Ոստիկանությունը զգուշացնում է. երթը անօրինական է, և կարող են կիրառվել հատուկ միջոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ազատության հրապարակից դեպի նախագահական նստավայր կազմակերպված երթի վերաբերյալ` այն անվանելով անօրինական:

«Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր: Չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին` կազմակերպիչները ոստիկանության օրինական պահանջներին չեն ենթարկվում:

Ոստիկանությունը պարզաբանում է. «Ոստիկանության  մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  2-րդ հոդվածի համաձայն՝  ոստիկանության   խնդիրներից   է  օրենքին համապատասխան  ապահովել  վարչական  իրավախախտումների նախականխումը,   կանխումը  և  խափանումը:     Նույն օրենքի    11-րդ  հոդվածի  1-ին  կետի  համաձայն՝  ոստիկանությունը   պարտավոր  է  բերման ենթարկել հանցանք  կամ վարույթ  պահանջող  այլ  իրավախախտում  կատարած անձանց,   պարզել  հանցագործություններ և այլ իրավախախտումներ  ծնող  պատճառներն  ու   դրանց  նպաստող պայմանները,   ձեռնարկել   համապատասխան   միջոցներ    դրանք   վերացնելու  ուղղությամբ:

«Վարչական   իրավախախտումների  վերաբերյալ» ՀՀ  օրենսգիրքը   վարչական պատասխանատվություն   է   սահմանել   առանց   համայնքի    ղեկավարին    օրենքով    սահմանված   կարգով     իրազեկելու    կամ    իրազեկման   պայմանների  խախտմամբ     հավաք    անցկացնելու   համար /հոդված 1801, մաս 1-ին/,   որի    նախականխումը,  կանխումը, ինչպես նաև  ապօրինի երթի խափանումը  /հատկապես   երբ  իրավախախտումը տևող  բնույթ ունի/  ոստիկանությունը  ապահովելու է ապօրինի երթի կազմակերպիչների նկատմամբ վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելով:

Երթի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում երթը այլևս չի համարվի խաղաղ և օրենքով սահմանված կարգով կդադարեցվի:

Ոստիկանությունը զգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ»:




Լրահոս