ԵԴ-Ի ՓԱԿ ԱՉՔՆ ՈՒ ԲԱՆԱԿԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում նկատելի է, որ Եվրադատարանը շատ արագ արձագանքում եւ Հայաստանի դեմ վճիռ է կայացնում Եհովայի վկաների եւ համասեռամոլների բողոքների դեպքում, իսկ հայոց բանակում սպանությունների գործերով շատ անմեղ զինվորներ ԵԴ-ի վճիռներից հետո երկրորդ անգամ են մեղավոր ճանաչվում: Այդ կարծիքին է փաստաբան Հայկ Ալումյանը, ում «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց՝ պարզելու այդ իրավիճակի խորքային պատճառները:
Մինչ այդ տեղեկացնենք, որ 20 ՀԿ-ներ երեկ հանրության ուշադրությունն էին հրավիրել Մատաղիսի զորամասի երկու զինվորների սպանության գործով 9 տարի շարունակվող դատաքննության եւ հայրենի իշխանության որդեգրած մարտավարության վրա: Հիշեցնենք, որ 2008թ.-ից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերաքննվող հայտնի գործն արդեն ավարտական փուլում է, սակայն դատախազության կողմից անհարկի ձգձգումը մտահոգության տեղիք է տալիս. փորձ է արվում զինվորների սպանությունը դարձյալ բարդել նախկինում մեղադրված, 3 տարի անարդարացիորեն ազատազրկված եւ ի վերջո ազատված 3 անմեղ երիտասարդների՝ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի վրա՝ թաքցնելով իրական մեղավորներին: 2005-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, վերաքննիչը՝ ցմահ ազատազրկման, սակայն վճռաբեկը տուժողի իրավահաջորդի բողոքի արդյունքում բեկանել էր գործը եւ ուղարկել նոր քննության: Տղաներն ազատ էին արձակվել ապացույցների անբավարարության հիմքով ու առանց նոր ապացույցների՝ կրկին ներգրավվել որպես  մեղադրյալ:
2012թ. հոկտեմբերի 30-ից սկսած՝ դատարանը պետք է լսեր մեղադրողների ճառը, որոնք պետք է հրաժարվեին մեղադրանքից, սակայն նրանց մեղքով հետաձգվել է 4 դատական նիստ, քանի որ այլեւս չգիտեն՝ ինչպես «հիմնավորեն» մեղադրանքը: Եւ դատախազությունը մի շինծու վկայի՝ Ռազմիկի նախկին ընկերուհուն է նախապատրաստել դատաքննության՝ հաշվի առնելով, որ նախկինում նա անձնական կոնֆլիկտ է ունեցել Ռազմիկի հետ եւ փորձել վնասել նրան. նախկինում աղջիկը դիմում էր ներկայացրել դատախազություն, թե Ռազմիկն իրեն բռնաբարել է, գողություն արել: Սակայն այն ժամանակ քննիչները պարզել էին, որ դա սուտ է, եւ քրգործ չէին հարուցել: Բայց հիմա դատախազությունն այդ գործը հիշել եւ ընկերուհուն բերել է դատարան, աղջիկն էլ շփոթվել ու «ծախել է» դատախազներից մեկին: Հ. Ալումյանը ներկայացրեց այսպես. «Այդ աղջիկը հայտարարել էր, որ Ռազմիկն իբր իրեն ասել է. «Նայի՛, դու էլ իմ զոհը չդառնաս»… Սակայն նա բոլորի ներկայությամբ (դատարանում) հայտարարեց, որ նման բան երբեւէ չի լսել. թելադրել են, ինքն էլ գրել է»: Այժմ պաշտպանը կարծում է, որ այդ վկային կճնշեն. կասեն՝ դատվում ես նախկինում Ռազմիկի դեմ տված սուտ ցուցմունքների համար կամ մեր ուզածն ես անում՝ դու պրծնում ես, նրան դատում ենք:
Բայց ուշագրավն այն է, որ ՄԻԵԴ-ի վճիռները կա՛մ շատ քիչ են, կա՛մ չեն ազդում ու կանխում բանակային սպանություններն ու անմեղ զինվորների դատապարտումները: «Ժողովուրդ»-ի հարցին, թե զինվորական նման չբացահայտված գործերով ԵԴ-ն քանի վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի, Հ. Ալումյանը թիվ չնշեց, բայց ասաց. «Եվրադատարանը չի ասում՝ այս մարդը մեղավոր է, թե չէ: Ասում է՝ այսինչ մարդու դեպքում խախտվել է Կոնվենցիայի այսինչ իրավունքը», ինչպես Միշա Հարությունյանի գործով: ԵԴ-ն նշել է, որ խախտվել է նրա իրավունքը, քանի որ նրա դեմ մեղադրական ցուցմունք տված 2 անձինք դա արել էին բռնության՝ ակցանով եղունգները քաշելու ազդեցության տակ: Հայրենի դատարաններն էլ ստիպված գրել էին, որ բռնությունները կիրառվել են ճշմարտությունը բացահայտելու համար, այդ անձանց մեղադրական ցուցմունքները հանել էին գործից եւ մնացած՝ չեղած ապացույցներով Մ. Հարությունյանին կրկին մեղավոր ճանաչել:
Հիմա գրեթե նույն սցենարն է ուրվագծվում Մատաղիսի  դեպքում: Այդ առումով Հ. Ալումյանը երկու փակագիծ բացեց. «Մեր դատախազությունը, դատարանները գիտեն, որ եթե անձը արդարացվի, հատկապես Մատաղիսի, Հարությունյանի պես գործերով, ուրեմն Հայաստանը լուրջ ֆինանսական պրոբլեմներ է ունենալու. երկար տարիների ազատազրկման համար պետք է փոխհատուցեն: Ուրեմն գնում են այնտեղ, որտեղ Հայաստանի հարցերը լուծվում են, ու սկսում են պրոբլեմը ներկայացնել այսպես՝ մենք ահագին ֆինանսական պրոբլեմներ կունենանք, եթե այս երեք անձինք ազատվեն: Եւ Հայաստանի այդ տեսակ փաստարկը շատ լավ անցնում է… Նույնիսկ քողարկված բանակցություններ են եղել (մեղադրյալի հետ), որ եթե մեղադրանքից հրաժարվենք, կարո՞ղ է դուք էլ հրաժարվեք գումարային պահանջներից…Հասկանո՞ւմ եք՝ սա գործոն է դարձել Հայաստանում 3 մարդու ցմահ տալու-չտալու հարցում»:
Այսինքն՝ ՄԻԵԴ-ը մեկ անգամ ասում է՝ խախտում եղել է, Հայաստանը տուգանքը վճարում է, բայց տվյալ մեղադրյալին մեկ անգամ էլ է մեղավոր ճանաչում. ստացվում է, որ ձեւականորեն են Կոնվենցիայի  երաշխիքները պահպանում:  «Մենք չունենք Եվրադատարանի կողմից կայացված մի վճիռ, որը հանգեցրած լինի գործի վերանայման, եւ այլ դատական ակտ կայացվի: Գործերը մնացել են նույն ձեւով եւ Հայաստանը միայն տուգանք է վճարել»,-ասաց փաստաբանը:
Մեր հարցին, թե արդյոք ճիշտ չէր լինի, որ փաստաբանները բողոքի մի նոտա հղեին ՄԻԵԴ՝ նշելով, որ ձեր վճիռները չեն հանգեցնում Հայաստանում արդարադատության կայացմանը, Հ. Ալումյանը պատասխանեց. «Երեւի այդ գաղափարն էլ մի օր պետք է իրագործենք»:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս