Երևանի Բաղրամյան պողոտան շարունակում է մարդաշատ մնալ: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների թիվը, չնայած կիզիչ արևին, գնալով ավելանում է:
Ակցիայի մասնակիցների մեջ են ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ մշակույթի և արվեստի գործիչներ, հայտնի մարդիկ:
Լրագրողների հետ զրույցում «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի վաստակավոր արտիստ Գագիկ Գինոսյանը, ներկայացնելով ակցիայի ժամանակ իրեն բերման ենթարկելու դեպքը, հայտնեց, որ ձերբակալողները կարմիր բերետավորներ են եղել: Ինքը ցույցի ժամանակ լսել է, թե ինչպես են իրեն կանչում` ընկեր Գինոսյան, ընկեր Գինոսյան, ձայնի ուղղությամբ առաջացել է ու տեսել, որ իրեն ծանոթ օպերայի մեներգչուհիներից մեկն է օգնության կանչողը. նրան փորձում էին բերման ենթարկել: Այդ պահին Գինոսյանին ևս ձերբակալել են, թե` «սրան էլ կանդալեք»: Ավելի ուշ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գագիկ Գինոսյանին ասել է, թե ոստիկաններն իրեն չեն ճանաչել, դրա համար էլ բերման են ենթարկել: «Բայց տարբերությունը ո՞րն է` ես լինեմ, թե մեկ այլ քաղաքացի: Ես Հայաստանի շարքային քաղաքացի եմ, և չի կարելի հայտնի մարդուն տարանջատել նման դեպքերում»,- նշեց Գ. Գինոսյանը:
Armlur.am-ի հարցին` ներկայացնելո՞ւ է արդյոք հաղորդում հանցագործության մասին, Գագիկ Գինոսյանը հայտնեց, որ պարտադրելու է, որպեսզի իր խախտված իրավունքները վերականգնվեն, իսկ թե որքանով է իր հետ տեղի ունեցածը հանցագործություն, դեռևս չգիտի. «Ոստիկանության բաժանմունքում ինձ մի թուղթ տվեցին, որտեղ պետք է ստորագրեի, որ իմ իրավունքները չեն խախտվել: Սակայն ես չստորագրեցի, այլ գրեցի, որ պահանջում եմ արդար որոշում բռնություն գործադրած ոստիկանների դեմ»: Իսկ հարցին` դիմելո՞ւ են դատարան մյուս հայտնիները` իր տեղեկություններով, Գ. Գինոսյանը դժվարացավ պատասխանել` հավելելով, որ ինքը վճռական է տրամադրված և ամեն բան անելու է, որպեսզի իր նկատմամբ բռնություն կիրառողները պատասխանատվություն կրեն: