ԿԹԱՆԿԱՆԱՆ ՕՂԻՆ, ԾԽԱԽՈՏԸ ԵՎ ԴԻԶՎԱՌԵԼԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանը շարունակեց Կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Քննարկված նախագծերը քվեարկելուց հետո պատգամավորներն անցան մի շարք հարցերի քննարկմանը: Առավել բուռն քննադատության արժանացավ Կառավարության կողմից ներկայացված «Ակցիզային հարցի» մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողը ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն էր:

Այս փոփոխությամբ նախատեսվում է վերանայել ակցիզավորման ենթակա որոշ ապրանքների դրույքաչափերը: Խոսքը մասնավորապես վերաբերում է օղու, ծխախոտի եւ դիզվառելիքի համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերին: Վախթանգ Միրումյանը նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցության շրջանակներում պետք է ներդաշնակեցնել ակցիզային հարկի դրույքաչափերը, որոնք Հայաստանում չորս անգամ ավելի ցածր են, քան ԵՏՄ անդամ երկրներում:
«Այդ կապակցությամբ առաջարկվում է տասը տոկոսով ավելացնել ծխախոտի եւ օղու ակցիզային հարկի դրույքաչափերը: Կոնյակը, գինին չեն մտնում դրույքաչափերի փոփոխության մեջ` հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսության զարգացման գործում դրանք հիմնարար նշանակություն ունեն: Երկրորդ առաջարկությամբ նախատեսվում է վերանայել ակցիզային դրույքաչափը դիզվառելիքի, բենզինի եւ սեղմված գազի համար, մասնավորապես ավելացնել դրույքաչափերը»,- նշեց Վախթանգ Միրումյանը:
Բոլոր պատգամավորներն էլ բացասաբար արձագանքեցին այս նախագծին՝ նշելով, թե այն լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու տեղական արտադրողների համար: Մասնավորապես, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը Միրումյանին մեղադրեց բենզին ներկրող մարդկանց շահերը պաշտպանելու մեջ: «Ինքներդ ձեզ մեղադրանք եք ներկայացնում առ այն, որ սպասարկում եք բենզին ներկրող մարդկանց շահերը: Դուք խրախուսում եք բենզինի, դիզվառելիքի իրացումը: Եթե փորձում եք ներկայացնել բոլոր ուղղությունները, այդ դեպքում որտե՞ղ է գարեջուրը: Գարեջուրը քի՞չ է, թե՞ մեր ռազմավարական ոլորտներից է: Այս նախագիծը չի կարող այստեղ նույնիսկ քննարկման առարկա լինել, որովհետեւ բացասական սպասումներն են խթանվում: Խնդրում եմ այս նախագծի քննարկումը ԵՏՄ-ով չհիմնավորել, քանի որ ԵՏՄ-ից առաջ մենք ասում էինք, որ ունենալու ենք մրցակցային առավելություն»,- նշեց Մինասյանը:
Փոխնախարարը հակադարձեց, թե այս նախագիծը չի կարող խրախուսել բենզինի ներկրումը, որովհետեւ ակնհայտ է, որ վարորդներն ավելի շատ գազով են մեքենա վարում, քան բենզինով: «Գարեջրի հետ կապված մեր դրույքաչափն ավելի բարձր է: Միջին դրույքաչափը 86 դրամ է ԵՏՄ-ում, իսկ մեզ մոտ` 105 դրամ»,- պարզաբանեց Միրումյանը:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ իր ելույթում նշեց, որ այս ամենը կհանգեցնի ապրանքների թանկացման եւ ընդգծեց, որ փոխանակ Կառավարությունն այնպիսի քաղաքականություն վարի, որ գներն իջնեն, ընդհակառակը` նպաստում են գների բարձրացմանը: «Ուզում եմ հասկանալ` Դուք ի՞նչ եք ուզում այս ժողովրդից, ի՞նչ եք ուզում անել այս ժողովրդի հետ: Դուք կարո՞ղ է` մոլորված եք, էլեկտրաէներգիա, գազի գին, հիմա` վառելիքի գին… Դուք օր ու գիշեր մտածում եք, թե ինչից են մարդիկ օգտվում ճարահատյալ, որ էլի թանկացնեք ու քամե՞ք ժողովրդին», – վրդովվեց պատգամավորը:
ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանն էլ Միրումյանից հետաքրքրվեց, թե դրույքաչափերի վերանայման հետեւանքով որքան կթանկանան դիտարկվող ապրանքները: Վախթանգ Միրումյանը նշեց, որ բենզինի մեկ տոննայի համար գնի բարձրացումը կազմելու է ընդամենը 8 հազար դրամ, իսկ եթե դա վերածենք լիտրի, ապա մեկ լիտրի թանկացումը կլինի ընդամենը 6 դրամ: Ըստ փոխնախարարի՝ սա չի կարող էական ազդեցություն ունենալ գների վրա, նույնիսկ կա հավանականություն, որ գների վրա ոչ մի ազդեցություն չի թողնի ակցիզային դրույքաչափի ավելացումը:
«Բարձրանում են էլեկտրաէներգիայի, բենզինի, գազի, տարբեր առաջին անհրաժեշտության ապրանքների գներ, երբ ծանր վիճակում է երկիրը եւ ներդրումների խնդիր ունի: Այս պայմաններում ակցիզային հարկն ենք ավելացնում. կթանկանա օղին, ծխախոտը, ինչը նշանակում է, որ ունենք խնդիրներ»,- իր հերթին նշեց Բաբայանը եւ անընդունելի համարեց այդ օրենքի նախագիծը ԱԺ բերելը` առանց հանձնաժողովում քննարկելու:
Իր ելույթում այս փոփոխություններին դեմ արտահայտվեց նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ հավելեց, թե սփոփիչ լուր չէ այն, որ այս օրենքն ուժի մեջ կմտնի 2016թ.-ից: «Եթե այդքան ժամանակ դեռ կա, ուրեմն ինչո՞ւ եք բերել արտահերթ նիստով»,- ասաց պատգամավորը` զարմանալով, որ Կառավարությունը փոխանակ տնտեսումների ճանապարհով գնա, խնդիրները լուծում է հարկային բեռն ավելացնելու միջոցով: Նա նաեւ նկատեց, որ այս օրենքի նախագծին կտրուկ դեմ են արտահայտվում քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, ինչը նշանակում է, որ այս օրինագիծը չի արժանանալու խորհրդարանի աջակցությանը:
Քաղաքական մեծամասնության անունից ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, թե առկա քննադատությունները տեղին են, եւ կոչ արեց օրենքն այժմ քննարկել միայն առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդ ընթերցումը կազմակերպել արդեն աշնանային նստաշրջանին, երբ օրենքում արդեն համապատասխան փոփոխություններ արված կլինեն: Այս առաջարկը դուր եկավ նաեւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին:
Նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը կկայանա այսօր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 
ՍՐՎԵՂԻ ՎԱՆՔԸ ՓԼՎՈՒՄ Է
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղից 3 կմ հարավ՝ Խաչի տակ գտնվող վայրում, անտառապատ բացատի բարձրադիր լանջին է գտնվում Սրվեղի վանքը: Այն կառուցվել է 13-րդ դարում: Սրվեղի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եկեղեցիներից, խուցերից, ձիթհանքից, օժանդակ շինություններից:
Վանքի տարածքում պահպանվել են բնակելի եւ տնտեսական շինությունների, պարսպապատերի հետքեր, գերեզմանոցներ: Գլխավոր՝ Սուրբ Նշան եկեղեցին ներքեւի մասում շարված է քարով, վերեւում, գմբեթի հետ միասին օգտագործված է թրծած աղյուս: Պատերի վրա կան արձանագրություններ, որոնցից մեկը 1152 թվականի է: Եկեղեցին կառուցող ճարտարապետներն են Սարգիսը եւ Հովհաննեսը: Եկեղեցին ներսից կլոր է, դրսից՝ 12 նիստանի, ունի սրածայր գմբեթ, որի հետ էլ ժողովրդական ստուգաբանությամբ կապում են Սրվեղ անունը: Պատերի մեջ ագուցված են խաչքարերի կտորներ, որոնք, հավանաբար, ավելի հին են: Հնում Սրվեղի վանքը մի քանի անգամ նորոգման է ենթարկվել: Այգեհովիտ գյուղից Սրվեղի վանք տանող ճանապարհը խճապատ է:
Վանք կարելի է այցելել բարձր անցողականություն ունեցող մարդատար մեքենաներով: Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգված ասաց, որ Սրվեղի վանքն աստիճանաբար փլվում է: Գյուղապետը նաեւ նշեց, որ նախկինում փլվել էր հոգեւոր կառույցի առաջնամասը, իսկ ներկայումս աստիճանաբար ավելանում է փլված մասը` առաջացնելով եկեղեցու ոչնչացման վտանգ: Գյուղապետի խոսքերով՝ եկեղեցի մտնել, դուրս գալն արդեն վտանգ է ներկայացնում տարբեր վայրերից ժամանող բազմաթիվ ուխտավորների համար:
Նշենք, որ Սրվեղի վանքը հնուց հռչակվել է իր բուժիչ, հրաշագործ հատկություններով, հեռավոր վայրերից բժշկելու հույսով այստեղ են բերել զանազան հիվանդություններով տառապողների: Լ. Գրիգորյանը տեղյակ չէ, թե Սրվեղի վանքը որ կազմակերպության հաշվեկշռում է գտնվում: Նա անհանգստացած է միջնարդարյան վանքի ճակատագրով, սակայն չգիտի, թե ում պետք է դիմել այն հիմնանորոգելու խնդրով: Գյուղապետն ասաց, որ Այգեհովտից սերված, Ռուսաստանում բնակվող Ամիր Ղեւոնդյանի ֆինանսական միջոցներով այժմ նորոգվում է Այգեհովիտ գյուղում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը 200-300 տարվա պատմություն ունի: Մինչ մեր հարեւան ադրբեջանցիներն իրենց համար պատմություն են հորինում, փորձում յուրացնել հայկական եւ աղվանական հին եկեղեցիները, Հայաստանի անտառներում եւ սարերում գտնվող հնամենի վանքերն աստիճանաբար քանդվում, ոչնչանում են: Մերօրյա մեծահարուստներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն էլ գերադասում են նոր եկեղեցիներ կառուցել, ոչ թե հին վանքերը նորոգել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԲԱՐԿԱՑԱԾ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործը:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պահանջով Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործի նյութերը հունիսի 16-ին ուղարկել է նախաքննության օրինականությունը վերահսկող դատախազին՝ ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ Կոստանյանը մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը ՔԿ-ից կպահանջի եւ մինչեւ մայիսի 25-ը կստանա Լիսկայի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծի գործը եւ դրանից հետո նոր միայն կկարողանա գնահատականներ տալ: ՔԿ-ից, սակայն, պատասխանել էին, որ գործն առայժմ չեն կարող տրամադրել՝ պատճառաբանելով, որ քրգործով ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ դատավարական գործողություններ եւ քննության ակտիվ փուլում քննչական գործողությունների ընդհատումը, վարույթն իրականացնող մարմնի կարծիքով, նպատակահարմար չէ: Հիմա, պարզվում է, նպատակահարմար է, սակայն այս անգամ էլ դատախազը «տեղում չէ»: Գեւորգ Կոստանյանը մեկնել է Ստրասբուրգ, կվերադառնա, նոր միայն դատախազությունը պատասխան կհրապարակի մարզպետ Խաչատրյանի գործով: Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ Կոստանյանն այս անգամ խիստ բարկացած է Սուրիկ Խաչատրյանի վրա, քանի որ նախորդ անգամ սատարեց նրան եւ Բուդաղյանների գործով տուժող ճանաչվեց, բայց մարզպետն ու իր որդին չխրատվեցին. դարձյալ հանցանք կատարեցին:
Հավելենք, որ երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ՝ այս գործով տուժող Հարություն Զաքարյանը, որը տեսողությունը վերականգնելու համար մեկնել է Մոսկվա, երկու օր հետո վիրահատության կենթարկվի:

 

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Երեկ ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 18:10-ի սահմաններում Աթոյան- էրեբունի 15-րդ փողոցների խաչմերուկում բախվել էին դերասանուհի Լուիզա Ղամբարյանի վարած «Kia Sportage» մակնիշի 30 SO 504 համարանշի եւ 32-ամյա Արթուր Առաքելյանի վարած Opel Astra մակնիշի 34 CS 334 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Opel-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:




Լրահոս