Մենք որևէ մեկի հրաժարականը կամ ինչ-որ մեկին այրել չենք ուզում. «Վիտամին» ակումբ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշման դեմ պայքարող քաղաքացիները հունիսի 23-ից` ժամը 19:00-ից, փակել էին Բաղրամյան պողոտան և չէին պատրաստվում հեռանալ: Նշենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ի գիշերը հանդես էր եկել հայտարարություն կոչով` դիմելով ԱԺ նախկին պատգամավորներին, մտավորականներին, շոոուբիզնեսի ներկայացուցիչներին, փաստաբաններին, լրագրողներին ու հոգևարականներին. «Խնդրում ենք Ձեզ գալ Ազատության հրապարակ, Թումանյանի արձանի հարակից տարածք, միասին գնալու Բաղրամյան պողոտա, ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու համար»,-նշել էր նա` հանդես գալով վերոնշյալ ոլորտի անձնացից մի քանիսի` այդ թվում` շոուբիզնեսցիներից ոմանց, այդ թվում` դերասաններ Հայկ Մարությանի, Հովհաննես Ազոյանի, «Վիտամին» ակումբի տղաների անունից:

Վերջիններիս թվում էր նաեւ ակումբի անդամ, դերասան, հումորիստ Տիգրան Գեւորգյանը (Տիկո): «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենց նպատակն էր բացառել բռնությունը: «Մեր միացումը պայքարին քաղաքական բնույթ չի կրում, մենք հեռու ենք քաղաքականությունից: Պարզապես, լինելով ժողովրդի մի մասնիկը, կողմ ենք, որ ցանկացած հարց լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով»,-ընդգծեց նա:

vache1

Տիգրանը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, նշեց, որ այսօր բոլորի, այդ թվում` իր համար էլ դժվար է լուծել դրա արդյունքում առաջ եկած ֆինանսական խնդիրը: Նա պատմեց, որ 23-ի գիշերը ակումբի տղաներով միացել են պայքարին. «Ցուցարարներից ոմանք մեզ դիմավորեցին ծափահարություններով, բացականչություններով, մենք, իհարկե, դրանից ավելի ոգեւորվեցինք` գիտակցելով, որ կարողանում ենք ինչ-որ կերպ օգտակար լինել, այդ 4-5 ժամը նրանց կողքին լինել, ինչու ոչ` նաեւ ոգեւորել. կարծում եմ` ստացվեց: Թեեւ իրենք այսպես թե այնպես այնքան ոգեւորված են եւ շատ ուժեղ»,-ասաց Տիգրանը` հավելելով, որ պայքարող երիտասարդների մեջ տեսնելով ազատ խոսքով հանդես եկող, պահանջատեր տեսակներ` ինքը շատ է ուրախանում:

Նա նաեւ նկատեց, որ շոուբիզնեսցիների համար հեշտ չէ ստեղծված իրավիճակում կողմնորոշվելը. «Հայտնիներից ով մասնակցում է` ասում են` եկել է, հատուկ ուզում է երեւալ ժողովրդին, ով չի մասնակցում` ասում են` բա ուր է էդ շոուբիզնեսի ժողովուրդը…»,-անկեղծացավ հումորիստը:

vache

Նրա խոսքով` «Վիտամին»-ի տղաները դեռ էլի են միանալու շարժմանը. «Առաջ եկած խնդիրը ծառացած է նաեւ մեր ընտանիքների առջեւ: Մենք ոչ թե որեւէ մեկի հրաժարականն ենք ուզում, կամ ուզում ենք ինչ-որ մեկին այրել, այլ մասնակում ենք սոցիալական շարժմանը եւ ուզում ենք, որ բռնություն չլինի»,-եզրափակեց նա:

Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանն էլ, ով եւս միացել է շարժմանն ու արտահայտում է իր դժգոհությունը, մեզ հետ զրույցում նկատեց, որ կապ չունի` ով որ ոլորտն է ներկայացնում. յուրաքանչյուրի պարտքն է մասնակցել բողոքի ցույցերին:
«ժողովուրդը պետք է միասնական կերպով ցույց տա, որ ինքը պատրաստ չէ ամեն հանկարծակի կերպով կայացված որոշման արձագանքել դրականորեն եւ լռությամբ համակերպվել: Ես` որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որ իմ կարծիքի հետ հաշվի նստեն»,-ասաց նա:

Մենք հարցրինք` ինչպես է գնահատում ցուցարարների քայլերի արդյունավետությունը պրոդյուսերը, իսկ նա պատասխանեց, որ արդյունք արդեն իսկ կա.«Յուրաքանչյուր օր արդեն տարբերվում է նախորդից, մենք տեսնում ենք, որ սկսում են մեր կարծիքի հետ աստիճանաբար հաշվի նստել»,-նշեց նա` հավելելով, որ մեծ հարգանք է տածում շարժման կազմակերպիչների հանդեպ: Նրա խոսքով` այդ երիտասարդներն իսկապես սրտացավորեն են վերաբերվում իրենց երկրին ու քաղաքին:

Ա.Հակոբյանը հավելեց, որ ինքը շարունակելու է մասնակցել բողոքի շարժմանը եւ արտահայտել իր դժգոհությունը. «Ազատության հրապարակում, Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդներին տեսնելով` համոզված եմ, որ մեր գալիք օրերը շատ ավելի պայծառ են լինելու»,-եզրափակեց նա:

Ի դեպ, շոուբիզնեսցիներից շատերն էլ իրենց դժգոհությունն արտահայտել են սոցիալական ցանցերում: Նրանց թվում են մոդել Շուշան Երիցյանը, երգչուհի Եվա Ռիվասը եւ այլք:

Աննա Բաբաջանյան




Լրահոս