Եկող երեկուշաբթի` հունիսի 22-ին, կմեկնակի ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որը խոստանում է «թեժ» լինել հայկական պատվիրակության համար: Նախատեսվում է, որ այս նստաշրջանում քննարկվելու է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով փաստաթուղթը, որտեղ հակահայկական այսպիսի մի ձեւակերպում կա. «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»: Փաստաթղթի հեղինակները Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունդը եւ Թադեուշ Իվինսկին են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փաստաթուղթը նախատեսվում է քվեարկության դնել հունիսի 23-ին: Այսինքն՝ իրավիճակը շտկելու եւ այդ ձեւակերպումը փաստաթղթից հանելու համար ՀՀ պատվիրակությունը ընդամենը մեկ օր է ունենալու: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է, որն անմիջական պատասխանատվություն է կրում այս իրավիճակի համար, քանի որ չի կարողացել փաստաթղթում նման ձեւակերպման ներառումը կանխել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց նրանից պարզել, թե իրենք ինչ են անելու այդ ձեւակերպումը փաստաթղթից հանելու ուղղությամբ, Նաղդալյանը ուշագրավ պատասխան տվեց. «Գործ ենք անելու» եւ բազմազբաղությունը պատճառաբանելով՝ հեռացավ:
Նկատենք, որ 2014-ի գարնանը, երբ Հերմինե Նաղդալյանը գլխավորեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը, սկսեցին մեկը մյուսին հաջորդել ի վնաս Հայաստանի ընդունված փաստաթղթերը: Սակայն Նաղդալյանը կարծես թե դրանից առանձնապես վատ չի զգում եւ շարունակում է իր անունից սարքովի հարցազրույցի պատրաստի տեքստեր տարածել մի քանի լրատվամիջոցներով, հպարտանալ, թե ինչ խելոք մտքեր է արտահայտել (մինչդեռ դրանց հեղինակն ամենեւին էլ ինքը չէ) ու համարել իր գործն ավարտված:
Երեկ ՀՀ ԱԺ առաջին ընթերցմամբ քվեարկեց եւ ընդունեց «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագիծը: Մինչ քվեարկությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկել: Բայց հետո պարզվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած անձնական կապերով հայտնի ԲՀԿ-ականներ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը կողմ էին քվեարկել նախագծին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանց կողմ քվեարկության համար խնդրել էին Ռ. Քոչարյանի գրասենյակից: Ինչպես հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, այդ օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո Դիլիջանը եւ հարակից տարածքները փաստացի կանցնեն գործարար Ռուբեն Վարդանյանի «IDeA» հիմնադրամի տիրապետման տակ: Հիշեցնենք, որ այդ հիմնադրամը ղեկավարում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որը համարվում է Քոչարյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը, եւ նրանց միջեւ իմ ու քոն չկա:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 17-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված դատախազները նման քայլի են դիմել աշխատավարձի ցածր լինելու պատճառով: Հիշեցնենք, որ Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արտակ Քալաշյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Էմիլ Հարությունյանը իրենց դիմումի համաձայն ազատվեցին պաշտոնից: Մեզ հայտնի դարձավ, որ չի բացառվում՝ նրանք ընտանիքներով արտագաղթեն ՀՀ-ից: Տեղեկացնենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նշված դատախազների աշխատավարձը, առանց պահումների եւ հավելավճարների, կազմում է 297 հզ. 630 դրամ, բայց առձեռն նրանք ստանում են 210 հզ. 675 դրամ: Ամեն տարվա ստաժի համար նրանց աշխատավարձը 2 տոկոսի չափով ավելանում է: Իսկ եթե դասային աստիճան ունեն, հավելավճար կստանան: Ստացվում է, որ երիտասարդ եւ ստաժ չունեցող նոր կադրի համար դատախազի պաշտոնը այնքան էլ գրավիչ չէ, եթե նա ի սկզբանե չի որոշել կաշառակերությամբ զբաղվել:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երկու օր առաջ այցելել է Արմավիրի բժշկական կենտրոն եւ ծանոթացել այնտեղ բուժվող երեխաների առողջական վիճակին: Ով եղել է «Արմավիր» բ/կ-ում, կփաստի, որ այնտեղի հիվանդասենյակները քարուքանդ եւ հակասանիտարական վիճակում են գտնվում: Մյուս կողմից էլ, ինչպես մնացած նախարարների դեպքում է, Արմեն Մուրադյանի այցը քարոզչական է եղել, ուստի դրա մասին պետք է հաղորդագրություն տարածվեր: Դրա համար էլ լուսանկարներում բ/կ-ի քարուքանդ վիճակը չպիտի արտացոլվեր: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախարարին ուղեկցող լուսանկարիչները շատ են չարչարվել, որպեսզի նախարարին պայծառ եւ ապահով ֆոնին ներկայացնեն, որ հիվանդանոցի անմխիթար վիճակը նկարներում չարտացոլվի: Սակայն նրանց այդպես էլ չի հաջողվել այդ խնդիրն ամբողջությամբ լուծել. որոշ կադրերում, ուշադիր նայելու դեպքում, կարելի էր տեսնել հիվանդանոցի անմխիթար վիճակը: Հետաքրքիր է՝ Արմեն Մուրադյանը գոնե գիտակցե՞լ է, որ այդ քարուքանդ վիճակի համար պատասխանատու է հենց այն կառավարությունը, որին ինքն է ներկայացնում:
ՄԻԱՍՆԱԿԱՆ
Այսօր կկայանա «Ոչ թալանին» նախաձեռնության հրավիրած հանրահավաք-երթը` ընդդեմ էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման: Կազմակերպիչները մեծ ակնկալիքներ ունեն, որ հանրահավաքը կլինի բազմամարդ, իսկ մասնակիցների տրամադրվածությունն էլ` վճռական: Արդյոք այդ ակնկալիքները կարդարանան, եւ սակագնի թանկացման դեմ ընդվզման այսօրվա ակցիան կլինի այնքան հուժկու, որ իշխանություններին մտածելու տեղիք կտա, պարզ կդառնա արդեն երեկոյան: Սակայն այսօրվա ակցիայից բացի՝ շատ կարեւոր է այն, թե ինչ կլինի դրանից հետո. արդյոք այս ալիքը կունենա իր շարունակությունը այնպես, ինչպես դա եղավ 2013-ին` տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարում, որի տեւական եւ անզիջում ընթացքի արդյունքում Երեւանի քաղաքապետը, ի վերջո, ստիպված եղավ ընկրկել եւ չեղյալ հայտարարել կայացված որոշումը:
Ընդ որում, այն ժամանակ եւս քաղաքային իշխանությունները պնդում էին, որ սակագինը չթանկացնելու դեպքում համակարգը կաթվածահար կլինի, որ փոխադրողներն արդեն իսկ աշխատում են վնասով եւ այլն: Սակայն ինչպես տեսանք` երկու տարի անց համակարգը կաթվածահար չեղավ, փոխադրողներից որեւէ մեկն էլ չհրաժարվեց իր «գծից», ընդամենը ստիպված եղան մի քիչ ավելի պակաս շահույթ ստանալ` տարիներ ի վեր ունեցած գերշահույթների համեմատ:
Վստահաբար նույն արդյունքին կարելի է հասնել նաեւ սակագնի թանկացման հարցում: Սակայն քանի որ այս դեպքում խնդիրն ավելի գլոբալ է` ռազմավարական նշանակության եւ նաեւ քաղաքական ենթատեքստ ունեցող, անհրաժեշտ է էլ ավելի մեծ մոբիլիզացիա, որում զգալի դերակատարություն պետք է ունենան նաեւ քաղաքական ուժերը: Առավել եւս, որ դատելով վերջիններիս հրապարակային հայտարարություննեից՝ բոլորը դեմ են սակագնի թանկացմանը, անգամ` ՀՀԿ-ն:
Սակայն հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական լսումներից հետո քաղաքական ուժերը, կարծես թե, այդքանով իրենց անելիքն ավարտված են համարում, համենայն դեպս, նրանք իրենց ընտրողներին չեն դիմել` կոչ անելով միանալ այսօրվա բողոքի ակցիային եւ չեն հայտարարել իրենց մասնակցության մասին: Խոսքն, իհարկե, երիտթեւերի անդամների կամ մեկ-երկու պատգամավորի մակարդակով մասնակցության մասին չէ, այլ կուսակցությունների առաջին դեմքերի, որոնք այնքան շատ են սիրում խոսել ժողովրդին հարստահարողներից ազատելու, արտագաղթի դեմն առնելու եւ սոցիալական վիճակը բարելավելու մասին:
Արդ, որտեղ եք, պարոնա՛յք, ինչու չեք միանում ժողովրդի պայքարին` ընդդեմ իրեն հարստահարողների, ծայրահեղ աղքատության եւ արտագաղթի դատապարտողների: Եթե սակագնի թանկացման հարցով լսումներում խորհրդարանական ընդդիմադիր ուժերի միակ նպատակն իրապես «շոու անելը» չէր, ինչում նրանց մեղադրում էր ՀՀԿ-ն, ապա ակնկալում ենք նրանց բոլորի մասնակցությունն այսօրվա հանրահավաքին: