Մայրաքաղաքում կանցկացնի «Երևանի կիսամարաթոն» վազքի մրցույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի, «Օրանժ Ֆիթնես»-ի, «Կոնվերս Բանկ»-ի և Ավստրիական ավիաուղիների հետ համատեղ հոկտեմբերի 4-ին մայրաքաղաքում կանցկացնի «Երևանի կիսամարաթոն» վազքի մրցույթը։

Խթանելով առողջ ապրելակերպը՝ ծրագիրը նպատակ ունի հիմք դնել միջազգային ամենամյա խոշոր վազքի մարաթոնի՝ այդպիսով նպաստելով նաև մայրաքաղաքում, ինչպես նաև ամբողջ հանրապետությունում մարզական տուրիզմի զարգացմանը: Միջոցառումը նաև նպատակ ունի Երևանը գրավիչ դարձնել սփյուռքահայ մարզիկների և սիրողական վազորդների համար՝   ամրապնդելով կապը հայրենիքի հետ:

«Երևանի կիսամարաթոնը» կմեկնարկի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 09:00-ին, Հանրապետության հրապարակից և կշարունակվի մինչև 13:30-ը՝ ընդգրկելով 21,1 կմ վազքատարածություն: Անցնելով Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ա. Մանուկյան, Ա. Իսահակյան փողոցներով և Կասկադ համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին  դեպի Մոսկովյան, Մ.Սարյան փողոցներ, այնուհետ Լեոի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով,  Արգիշտի,  Իտալիայի, Վ. Սարգսյան փողոցներով մրցավազքը կեզրափակեն մեկնարկային վերջնագծում:

Երեխաները մրցույթին կմասնակցեն 1 կմ վազքով, սկսնակների համար սահմանված է 2.1 կմ, 5 և ավելի կմ տարածության վազքի փորձ ունեցողների համար՝ 10 կմ: Իսկ փորձառու վազորդներն ու  մարաթոնների մասնակիցները կհաղթահարեն ամբողջ վազքուղին:

Երևանի կիսամարաթոնին կկարողանա մասնակցել մինչև 2000 սիրողական ու փորձառու վազորդ: Նախատեսվում է ակտիվ մասնակցություն նաև Ռուսաստանի Դաշնությունից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ այցելելով www.armeniamarathon.org կայքը:

Վազքուղին չափագրվելու է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS)  կողմից, ինչի արդյունքում այն կստանա միջազգային կարգավիճակ: Կազմակերպիչները նպատակ ունեն մարաթոնը դարձնել ամենամյա և ներգրավել ավելի մեծ թվով մասնակիցներ:




Լրահոս