Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարություն է տարածել, որով իրենց ամբողջական աջակցություն են հայտնում այս պահին Բաղրամյան պողոտայում սոցիալական արդարության համար պայքարող երիտասարդներին:
«ՍԴՀԿ վստահ է, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը կամայական որոշման արդյունք է, որի հետևում կա կոռուպցիոն հսկայական ստվեր: Տնտեսական բոլոր հիմնավորումներով ակնհայտ է, որ մեր երկրի էներգետիկ ռեսուրսը ունի ավելի էժան հոսանք մատակարարելու ամբողջական ներուժ: Հնչակյան կուսակցությունն իր կազմակերպչական ողջ հնարավորությամբ մասնակցել և մասնակցելու է խաղաղ բողոքի ակցիաներին՝ դրա հետ միասին կոչ անելով դատապարտել այս հանրահավաքն այլ տիրույթ տեղափոխելու ցանկացած փորձ:
ՍԴՀԿ նաև դատապարտում է մեկ օր առաջ տեղի ունեցած բռնարարքը, ուժի կիրառումը, որը ոչ միայն անհամաչափ, էր, այլ նաև աչքի էր ընկնում հատուկ դաժանությամբ: Իշխանությունները պետք է տեղի տան ժողովրդի արդար պահանջներին, վայրկյան առաջ լուծեն խնդիրը, և, դրա հետ միասին, օբյեկտիվ, ամբողջական քննություն իրականացնեն ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների հետ կապված: Երկրի էներգետիկ անվտանգությունը չի կարող վտանգված լինել մի քանի կոռումպացված չինովնիկների պատճառով»: