«Տականքները չպետք է ժողովրդին սխալ ուղղությամբ տանեն». «Россия 24»-ի լրագրողը հակահայկակա՞ն հոդվածներ է հրապարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից ողջ համացանցը ողողվել էր քննադատական գրառումներով և մեկնաբանություններով` կապված ազգությամբ հայ լրագրող, «Россия 24» հեռուստաընկերությունը ներկայացնող Վիտալի Հարությունյանի` Երևանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու հետ:

Համացանցի օգտատերերը մեղադրում են լրագրողին հակահայկական բնութագրեր տալու, ապօրինի լուսաբանում իրականացնելու, սուտ լուրեր տարածելու մեջ: Նրանց խոսքով, այս ամենը վտանգավոր է: Ռեպորտաժներից մեկում Վիտալի Հարությունյանը հայտարարում է, թե Բաղրամյան պողոտայում հավաքված ակտիվիստները զինված են դանակներով և տարբեր սառը զենքերով: Այս ամենը զայրացրել է հատկապես Բաղրամյան պողոտայում հավաքվածներին:

Ստեղծված իրավիճակի շուրջ Armlur.am-ը զրուցեց լրագրող Վիտալի Հարությունյանի հետ, ով նախ զարմացավ, որ իր ռեպորտաժները կարող են վտանգ ներկայացնել, ապա նշեց, թե ինքը միայն փաստերն է արձանագրել. «Ի՞նչ է նշանակում` ընդդեմ Հայաստանի գործել: Ես պատմում եմ այն, ինչ տեսնում են: Եվ բացարձակ չեմ ցանկանում, որպեսզի ժողովրդական ցույցերից օգտվեն տականքներն ու ժողովրդին սխալ ուղղությամբ տանեն: Ես տեսել եմ, թե դա ինչի կարող է հանգեցնել Ուկրաինայում ու Վրաստանում: Ես սովոր եմ, որ իմ որոշ ռեպորտաժներ դուր չեն գալիս որոշ մարդկանց: Դա նորմալ է: Սակայն դիտեք Հայաստանից իմ մյուս ռեպորտաժները ևս: Ինչո՞ւ եք դատում մեկ ռեպորտաժով»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, լուրեր էին տարածվել, թե Վիտալի Հարությունյանը ՀՀ ԱԳՆ ներկայացնող լրագրող է, ինչը Armlur.am-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հերքեց` նշելով, որ հնարավոր է` ԱԳՆ հավատարմագրած լրագրողներից լինի, հնարավոր է` ոչ:




Լրահոս