները հաշվի չէին առնում նույնիսկ համապատասխան վկայագրերով լրագրողներին եւ հրամայում էին բոլորին հրելով հեռացնել տարածքից` անտեսելով այն հանգամանքը, որ իրենց հրելու արդյունքում աստիճաններից մարդիկ ներքեւ էին ընկնում: Այդ բախումների ժամանակ ձեռքի վնասվածք ստացավ լրագրողներից մեկը, ում առաջին բուժօգնության տրամադրումից հետո տեղափոխեցին հիվանդանոց:
Ցուցարարները, սակայն, չընկրկեցին, նրանք շարունակում էին արտահայտել իրենց բողոքը: Այդ ընթացքում հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը իջավ ներքեւ եւ խոստացավ ցուցարարներին նրանց առաջարկները ներկայացնել նիստում: Աշխատակազմի ղեկավարի հեռանալուց որոշ ժամանակ հետո հավաքվածները կրկին սկսեցին վանկարկումները, ընդհուպ մինչեւ Բիբինին հայհոյանքներ տալը: Այդ ընթացքում ակցիայի մասնակիցներին մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` իրեն հատուկ ոճով փորձելով հանգստացնել երիտասարդներին: Հանուն արդարության, պետք է նշել, որ վերջինիս գալուց հետո իրավիճակը հանդարտվեց, իհարկե, ժամանակավոր:
Ոստիկանությունը, ի դեմս Օսիպյանի, մի քանի անգամ ակցիայի մասնակիցներին հորդորեց հակաօրինական քայլեր չկատարել՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում նրանք բերման կենթարկվեն ոստիկանության բաժին: Թվում էր, թե այդ զգուշացումը վախեցրեց ակցիայի մասնակիցներին, սակայն դա այդպես չէր. ցուցարարները շարունակելով Ռոբերտ Նազարյանին ամոթանք տալ` սկսեցին պոմիդորներ նետել իրավապահների եւ հանձնաժողովի շենքի ուղղությամբ:
Նրանցից մեկն անգամ կատակեց` ասելով. «Օսիպյանն ասեց՝ ձվեր չնետել, մենք էլ պոմիդոր ենք նետում»:
Ակցիայի մասնակիցներին եւս մեկ անգամ հորդորելուց հետո ոստիկանության մեքենաները շարվեցին հանձնաժողովի շենքի մոտ, որից մոտ 15 րոպե հետո հավաքվածներից 7-ին բերման ենթարկեցին: Նորից սկսվեց անկառավարելի իրավիճակը: Ոստիկանները ցուցարարներին գրկած, հարկադիր նստեցնում էին մեքենաների մեջ: Դրանից էլ ավելի բորբոքված ակցիայի մասնակիցները սկսեցին վիճել ոստիկանների հետ եւ հայհոյել նրանց: Երիտասարդները մարտական տրամադրված շարժվեցին դեպի ոստիկանության կենտրոնի բաժին` պահանջելու ազատ արձակել իրենց ընկերներին: Նշենք, որ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական բերում` զանգվածային միջոցառման ժամանակ անկարգություններ անելու համար: Ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ մի քանի ժամ սպասելուց հետո ակցիայի մասնակիցները ծափահարություններով դիմավորեցին իրենց ընկերներին ու հեռացան` հունիսի 19-ի մեծ երթին միանալու մտադրությամբ:

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

 

 

 

 

Ո՞ՒՄ ԿԱԼՎԱԾՔՆ Է ԴԻԼԻՋԱՆԸ

Երեկ ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում էր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ներդրումները խրախուսելուն միտված Կառավարության նախագիծը: Դրանով, մասնավորապես, նախատեսվում է սահմանել հարկային եւ մաքսային արտոնություններ այն ներդրողների համար, որոնց կողմից իրականացվող տարածքների, առանձին ոլորտների կամ բնագավառների զարգացման կամ օբյեկտների կառուցապատման եւ շահագործման առանձնահատուկ ծրագրերը հավանության են արժանացել ՀՀ Կառավարության կողմից:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար եւ հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանը նշեց, թե օրենքով նախատեսվում է ստեղծել մեխանիզմ, որը կխրախուսի երկարաժամկետ եւ համակարգային ներդրումների ներգրավումը: Նա նաեւ տեղեկացրեց, որ օրենքով նախատեսվում է Դիլիջան քաղաքում եւ հարակից տարածքներում գործունեության այնպիսի տեսակների արգելում, որոնք բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա:
Սակայն ներդրումների իրականացման առումով պատգամավորներից շատերը մտավախություններ ունեին: Մասնավորապես, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ նման ցանկություններ շատ են եղել, սակայն ոչ մեկն էլ չի իրականացվել: «Ես ուզում եմ հիշեցնել նախորդ վարչապետի «իդեան»` այծի պանիրը դարձնել «Շանելին» հավասար բրենդ, որն այդպես էլ չդարձավ: Բա՞ որ այդ բիզնես արտոնությունները տվեցինք, ու ներդրումներ չեղան… Ներդրում անող չկա, հիմա բա՞ որ այս պրոյեկտն էլ արժանանա Տիգրան Սարգսյանի` այծի պանիրը համաշխարհային բրենդ դարձնելու տեսլականին, ի՞նչ ենք անելու, եւ, ի վերջո, ո՞ւմ են հաշվետու լինելու այս պրոյեկտի համար ներդրում անողները», – հետաքրքրվեց նա: Ի պատասխան՝ Վաչե Տերտերյանը հավաստիացրեց, թե գործընթացը թափանցիկ կլինի:
Այս նախագծի վերաբերյալ խոսեց նաեւ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` զարմանք հայտնելով առ այն, որ որեւէ պետության մեջ կարող է նման նախագիծ լինել:
«Էս օրենքի նախագիծն, ըստ էության, ասում է, որ եկեք` օրենքով Դիլիջան քաղաքում պետական հեղաշրջում անենք: Էն կառավարման համակարգը, որ գոյություն ունի, օրենքով քցենք մի կողմ, ստեղծենք մի հատ մարմին, քաղաքապետին ու ավագանուն պատանդի կարգավիճակում տանք էդ մարմնին, որպեսզի այդ մարմինը քաղաքապետին ու ավագանուն մարիոնետի կարգավիճակում օգտագործի նենց, ոնց որ ուզում է: Սա հակապետական օրենքի նախագիծ ա: Կարող ա վաղն էլ մի հատ բերեք ամբողջ Հայաստանի Հանրապետության համար: Կներեք, սա օրենքի նախագիծ է Դիլիջան քաղաքը` որպես կալվածք, Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին:
Ես շատ հարգանքով եմ վերաբերվում այն ինտելեկտուալ ծրագրերին, որոնք նա իրականացնում է, բայց սա նույն երեւույթի շարունակությունն է, որ Սյունիքը տանք Սուրեն Խաչատրյանին, Աբովյան քաղաքը` Գագիկ Ծառուկյանին, Արտաշատ քաղաքը` Հովիկ Աբրահամյանին եւ իր ընտանքին, Մալաթիա-Սեբաստիան` Սամվել Ալեքսանյանին, իսկ Դիլիջանն էլ կտանք Ռուբեն Վարդանյանին: Կառավարությունն արդեն մեր պետական համակարգի դեմ օրենքի նախագծեր ա բերում», – եզրափակեց պատգամավորը:
Հարցի քննարկման շարունակությունը եւ քվեարկությունը տեղի կունենան այսօր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ՎՆԱՍ

Հունիսի 11-ի երեկոյան շուրջ կես ժամ տեղացած կարկուտը վնասներ է պատճառել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս, Լճկաձոր, Այրում, Հաղթանակ, Բագրատաշեն, Բերդավան բնակավայրերին: Կարկտահարության պատճառած վնասները շատ մեծ են հատկապես Արճիս, Լճկաձոր գյուղերում եւ Այրում քաղաքում: Համացանցում տարածվել են ոչ պրոֆեսիոնալ նկարահանված կադրեր, որտեղ երեւում են հավի ձվի մեծության եւ նույնիսկ ավելի մեծ չափի սառցե գնդեր:

Կարկտահարությունից հետո բնական տարերքից տուժած բնակավայրերում ստեղծվել են տեղական հանձնաժողովներ, որոնք հաշվարկել են պատճառված վնասների չափը եւ տվյալները ուղարկել Տավուշի մարզպետարան: «Ժողովուրդի» հետ զրւյցում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ Արճիսում, Լճկաձորում եւ Այրումում ցանքատարածությունների եւ պտղատու այգիների բերքն ամբողջությամբ ոչնչացել է:
Ըստ տեղական հանձնաժողովների կատարած հաշվարկների՝ Արճիսում կարկտահարության պատճառած վնասը 244 միլիոն է, Լճկաձորում՝ 40, Այրումում՝ 15 միլիոն դրամի չափ է: Վերոհիշյալ 3 բնակավայրերում կարկտի հարվածներից բազմաթիվ տների տանիքների ազբոշիֆերներ, լուսամուտների եւ ավտոմեքենաների ապակիներ, ջերմոցների ծածկեր են ջարդվել: Դրանց հասցված վնասը ներառված չէ կարկտահարության վնասների մասին ակտերի մեջ: Վ. Սուքոյանն ասաց, որ Լճկաձորում եղել է 1000-ից ավել մեղվաընտանիք: Կարկտահարության պատճառով դրանք գրեթե բոլորը ոչնչացել են: Լճկաձորում ավերվել է նաեւ 600 քառակուսի մետր մակերեսով ջերմոց: Թե ով պետք է փոխհատուցի այս կորուստները, հայտնի չէ:
Սուքոյանի տեղեկացմամբ` առաջիկայում Տավուշի մարզպետարանի հանձնաժողովը կլինի Հաղթանակ, Բերդավան, Բագրատաշեն գյուղերում եւ կպարզի, թե այդ գյուղերի տեղական հանձնաժողովների կողմից կազմված, կարկտահարության վնասների մասին տեղեկանքների տվյալները որքանով են համապատասխանում իրականությանը: Դրանից հետո կարկտահարության վնասների վերաբերյալ բոլոր տվյալները կներկայացվեն ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս