ԴԱՆԱԿՈՎ ԳԼԽԻՆ Է ԽՓԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` նոյեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել:  Նրանց փորձել է հաշտեցնել նույն գյուղի բնակիչ 37-ամյա Արարատ Նաղդալյանը, որը գլխին ստացած դանակի հարվածից 7 օր անց հիվանդանոցում մահացել է:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Ծափաթաղի բնակիչներ Վիտալի Սարաջյանը, Երվանդ Բաղյանը եւ Պետրոս Նաղդալյանը վիճաբանել են Նորադուս գյուղի բնակիչ Արամ Մկրտչյանի հետ, որը Ծափաթաղում ձկնորսությամբ է զբաղվում: Գյուղում բոլորի համար անհասկանալի է, թե որն է եղել վիճաբանության բուն պատճառը:
Նշվում է, որ ի սկզբանե վիճաբանությունը ծագել է Վիտալիի ու Արամի միջեւ, այնուհետեւ նրանց են միացել Երվանդն ու Պետրոսը: Քիչ անց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. Երվանդը, Պետրոսն ու Վիտալին սկսել են ծեծել Նորադուսի բնակչին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանց միջեւ ինչ-որ անձնական խնդիր է եղել, բայց թե ինչից է սկսվել այդ ծեծկռտուքը, դեռեւս հայտնի չէ: Ինչեւիցե, հանկարծակի վիճաբանությանը միջամտել է Ծափաթաղի բնակիչ Արարատ Նաղդալյանը` փորձելով հաշտեցնել գյուղի բնակիչներին: Սակայն վեճն այնքան է թեժացել, որ Արամ Մկրտչյանը, այլեւս չհասկանալով, թե ով ում կողմնակիցն է, դանակով հարվածել է Արարատ Նաղդալյանի գլխին` նրան պատճառելով գանգուղեղի լուրջ վնասվածք: Արարատն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն 7 օր անց  մահացել է: Ծափաթաղցիները նշեցին, որ հարազատներն ու բժիշկներն ամեն ինչ արել են նրա կյանքը փրկելու համար, սակայն դա նրանց չի հաջողվել:
Զրուցեցինք Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունները, սակայն նշեց, որ իրենց համար առայժմ պարզ չէ, թե իրականում վիճաբանությունն ինչից է առաջացել. «Ես որքան գիտեմ, Վիտալի Սարաջյանը բատարեով խփել է Արամին, Արարատն էլ մեջտեղ է մտել, որ բաժանի, ես այդքան բան գիտեմ, այլ բանից տեղյակ չեմ»: Ծափաթաղի բնակիչներն ահաբեկված են կատարվածից: Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ իրենք դեռեւս ուշքի չեն եկել ու չեն կարողանում հասկանալ, թե իրականում ով է մեղավորը:
Տեղեկացանք նաեւ, որ Արարատ Նաղդալյանը շուրջ 13 տարի ավագանու անդամ էր եւ գյուղում միշտ աչքի է ընկել իր պարկեշտությամբ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզեցինք, որ գործի հետ կապված քննությունը շարունակվում է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս