Ոչ սահմանված վայրերում առևտրի կազմակերպման 14 դեպք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվող ամենօրյա հսկողության ընթացքում հայտնաբերվել է ոչ սահմանված վայրերում առևտրի կազմակերպման 14 դեպք: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խստացնել հսկողությունը հատկապես երեկոյան ժամերին և հանգստյան օրերին:

«Շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև երեկոյան ժամերին բացօթյա ապօրինի առևտուրն ակտիվանում է: Խնդիրը պահեք խիստ հսկողության տակ և Երևան քաղաքի ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ տարեք: Մեր համաքաղաքացիների կողմից որոշակի դժգոհություններ կան նաև կապված ստորգետնյա անցումներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման մի շարք տարածքներում թույլատրված բացօթյա առևտրի կազմակերպման հետ կապված, հատկապես այդ հատվածներում մաքրության ապահովման մասով: Ուսումնասիրեք խնդիրը և սեղմ ժամկետում տվյալ տնտեսվարողների նկատմամբ համապատասխան քայլեր ձեռնարկեք», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:




Լրահոս