Ռոք-խմբերն ընդառաջել են նստացույցի մասնակիցներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հունիսի 17-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց օգոստոսի 1-ից 6.93 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Այս որոշմանն ընդդիմացող «ոչ թալանին» նախաձեռնության անդամներն ու աջակիցները Ազատության հրապարակում հունիսի 19-ից նստացույց են անում` պահանջելով վերանայալ ՀԾԿՀ որոշումը:

Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռեւս ամիս ու կես առաջ նախատեսված էր, որ հունիսի 21-ին` Երաժշտության համաշխարհային օրը, «The Beautified Project», «Empyray», «Windrose», «Palm of Granite» ռոք-խմբերը պետք է համերգով հանդես գային Ազատության հրապարակում: Սակայն, չցանկանալով խանգարել քաղաքացիների պայքարը, նրանք համերգի վայրը տեղափոխել էին Շ. Ազնավուրի հրապարակ:

The-Beautified-Project

Մենք իրավունք ունեինք մոտենալու եւ ցրելու ակցիան, սակայն ռոք-խմբերով որոշեցինք չխանգարել մարդկանց, խոսեցինք ակտիվիստների հետ, հարցրեցինք` կցանկանան արդյոք, որ մենք այդ օրը Ազատության հրապարակում ելույթ ունենանք, իսկ նրանք պատասխանեցին, որ չէին ուզենա` մարդկանց ուշադրությունը շեղվեր բուն խնդրից: Հետեւաբար, համերգը տեղափոխեցինք Ազնավուրի հրապարակ, արդյունքում մեր ելույթի համար նախատեսված ժամանակահատվածը կրճատվեց, քանի որ տեխնիկական հնարավորություններն այդ հրապարակում ավելի սահմանափակ էին»,-«Ժողովուրդ»-ին պատմեց «The Beautified Project» խմբի հիմնադիր, մենակատար Անդրե Սիմոնյանը` հավելելով, որ որոշ ակտիվիստներ իրենցից նեղացել էին` նշելով, թե ռոք-խմբերը չեն ցանկացել աջակցել պայքարին, այնինչ՝ տեղի է ունեցել ճիշտ հակառակը:

The Beautified Project

Անդրե Սիմոնյանը, անդրադառնալով քաղաքացիների բարձրացրած դժգոհության ալիքին, կարծիք հայտնեց, որ ինչպես տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարում հնարավոր եղավ ցանկալի արդյունքի հասնել, նույնն էլ հնարավոր է իրագործել այս պարագայում: «Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որեւէ պատճառ չկա: Այն մարդիկ, որոնք առաջացրել են խնդիր, հենց նրանք էլ պետք է այն լուծեն, ոչ թե ժողովուրդը»,-եզրափակեց երգիչը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս