ՄԵԿ ՄԻԼԻՈՆԸ ՔԻՉ Է ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը մշակել է ծնունդների խրախուսման նոր ծրագիր, որով 2014թ. հունվարի 1-ից 3-րդ երեխայից սկսած` միանվագ օգնության գումարը 430 հազարից դառնալու է 1 մլն դրամ: Իսկ 4 եւ ավելի երեխաների դեպքում այդ գումար կկազմի 1,5 մլն դրամ:
Ինչո՞ւ խրախուսման այս ծրագիրը չի գործելու գալիք տարում` 2013-ին. այս առիթով զրուցեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանի հետ: «2009-ի հունվարի 1-ից մինչ այսօր շարունակ իրականացվում է ծնունդների նյութական խրախուսմանը նպատակամղված քաղաքականություն, որի դրսեւորումը մեր հանրությանը հայտնի է 3-րդ եւ հաջորդ երեխայի ծնունդի հետ կապված առանձնահատուկ վերաբերմունքով: Առաջին եւ երկրորդ երեխայի ծնվելիս յուրաքանչյուրին տրվում է 50 հազար դրամ, իսկ երրորդից սկսած՝ տարբերակված մոտեցում՝ 430 հազար դրամ: Տեղեկացնեմ, որ 2009, 2010, նաեւ ինչ-որ տեղ 2011 թվականներին ունեցել ենք շահառուների թվաքանակի ավելացում»,-ներկայացրեց Վ. Բաբաջանյանը: Նրա խոսքով՝ 2008-ին երրորդ ծնունդները եղել են 4520, 2009-ին դրանց թիվը բարձրացել է մինչեւ 5289, իսկ 2010-ին` 5683. «Այս կտրվածքով քաղաքականությունը ժամանակի ընթացքում տվել է իր արդյունքները, եւ պետք է այն հզորացնել, որովհետեւ արդյունքը պահպանված է»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու է նոր ծրագիրը գործելու  2014-ից, այլ ոչ թե հենց եկող տարվանից, սոցապ նախարարության պաշտոնյան պատասխանեց. «Խնդիրը պարզ է եւ հստակ. երբ պետությունը պլանավորում է իր երկարաժամկետ ծախսային ծրագիրը, այն պլանավորում է որոշակի քաղաքականության շրջանակներում, այդ թվում նաեւ միջնաժամկետ ծախսային ծրագրերը: 2011-ին հաստատված 2012, 2014 միջնաժամկետ ծախսային ծրագրով որոշում ընդունվեց 2014թ. հունվարի 1-ից սկսել այդ միջոցառումը, ինչը փաստվեց նաեւ այս տարի 2013թ., 2015թ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ»:
Մինչ իշխանությունները մեծ ոգեւորությամբ են խոսում սոցիալական նման ծրագրերի մասին, ՀՀ-ում գործող մի քանի հասարակական կազմակերպություններ դրանց թերահավատորեն են վերաբերում:
«Ծիծեռնակ» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարինե Հարությունյանի կարծիքով՝ մեկ միլիոնը բավարար չէ խրախուսելու համար ծնունդների աճը. «Ես կարող եմ հարցն այսպես դնել, իսկ արդյոք այդ մեկ միլիոնը այն գումարն է, որով պետք է խրախուսվի: Երրորդ երեխան ծնվում է, երկուսը կան, պարզ է, որ մայրը չի աշխատում, իսկ ամուսինն էլ հավանաբար ստանում է մոտ 100 հազար դրամ: Ես` որպես կին, չէի խրախուսվի: Բացի այդ, այդքան ուշացնում են, իսկ կյանքն ավելի է թանկանում, եւ իրենց տված մեկ միլիոնը դժվար թե կարողանա դեր խաղալ»:
Ըստ տիկին Կարինեի՝ այլ երկրներում երրորդ, չորրորդ երեխայի ծնվելուց հետո ավելի մեծ գումարներ են տալիս, նույնիսկ բնակարան: «Մեկ միլիոնը թող բաժանեն երեք երեխայի վրա ու տեսնեն, թե ինչ է մնում: Անում են, որպեսզի նմանվեն մյուս երկրներին, չգիտեմ, բայց սրտի ցավ կա, կարող է լավ է, բայց…»,-նկատեց նա:
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի տնօրեն Գոհար Մարկոսյանը նույնպես համաձայն չէ, որ այս ծրագիրը իրագործվի 2014-ին. «Մենք դեմոգրաֆիկ խնդիր ունենք, բնականաբար, դա շատ ավելի շուտ պետք է լիներ: Ավելին, վստահ չեմ, թե այդ ծրագիրը կիրականանա 2014-ին: Ես կարծում եմ, որ 2014-ին էլ կհայտարարեն, որ չեն կարող այն իրականացնել, քանի որ բավարար գումար չունեն»:
Իսկ ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խորհուրդ տվեց նման ծրագրերի մասին արված հայտարարությունները լուրջ չընդունել: «Եւ մի՛ փորձեք մեկնաբանել: Սոցիալական ծրագրերը, որոնք պակասել են 2013-ի բյուջեում, բացատրվում է, թե իբր բյուջեում համապատասխան գումար չկա: Դե հավանաբար իրենք գտնում են, որ 2014-ից է պետք ընտանիքներին խրախուսել: Կգա 2014 թվականը, ու այդ ժամանակ կասեն` գիտեք ինչ կա, բյուջեում համապատասխան գումար չկա, եկե՛ք 2015-ից իրականացնենք այս ծրագիրը»,-վրդովված նկատեց Վ. Խաչատրյանը:  

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս