Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 25-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել) մասնակցել է Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական Աջակցություն» վարժական, աջակցության և խորհրդատվական առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների ձևաչափով  հանդիպմանը: ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների նախարարները քննարկել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության առաջընթացը, քաղաքական և անվտանգության  իրավիճակը, որոշում են կայացրել մինչև 2016թ. մայիսի 1-ը առաքելության երկրորդ փուլին անցնելու վերաբերյալ, որի համաձայն նախատեսվում է ՆԱՏՕ-ի ներկայությունը սահմանափակել միայն մայրաքաղաք Քաբուլի շրջանակներում: Նախարար Օհանյանը վերահաստատել է մինչև առաքելության ավարտը 131 հոգանոց զորախմբի սահմաններում Աֆղանստանում ռազմակայանների անվտանգության ապահովում իրականացնող հայկական զորախմբի մասնակցության  վերաբերյալ Հայաստանի հանձնառությունը:

Այցի ծրագրի շրջանակներում պաշտպանության նախարարը մասնակցել է նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հյուսիսային հրամանատարության շրջանակային երկրի՝ Գերմանիայի նախաձեռնած նախարարների խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են առաքելության ռազմավարական և մարտավարական հարցեր:

Նույն օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Վրաստանի նորանշանակ պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշվիլիի հետ: Նախարարները քննարկել են պաշտպանական համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:




Լրահոս