Սույն թվականի հունիսի 22-ին Ծաղկաձորում ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարությամբ է հանդես եկել առ այն, որ «Մարաթուկ» ընկերությունը իբր մոլորեցնում է քաղաքացիներին՝ բուկլետներում ներառելով Կրետե կղզին, որը, ըստ Շաբոյանի, իրականությանը չի համապատասխանել:
«Մարաթուկ հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաթիվ հրապարակումներում արդեն իսկ անդրադարձել է Արտակ Շաբոյանի գլխավորած հանձնաժողովի կողմից Երեւան-Հերակլիոն(Կրետե)-Երեւան չվերթն իրականացնող «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ սկսված արշավի իրական պատճառներին: Շաբոյանի վերջին հայտարարությունը հիմնավորում է ընկերության այն համոզմունքը, որ Արտակ Շաբոյանն ունի անձնավորված վերաբերմունք «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ եւ իր առջեւ խնդիր է դրել ամեն կերպ կազմալուծել ընկերության աշխատանքը տուրիստական թեժ սեզոնի ընթացքում՝ երեւի թե ճանապարհ բացելով այլ մրցակից ընկերությունների շահավետ գործունեության համար:
Նախ՝ ընկերության նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ լուրը Արտակ Շաբոյանը դարձրեց հույժ կարեւոր եւ հղեց բոլոր լրատվամիջոցներին այն դեպքում, երբ նույն օրը ՏՄՊՊՀ-ի կողմից հարուցվել էին բազմաքանակ վարույթներ, որոնցից եւ ոչ մեկի մասին հանրությանը չտեղեկացվեց: Մեկ օր շարունակ բոլոր լրատվամիջոցները խոսում էին այն մասին, որ «Մարաթուկ Հոլդինգ» ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որպեսզի հանգամանքը նպատակ ունենար սպառողների մոտ ձեւավորել թյուր կարծիք ընկերության գործելակերպի մասին:
Բնականաբար դա ունեցավ իր հետեւանքները սպառողների մոտ անվստահության մթնոլորտ ստեղծելու առումով, մասնավորապես հեռախոսազանգերով անձինք փորձում էին ճշտել ընկերությունից՝ չվերթները կատարվելու են ըստ ժամանակացույցի, թե ոչ: Ընկերությունը հավաստիացրեց իր գործընկերներին եւ սպառողներին, որ չվերթների ժամանակացույցից որեւէ շեղում չի լինելու, եւ «Մարաթուկ» ընկերությունը շարունակելու է իր որդեգրած օրինական քաղաքականությունը:
Բացի այդ, ընկերությունը որպես օրինապահ տնտեսվարող ՏՄՊՊՀ-ին ներկայացրեց պահանջվող բոլոր նյութերը՝ փաստարկելով իր նկատմամբ հարուցված վարույթի անհիմն լինելը:
Սակայն Արտակ Շաբոյանը, չսպասելով ընկերության նկատմամբ հարուցված վարույթի վերջնավարտին, շտապեց եւս մեկ անգամ հրապարակավ հիշատակել «Մարաթուկ Հոլդինգ» ընկերության մասին՝ հայտարարելով, թե իբր ընկերությունը մոլորեցնում է քաղաքացիներին: Պետական պաշտոնյայի նման իմպերատիվ հայտարարությունը, առանց համապատասխան օրինական ուժի մեջ մտած վարչական ակտի, հավաստում է այն փաստը, որ Շաբոյանը ունի կոնկրետ անձնավորված վերաբերմունք «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ՝ նպատակ ունենալով արատավորել ընկերության գործարար համբավը: «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ն հետեւողական է լինելու իր իրավունքների պաշտպանության հարցում եւ ընդդեմ Արտակ Շաբոյանի հայց է ներկայացնելու դատարան:
«Մարաթուկ» ՍՊԸ