ՓՈՐՁԱԳԵՏԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության նոյեմբերի 27-ի նիստին բացակայում էին տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, նրա ներկայացուցիչները, քրեական գործով գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Արմինե Ղասաբողլյանը եւ Հրանտ Գեւորգյանը: Վերջինս դատական նախորդ նիստում հայտարարել էր, որ ինքը նոյեմբերի 27-ին այլ քրեական գործով դատական նիստի պետք է մասնակցի: Հակոբ Մանուկյանը կողմ էր, որ նիստը կայանա իր պաշտպանների բացակայությամբ: Նախկինում որպես վկա դատարանում հանդես եկած դատական բժիշկ Վիգեն Ադամյանը դատարան էր ուղարկել տեսասկավառակ, որտեղ համացանցից քաղված իր հարցաքննության  տեսագրությունն էր: Ադամյանը, դրանք համարելով իր խոսքերի ապացույց, հայտնել էր, որ դատարանում իր անվտանգությունը չի ապահովվում, այդ պատճառով ինքը չի ներկայանում նիստին: Ամբաստանյալ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը դատարանին միջնորդեց ապահովել վկա Ադամյանի ներկայությունը, քանի որ պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել նրան հարցաքննել: Դատավոր Սամվել Մարդանյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ որոշելով, որ դատական փորձագետն առաջիկայում կհարցաքննվի դռնփակ նիստում: Պաշտպան Պողոսյանը միջնորդեց նշանակել վկա Արման Մնացականյանի («Ղոզլու» մարտական հենակետի նախկին խոհարարի) դատահոգեբանական փորձաքննություն, որովհետեւ վերջինս Երեւանում՝ Շենգավիթի դատարանում կայացած նիստի ժամանակ եղել է հոգեճնշված վիճակում, անհավասարակշիռ: Պաշտպան Պողոսյանը միջնորդեց նաեւ նշանակել Արտակ Նազարյանի հետմահու լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննություն եւ փոխել իր պաշտպանյալ, կալանքի տակ գտնվող Վահագն Հայրապետյանի խափանման միջոցը: Դատավորն առաջին երկու միջնորդությունների վերաբերյալ որոշեց, որ դրանցում առկա հարցերին ինքը կանդրադառնա խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելու ժամանակ: Իսկ Վահագն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատավորը մերժեց:  Պաշտպան Լեւոն Պողոսյանը մեզ ասաց, որ դատավորի մերժումն ապօրինի է, իր ներկայացրած միջնորդությունը մերժելիս դատավորը հղում է արել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին, այն է՝ երբ կալանքի տակ գտնվող անձը բնակության մշտական վայր չունի, բացասական է բնութագրվում եւ այլն, մինչդեռ Վահագն Հայրապետյանը չի համապատասխանում նման բնութագրումներին:
Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 5-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս