Առաջիկա նախագահական ընտրությունների անմրցելի թեկնածուն գործող նախագահն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը.
Հարգելի խորհրդարան,
Ավարտվեց քաղաքական աշունը: Այն նշանավորվեց քաղաքական ռեվերանսներով, հնարքներով, բլեֆներով եւ վերջապես պաուզաներով: Համառոտ լինելու համար ասեմ՝ ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը՝ աշխատում կամ ինչպես կասեր “Ֆաուստի” հեղինակը` չոր է տեսությունը, բարեկամս, բայց կյանքի ծառը փարթամորեն աճում է: 
Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Հանրապետականը շարունակում է իրականացնել քաղաքական բարեփոխումներ՝ հենվելով քաղաքական լայնախոհության եւ հանդուրժողականության վրա: Եվ առնվազն զարմանալի է, որ իրենց ընդդիմադիր համարող որոշ գործիչներ իշխանությունների հանդուրժող վարքագիծը կարող են որակել որպես իրենց հաղթանակ: Հարգելիներս, մենք բոլորս մի նավի անդամներ ենք. չեն լինում հաղթանակներ յուրայինների նկատմամբ: 
Այն, որ վերջին տարիներին աճել է թե՛ Հայաստանի միջազգային հեղինակությունը, թե՛ ժողովրդավարության մակարդակը, վկայում են ԵԺԿ Արեւելյան գործընկերության գագաթաժողովում հնչած գնահատականները: 
Եվրոպացի մեր գործընկերները բարձր գնահատեցին Հայաստանի իշխանությունների ջանքերը` նշելով, որ իշխանությունները կարողացան լավ ընտրություններ կազմակերպել, եւ որ Հայաստանը Եվրամիության կարեւորագույն գործընկերներից մեկն է: 
Այս հանդիպումների շրջանակում Նախագահ Սարգսյանը չորս հստակ ուղերձ հղեց միջազգային հանրությանը: Առաջին՝ Հայաստանը հավատարիմ է ազատության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքներին, երկրորդ՝ մենք մեր գործընկերության տարածքում պետք է հայտարարենք զրոյական հանդուրժողականություն ուժի կիրառման սպառնալիքի եւ ռասիզմի նկատմամբ, երրորդ՝ ,Մեծ քսանյակե-ի անդամ Թուրքիան միակողմանի եւ ապօրինի կերպով փակ է պահում Արեւելյան գործընկեր Հայաստանի սահմանը եւ չորրորդ՝ Լեռնային Ղարաբաղը եվրոպական ընտանիքի մաս է: 
Հարգելի խորհրդարան,
Ընդամենը երկու ամիս անց Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որտեղ մենք պետք է ընտրենք ոչ միայն ՀՀ Նախագահ, այլեւ գերագույն գլխավոր հրամանատար: Թե՛ այսօրվա ներքաղաքական իրողությունները, թե՛ Հայաստանի՝ տարածաշրջանային գործոնի վերածվելը, թե՛ իշխանությունների քաղաքական կամքն ու բարեփոխումերի անշրջելիությունը գալիս են հաստատելու հետեւյալ փաստը. առաջիկա նախագահական ընտրությունների անմրցելի թեկնածուն գործող նախագահն է: 




Լրահոս